«Եթե Սերժ Սարգսյանը կարողանա բավականին ուժեղ լինել, կպահի իշխանությունը, եթե ոչ՝ կհանձնի». Աղասի Ենոքյան

Հայաստանի կառավարությունում իրականացվող փոփոխությունների արդյունքում իշխանության տարբեր օղակներից հեռացվեցին մարդիկ, որոնք համարվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության հենասյուները, մասնավորապես՝ Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը և այլք։ Արդյոք այս փոփոխությունները հիմնավոր և արմատակա՞ն են, թե՞ այս անձինք կրկին կվերադառնան գործադիր մարմին այնպես, ինչպես, օրինակ, Սուրիկ Խաչատրյանն էր ժամանակին հեռացվել մարզպետի պաշտոնից, հետո կրկին վերանշանակվել։

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կա 2 տարբերակ.

«Մի տարբերակն այն է, որ սրանք, այնուամենայնիվ, կեղծ փոփոխություններ են։ Ուղղակի այս մարդկանց, որոնք համարվում էին ՀՀԿ-ի ողնաշարը, օգնել են մինչև ընտրությունները մի քայլ հետ կանգնել հանրային քաղաքականության տեսանկյունից, այսինքն՝ ընտրությունների ժամանակ նրանք իրենց գործը կանեն, հետո նորից նրանց կվերականգնեն։ Մյուսը՝ Կարեն Կարապետյանն այս փոփոխություններով փորձում է իշխանությունը վերցնել Սերժ Սարգսյանից և հիմքեր է նախապատրաստում դրա համար»։

Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ նոյեմբերի 26-ին ՀՀԿ համագումարում Կարեն Կարապետյանը կհամալրի ՀՀԿ շարքերը և կգլխավորի ՀՀԿ խորհուրդը, Ա.Ենոքյանը պատասխանեց. «Դա ուղիներից, մեթոդներից մեկն է»։

Նա չհամաձայնեց, որ ՀՀԿ խորհրդի ղեկավարի ղեկը Կարեն Կարապետյանին հանձնելը կնշանակի՝ Սերժ Սարգսյանի խաղից դուրս գալ։ Ըստ վերլուծաբանի՝ կարևոր չի, թե անունն ինչ է լինելու՝ խորհրդի նախագահ կամ մեկ այլ բան, կարևոր է, թե դրանից հետո ինչպիսի քաղաքականություն կվարվի, ինչ իրական կշիռ կունենա Կարապետյանը, քանի որ շատ դեպքերում ամեն ինչ ֆորմալ է լինում։

«Եթե Սերժ Սարգսյանը կարողանա բավականին ուժեղ լինել, կպահի իշխանությունը, եթե ոչ՝ կհանձնի, և Ռոբերտ Քոչարյանի նման թոշակի կանցնի»,- ասաց Ա.Ենոքյանը։

Տեսանյութեր

Լրահոս