Բաժիններ՝

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրն ապացուցել է, որ ծոմ պահելն օգտակար է

Բժշկության և կենսաբանության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Յոսինորի Օսումիի բացահայտումը հնարավորություն տվեց նոր հայացք նետել «աուտոֆագիայի» վրա՝ որպես տարբեր ֆիզիոլոգիական պրոցեսների մաս։ Thejizn.com կայքը գրում է, որ աուտոֆագիան բջջի օգտահանման և անպետք մասերի վերամշակման գործընթաց է։ Պրոցեսն անվանում է բառով, որը կազմված է հունարեն երկու բառերից. դրանք թարգմանվում են՝ որպես «ինքնաուտում»։

Այն, որ այս ֆենոմենը գոյություն ունի, գիտնականները հայտնաբերել են դեռ նախորդ դարի 60-ական թթ.։ 90-ական թթ. այն ուսումնասիրում էր նաև Օսումին։ Այս պրոցեսը հատուկ է կենդանի օրգանիզմներին, այդ թվում՝ մարդկանց։ Դրա շնորհիվ բջիջներն ազատվում են անպետք մասերի, իսկ օրգանիզմը՝ անպետք բջիջներից։

Բնությունը բջիջներին զարմանալի և օգտակար կարողությամբ է օժտել՝ վերամշակել այն, ինչ ավելորդ է կամ վնասակար։ Դա գործում է գրեթե այնպես, ինչպես մենք, միայն թե՝ ավտոմատ։ «Աղբը» հավաքվում է հատուկ պարկերի մեջ, տեղավորվում հատուկ կոնտեյների մեջ, որտեղ վնասակար յուրաքանչյուր բան քանդվում և վերամշակվում է։ Վերամշակման արդյունքում ստացվածն օգտագործվում է բջջի սնուցման համար անհրաժեշտ «վառելիքի» արտադրման համար։ Նրանցից էլ պատրաստվում են նոր բլոկները, որոնք օգտագործվում են բջիջների թարմացման համար։ Այս պրոցեսի արդյունքում բջիջները մաքրվում են վարակներից և տոքսիններից։

Այս պրոցեսը սկսում է ավելի արագ աշխատել, երբ օրգանիզմը սթրես է ապրում, օրինակ՝ երբ սովի մեջ է լինում։ Այս դեպքում բջիջն էներգիա է ստեղծում իր ներքին ռեսուրսների հաշվին՝ հավաքված անպետք աղբից, այդ թվում՝ հիվանդություններ առաջացնող բակտերիաներից։ Նոբելյան մրցանակակրի բացահայտումը վկայում է՝ քաղցած մնալը, իսկ երբեմն՝ ծոմ պահելը, ամեն դեպքում, օգտակար է. օրգանիզմն իսկապես մաքրվում է։ Օսումիի կոլեգաները պնդում են, որ այս պրոցեսն օրգանիզմը պաշտպանում է վաղաժամ ծերացումից, հնարավոր է՝ նույնիսկ երիտասարդանում է այն բանի հաշվին, որ նոր բջիջներ է ստեղծում, օրգանիզմից հանում է վնասված էլեմենտները։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս