«Ինչո՞ւ Դոնալդ Թրամփը հաղթեց Հիլարի Քլինթոնին». Պարզաբանում է Արման Նավասարդյանը
«Շատ հետաքրքիր ընտրություններ եղան՝ այն առումով, որ նշանակություն ունեցան և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական գործոնները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը նախնական արդյունքներով դարձել է Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը: Դ. Թրամփն ապահովել է 276 ընտրիչների ձայները՝ պահանջվող 270-ի փոխարեն, Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար և սենատոր, նախկին Առաջին տիկին Հիլարի Քլինթոնը կստանա 218 ընտրիչների ձայները:
Ա. Նավասարդյանը նկատեց, որ Հ. Քլինթոնն արդեն զանգել և շնորհավորել է Դ. Թրամփին հաղթանակի կապակցությամբ՝ այն դեպքում, երբ մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ, եթե ինքը պարտվի, ոչ միայն չի շնորհավորի Հ. Քլինթոնին, այլև կդիմի դատարան, և այնպիսի գաղտնիքներ կարող են ի հայտ գալ, որ մասնագետները կանխատեսում էին երկրորդ Ուոթերգեյթ:
«Բայց բոլորովին հակառակը եղավ, հետաքրքիր է, որ մինչև երեկ ամենափորձված քաղաքական մասնագետներն ասում էին այն մասին, որ Քլինթոնը հավանաբար պետք է հաղթի, բայց տեղի ունեցավ հակառակը: Սա խոսում է այն մասին, որ չի կարելի կանխատեսումներ անել քաղաքականության և դիվանագիտության մեջ: Երկու գիշերում Թրամփը դարձավ նախագահ, ժամանակ է պետք վերլուծելու համար՝ ինչ կատարվեց։ Կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր ընտրություններ եղան՝ այն առումով, որ նշանակություն ունեցան և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքական գործոնները: Սխալվեցին մասնագետները նույնիսկ կանխագուշակումների մեջ, թե ինչպես է էլեկտորատն իրեն պահելու»,- նշեց Ա. Նավասարդյանը:
Նա նկատեց, որ Թրամփն անընդհատ հայտարարում էր, որ Վ. Պուտինի հետ պետք է համագործակցության գնա, պետք է փոխեր արտաքին քաղաքականության վեկտորները. «Դա պետք է, որ իր դեմ գործեր, բայց գործեց լրիվ հակառակը: Նախ կարծում եմ՝ Քլինթոնը ճակատագրական սայթաքում ունեցավ, երբ «Ֆոքսնյուզին» տվեց հետևյալ հայտարարությունը, որ, եթե ես դառնամ նախագահ, աշխարհի երեսից կսրբեմ Ռուսաստանը և նրա արբայնակներին, այսինքն՝ Հայաստանն էլ էր սրբում աշխարհի երեսից։ Դա տևեց երկու ժամ, հետո հանեցին այդ ինֆորմացիան, բայց մարդկանց հիշողության մեջ դա մնաց: Եվ շատ կարևոր դեր խաղացին այստեղ հատուկ ծառայությունները, նրանք հրապարակեցին նամակներ, փաստեր, որ շատ վատ հետևանք ունեցավ Քլինթոնի համար։ Սրանք բաներ են, որ ոչ մի տեղ չեն ներվում, այս վրիպումների վրա շատ լավ խաղաց Թրամփի թիմը: Կարծում եմ՝ որքան էլ ԱՄՆ-ում այսօր հակառուսական տրամադրություններ կան, շարքային քաղաքացին չի ուզում երրորդ համաշխարհային պատերազմ»։