Փոխհատուցում պետք է տրամադրել նաև առնվազն ապրիլյան պատերազմի զոհերին և վիրավորներին. «Առաքելություն»
«Առաքելություն» կուսակցությունը, կարևորելով բանակում առկա խնդիրների, մասնավորապես զոհված և վիրավոր զինծառայողներին ֆինանսական փոխհատուցում տրամադրելու հարցի լուծման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ, փաստում է, որ կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը կազմված է հրատապ` առանց խնդիրների և խնդիրների լուծման մեխանիզմների իրական բացահայտման:
«Առաքելություն» կուսակցությունը գտնում է, որ նախ անհրաժեշտ է բացահայտել, հաշվառել զոհված, վիրավոր զինծայաղների խնդիրները, որից հետո զբաղվել գումարների հավաքագրմամբ` բյուջետային միջոցների անբավարարության դեպքում, չբացառելով նոր հարկային բեռի ավելացումը: Ընդ որում, օրենքը պետք է վերաբերվի բոլոր զոհվածներին և վիրավորներին` առանց ժամկետային սահմանափակման:
Սակայն, հաշվի առնելով, որ կառավարությունը օրինագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել հրատապ ռեժիմով, և փաստացի որևէ առարկայական քննարկում տեղի չի ունենում նաև խորհրդարանում, հարցի մասնակի լուծման համար, «Առաքելություն» կուսակցությունը առաջարկում է օրենքն ընդունել 4-րդ հոդվածի փոփոխությամբ, համաձայն որի հատուցման գումարները կվճարվեն հատուցման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել 2016 թվականի հունվարի 1-ից հետո, նախատեսված 2017 թվականի հունվարի 28-ի փոխարեն:
Նշվածը հնարավորություն կտա որոշ չափով մեծացնել վստահությունը ներդրվող համակարգի վրա` հաշվի առնելով, որ միանգամից փոխհատուցում կստանան Ապրիլյան պատերազմի 100-ից ավել մասնակիցներ:
Ժամկետի փոփոխությունը չի առաջացնի ծախսերի զգալի աճ, քանի որ 2016թ. ընթացքում զոհվածներին և վիրավորներին փոխհատուցում տալու համար անհրաժեշտ կլինի միանվագ մոտ 1,5 մլրդ դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում հիմնադրամի նվազագույն մուտքերը կկազմեն մոտ 5 մլրդ դրամ:
Կուսակցությունը պատրաստ է ներկայացնել համակարգի բարելավմանն ուղղված քայլերի ամբողջական և մանրամասն առաջարկ:
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
14.11.2016թ.