Բաժիններ՝

«Ինձ համար հերոս են այն տղաները, ովքեր մահացան պատերազմի տարիներին». Հարություն Բադալյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում մենք բոլորս ականատես եղանք հերոսական պատմությունների: 168.am-ը սկսում է «Կյանքը՝ պատերազմից հետո» շարքը, որտեղ կներկայացնի քառօրյա պատերազմի ընթացքում հայրենիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանած տղաների պատմությունները: Շարքի առաջին հերոսը «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, ականանետի նշանառու Հարություն Բադալյանն է:

Հարությունը պատմում է, որ մինչև բանակ գնալը սովորել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում՝ Տրանսպորտային փոխադրումներ և կառավարում բաժնում: Սովորելուն զուգահեռ աշխատել է: Ինչպես ինքն է պատմում, մինչև ծառայությունը ներքին ձայնը միշտ հուշել է, որ հենց Ղարաբաղում է ծառայելու.

«Ցանկությունս մեծ էր՝ հատկապես Ղարաբաղում ծառայել, լինել դիրքերում, սահման պահել: Եվ, ինչպես վիճակահանությունից հետո պարզվեց, ծառայության պետք է անցնեի Մատաղիսում: 6 ամիս ուսումնական գումարտակում ծառայելուց հետո տեղափոխվել եմ Թալիշ՝ ընկնելով հենց այն վաշտը, որը պետք է պահեր Թալիշի ամենավտանգավոր դիրքը: Այստեղ գնացել եմ իմ ցանկությամբ, այսինքն՝ ինքս եմ խնդրել հրամանատարին ուղարկել ինձ այնտեղ: Ծառայությանս 19 ամիսները հենց այնտեղ եմ անցկացրել»,- պատմում է Հարությունը և ավելացնում, որ մինչև ապրիլյան պատերազմն ինքը հակառակորդին շատ վնասներ է տվել.

«Ապրիլի 1-ին՝ դեռ պատերազմը չսկսված, ընկերս զոհվում է թշնամու կրակից: Այդ ժամանակ դիմացի դիրքը ոչնչացնելու հրաման եմ ստանում, և մոտ 32 արկ կրակելուց հետո թշնամին տալիս է 2 զոհ և 7-ից ավելի վիրավոր»,- հիշում է նա:

Կարդացեք նաև

zinvor-1

Ապրիլի 2-ի գիշերը՝ թշնամու դիվերսիոն խմբի հարձակման պահին, Հարությունը եղել է դիտակետում, որտեղ ոտքի շրջանում ստացել է բեկորային վնասվածք: Վիրավորում ստացած զինվորը հաղթահարելով վերքի ցավը՝ ոտքի է կանգնել և 2 մետր հեռավորությունից ոչնչացրել թշնամու 2 զինյալներին, ովքեր փորձել են մոտենալ կացարանին, իսկ այնտեղ Հարությունի ծառայակից ընկերներն էին:

Պատերազմի առաջին իսկ րոպեներին վիրավորում ստացած և թշնամու զինյալներին ետ մղած զինվորին շուտով տեղափոխում են հոսպիտալ: Հարությունը պատմում է, որ հոսպիտալում անցկացրած օրերին միշտ ցանկացել է ետ գնալ դիրքեր. չէր կարող թողնել ընկերներին ու դիրքը: Ասում է՝ հասկանում էր, որ իր ներկայությունը դիրքերում պարտադիր է:

Հարությունը հիացնող համեստությամբ է պատմում իր կատարածի մասին, ասում է՝ իրեն հերոս չի համարում:

zinvor-2

«Ես հերոսություն չեմ արել: Ես պարտքս եմ կատարել: Ինձ հանձնարարված էր դիրքը պահել, ես այն կատարել եմ՝ հավատարիմ մնալով դիրքեր բարձրանալուց առաջ տված երդմանս: Ինձ համար հերոս են այն տղաները, ովքեր մահացան պատերազմի տարիներին»,- ասում է Հարությունը և իրեն հատուկ համեստությամբ ավելացնում, որ պատերազմին մասնակցած բոլոր տղաներն էլ, իրենից բացի, հերոսներ են:

Հարությունն ասում է, որ պատերազմը և ծառայությունն ինչ-որ բաներ փոխել են իր կյանքում: Ծառայության տարիներն ավելի շատ հասունացրել ու կոփել են իրեն, բայց իր տեսակը չեն փոխել. ինքը նույն Հարութն է մնացել, պարզապես փոխվել է մարդկանց վերաբերմունքն իր նկատմամբ:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Հարությունը վերադարձել է իր քաղաքացիական կյանքին: Ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և անցել ապագայի հետ կապված պլանների իրագործմանը: Հերոս տղայի պլաններն առաջին հերթին՝ կապված են որակյալ կրթություն ստանալու և լավ աշխատանք գտնելու հետ: Հարությունն իրեն այլ երկրում չի պատկերացնում, ասում է՝ օտար երկրում կարող է միայն հանգստանալ:

Իր նախասիրությունների մասին խոսելիս՝ Հարությունը պատմում է, որ սիրում է ճանապարհորդել, ծանոթանալ տարբեր երկրների մշակույթին: Հետաքրքրված է հայոց պատմությամբ, որի էջերից մեզ ծանոթ հերոսական կերպարներից առանձնացնում է հատկապես Տիգրան Մեծին:

Մեր հերոսի մասին առանձնակի հպարտությամբ է պատմում նրա քույրը՝ Հասմիկ Բադալյանը: Հասմիկը դժվարանում է, ճիշտ բառեր գտնել Հարությունին որպես եղբայր բնութագրելու համար, ասում է՝ այստեղ բառերն անզոր են դառնում, բայց խոստովանում է, որ հերոսի քույր լինելը մեծ հպարտություն է:

ԳՈՀԱՐ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս