ՀՀԿ ԳՄ նիստում հաստատվել է կուսակցության առաջիկա համագումարի օրակարգը

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է կուսակցության՝ նոյեմբերի 26-­ին կայանալիք համագումարի օրակարգը: Կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Օրակարգը հետետեւյալն է՝ ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-­ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ-­ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-­րդ համագումարի բանաձևի ընդունում»,­- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ ըստ ՀՀԿ­-ի կանոնադրության՝ համագումարի օրն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվո՞ւմ, թե՞ ոչ, և ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի կա՞ն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ:

ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին: Անդրադառնալով կուսակցության կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ կանխորոշվում են փոփոխությունները, սակայն դրա մասին խոսելը վաղ համարեց: «Մինչև նոյեմբերի 26-­ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը»,­- ասաց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ-­ի համագումարին մասնակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ չպետք է ինտրիգներ փնտրել: «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ­-ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս»:

Տեսանյութեր

Լրահոս