Ադրբեջանը մտադիր է գնել պակիստանյան հրթիռներ և իսրայելական ՀՕՊ համակարգեր. «Նեզավիսիմայա գազետա»
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն աշխատում է մինչև 500 կմ հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների ձեռքբերման ուղղությամբ, գրում է «Նեզավիսմայա գազետա»-ն։
Այդ ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում Պակիստանի հետ։ Ադրբեջանի հրթիռային և հրետանային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Զահիդ Հուսեյնովը հայտարարել է, որ «Ադրբեջանը հուսալի պաշտպանության համար պետք է ձեռք բերի 200, 300 և 500 կմ հեռահարության օպերատիվ-տակտիկական հրթիռներ»։
Բաքվի և Իսլամաբադի միջև ռազմական համագործակցությունը վաղուց է դրվել, սակայն դրան նոր խթան է հաղորդել անցած տարվա մարտին Բաքու՝ Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի, իսկ անցած ամիս նաև երկրի վարչապետ Մուհամմեդ Նավազ Շարիֆի այցերը։
Այս մասին Պակիստանի վարչապետի հետ բանակցությունների արդյունքում ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վերջինս հայտարարել էր, թե Պակիստանի վարչապետի հետ բանակցությունների գլխավոր թեման եղել է ռազմական համագործակցության հարցը։
«Մենք նույնպես ցանկանում ենք Պակիստանից ձեռք բերել ամենաժամանակակից սպառազինություն, և այդ հարցով մենք ունենք լիարժեք փոխըմբռնում»,- հայտարարել էր Ալիևը։
Օրերս կայացել է նաև ադրբեջանա-պակիստանյան աշխատանքային խմբի 7-րդ հանդիպումը, գրում է թերթը։
Հաղորդվում է, որ նոր տեխնոլոգիաների ձեռքբերումը ու սպառազինությունների համատեղ արտադրության հարցերը քննարկվելու են այս ամսվա վերջին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի՝ Իսլամաբադ կատարելիք այցի ընթացքում։
Պակիստանը միակը չէ, որի հետ Բաքուն ակտիվ բանակցություններ է վարում սպառազինությունների գնման, Ադրբեջանում մինչև 500 կմ շառավղով բալիստիկ հրթիռների արտադրություն սկսելու շուրջ։
Նմանատիպ բանակցություններ են ընթանում գրեթե բոլոր երկրների հետ, որոնք ունեն ռազմական բնութագրիչներով բալիստիկ հրթիռների արտադրության փորձ։
Այդ համատեքստում հաջող համագործակցություն կա ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի և Իսրայելի հետ։
Վերջերս ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին այն մասին, թե Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք նախատեսված են չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար։