Արշակունիների դամբարանում հայտնաբերվել են արքաների աճյուններն ամփոփող քարե սունդուկներ
Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց Կարմիր բլուրում (Թեյշեբաինի դամբարանադաշտում) ավարտված պեղումների ու դրանց արդյունքների՝ բացառիկ հայտնագործությունների մասին, ինչպես նաև անդրադարձավ Աղձքի՝ Արշակունիների դամբարանում հայտնաբերված արքաների աճյուններն ամփոփող քարե սունդուկների թեմային:
Աղձքին հայոց կարևորագույն սրբավայրերից մեկն է, որովհետև հայոց արքաների աճյունների մի մասը, որոնք փրկվել ու հետ են վերադարձվել Շապուհ 2-րդ արքայի կազմակերպած արշավանքից, գտնվում են հենց այստեղ: Այս մասին պատմական ակնարկ կատարելով՝ տեղեկացնում է Հակոբ Սիմոնյանը, ավելացնելով, որ Աղձքավանքում հատուկ այս նպատակով կառուցվում է մի դամբարան, որի խորշերի մեջ տեղադրվում են հայոց արքաների փրկված ոսկորները:
Բանախոսը ցավով նշում է, որ նույնիսկ դեռևս 19-րդ դարում այդ խորշերում ոսկորներ այլևս չեն մնացել, և թվում էր, թե հայոց արքաների աճյունները մենք անդարձ կորցրել ենք ժամանակի թոհուբոհի մեջ:
«2015 թվականից արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ սկսվեցին Աղձքի պեղումները, որի արդյունքում մենք կարողացանք ձեռք բերել բացառիկ նշանակության գտածոներ: Եկեղեցու խորանի առջևում՝ սալահատակի տակ, բացվեցին երեք քարե մասունքատուփեր: Սկզբում մենք կարծեցինք, որ սա գուցե հելլենիստական երևույթ է, որովհետև մասունքատուփերը, որ մենք գտանք, հստակորեն թվագրվում էին ավելի վաղ ժամանակներին, սակայն դրանցից մեկի վրա պահպանվել էր խաչի պատկեր: Պարզվում է՝ սրանք կնքված քարե սունդուկներ էին, որնցից երկուսը մենք բացեցինք: Պարզվեց, որ երկու սունդուկների մեջ էլ մարդկային մասունքներ էին»,- պատմեց նա:
Այս սունդուկները, որոնք, ըստ բանախոսի, կերտված էին խիստ հիանալի և համաչափ զարդանախշերով, պետք է որ նախատեսված լինեին խիստ բարձրաստիճան մարդկանց համար և այն էլ՝ եկեղեցու մեջ. «Խիստ հավանական է մտածել, որ դրանք հենց հայոց արքաների մի մասի ոսկորներն են, որոնք զետեղված էին այդ սունդուկների մեջ՝ զմռսված սալահատակներով»:
Բանախոս Հակոբ Սիմոնյանը կարևորում է մի հանգամանք.
«Մինչ այսօր ակադեմիական շրջանակներում ընդունված է, որ մեր պատկերացումներով՝ սկզբում կառուցել են դամբարանը, այնուհետև՝ միայն եկեղեցին: Այստեղ իրավիճակն ամբողջովին փոխված է՝ եթե եկեղեցու սալահատակի տակ արքայական աճյունների մնացորդներ կան, ապա պարզ է, որ սկզբում պետք է լիներ եկեղեցին, և միայն հետո՝ կառուցվեր դամբարանը: Սա խիստ տրամաբանական է, հատկապես այն դեպքում, երբ արքաներին՝ հզոր թագավորության պայմաններում, երբևիցե չէին բերի ինչ-որ պատահական մի տեղ և հենց այնպես թաղեին: Սա գալիս է վկայելու հետևյալ ճշմարտությունը՝ Աղձքը վաղ միջնադարյան հայկական միակ թվագրված եկեղեցին է, որ կառուցվել է Շապուհ արքայի արշավանքից առաջ, և վստահաբար՝ ավելի շուտ, քան դամբարանը կարող էր կառուցվել: Հետևաբար՝ նորից եմ կրկնում՝ խիստ հավանական է, որ այնտեղ հայտնաբերված մարդկային մասունքները կարող են պատկանել հայոց հնագույն արքաներին»: