Պետք չէ առիթ տալ մտածելու, թե ուրիշ տեղ ԵԱՏՄ–ից լավ է․ Լուկաշենկոն առաջարկ է արել
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին պետք չէ առիթ տալ մտածելու, որ իրենց համար ուրիշ տեղ ավելի լավ կլինի, քան միությունում։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները սկսել են արհեստական բանականության (ԱԲ) օգտագործման ընդհանուր մոտեցումներ մշակել, ինչը շատ լավ է, բայց մինչ օրս լուծված չեն օրվա հարցերը` կարգավորված չէ ընդհանուր ֆինանսական շուկան, գործում են առևտրային արգելքներ, այդ թվում` պետգնումների մասով։
«Չեմ հանդիմանում, բայց համառորեն կոչ եմ անում. քանի որ 12 տարի առաջ համաձայնել ենք գնալ խորը տնտեսական ինտեգրման ճանապարհով, բոլոր նպատակները պետք է ժամանակին և ամբողջ ծավալով կյանքի կոչել»,– հայտարարել է Բելառուսի նախագահը:
Բելառուսի նախագահն առաջարկել է ստեղծել բարձր որակավորում ունեցող մասնագետների լրացուցիչ մարմին, որոնք կօգտագործեն հանձնաժողովի գիտելիքները նոր գաղափարների իրականացումն արագացնելու համար։ Նա համոզված է, որ միությունում ստուգումներն անհրաժեշտություն են, ու պետք է հրաժարվել նրանից, ինչը խանգարում է աշխատանքին։ Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ ինչ–որ մեկն ավելի շատ պետք է զիջի իր շահերը, ինչ–որ մեկը` ավելի քիչ, բայց միությունը պետք է գրավիչ լինի։
«ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները պետք է հասկանան, թե այնտեղից ինչ են ստանում, որպեսզի չմտածեն, թե ինչ–որ տեղ ավելի լավ կլինի, քան մեզ մոտ»,– ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել անցած 5 տարվա ընթացքում ԵԱՏՄ–ում տնտեսության ոլորտի արդյունքները։
Նրա խոսքով` միության անդամ պետությունների ՀՆԱ-ն աճել է 16,6 տոկոսով, ծառայությունների ոլորտի արտահանումն աճել է 2,6 անգամ: Ապրանքների փոխադարձ առևտուրն աճել է մինչև ռեկորդային՝ 95 մլրդ դոլար (1,7 անգամ ավելի), ընդ որում` միության արտաքին առևտրաշրջանառության մեջ նրա մասնաբաժինը 15 տոկոսից հասել է 20 տոկոսի:
Նա կոչ է արել չդանդաղեցնել ինտեգրումը՝ ընդգծելով, որ միջազգային լարվածությանն ու ճգնաժամերին զուգահեռ միության հիմնական նպատակները պետք է անփոփոխ մնան։



