Թոշակառու տաքսիստի հույսը Կարեն Կարապետյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տաքսիստ Կառլեն Կուրղինյանը 2014թ. հուլիսին գնել է ավտոմեքենա եւ իմացել է, որ համաձայն կարգի՝ կայանելու համար պետք է վճարի 12 հազար դրամ եւ կանգնի իր ցանկացած վայրում։ Այդ իսկ պատճառով էլ նա «Անելիք» բանկի Դավթաշենի մասնաճյուղում կատարել է վճարումներ եւ այնտեղի աշխատակցին հարցրել է՝ վճարումը օրացուցայի՞ն է, թե՞ ավարտվում է դեկտեմբերին։ Վճարելուց հետո տաքսիստը մտածել է, որ մինչեւ գալիք տարվա սեպտեմբեր որեւէ խնդիր չի ունենա։

Սակայն 2015թ. փետրվար-մարտ ամիսներին ստացել է չորս ակտ, որ «կարմիր գծերում» կանգնել է՝ առանց վճարելու։ Հետո, իր պատմելով, նշանակել են նիստի օրերը, ինքը գնացել եւ մասնակցել է այդ նիստերին, ցույց է տվել վճարման անդորրագրերը, սակայն տաքսիստին ասել են, որ վճարումը օրացուցային չէ, ավարտվում է դեկտեմբերի 31-ին։ «Ես ասացի, որ եթե չորս ամսվա համար վճարել եմ 12 հազար դրամ, եւ Դուք դա տեսնում եք, ուրեմն դա թյուրիմացություն է, մարդը տեղեկացված չէ։

Ուրեմն կարելի էր այդ մասին հաղորդագրություն ուղարկել, որպեսզի իմանայի, թե երբ է ավարտվում, եւ գումարը պետք է ավելացնել։ Ստացվում է, որ ինձ նպատակային տեղյակ չեն պահում, արձանագրություն են կազմում անիմաստ։ Ինձ ասացին, որ հաղորդագրություն չեն ուղարկում, հետո ասացին, որ դիմում գրեմ Երեւանի քաղաքապետի անունով, հետ ստանամ 4000 դրամը, կավելացնեմ գումարը, 2015թ. կկատարեմ իմ վճարումը եւ խնդիր չեմ ունենա»,- պատմում է խմբագրություն այցելած տաքսիստը։

Նա էլ քաղաքապետի անունով դիմում է գրում, գումարը 15-20 օր հետո վերադարձնում են, ավելացնում 8000 դրամ, մուծումները կատարում։ Անցնում է ութ ամիս, եւ Կառլեն Կուրղինյանը մտածում է, որ ինքը որեւէ խնդիր չունի։ Սակայն, երբ նա գնում է բանկից թոշակ ստանալու, տեսնում է, որ արգելանք է դրված, փորձում է իմանալ պատճառն, ասում են, որ ինքը ԴԱՀԿ-ի հետ ունի խնդիրներ։ ԴԱՀԿ-ից էլ պատճառաբանում են, որ «կարմիր գծեր»-ի հետ կապված կան խնդիրներ, այդ պատճառով է արգելանք դրված։ Կրկին նա դիմում է գրում Երեւանի քաղաքապետի անունով։ Այնուհետեւ, տաքսիստի ասելով, ինքը տեւական ժամանակ պայքարում է, որպեսզի մուտք գործի քաղաքապետարանի իրավաբանական բաժին, ստացվում է, այնտեղ նորից են պահանջում, որ քաղաքապետի անունով դիմում գրի…

Թոշակառու Կառլեն Կուրղինյանը հույս ունի, որ այս հրապարակումն անպայման կկարդան արդարադատության նախարարը եւ վարչապետը, որի հետ ինքը որոշակի հույսեր է կապում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս