Զորամասի պարենային ծառայության պահեստի պետն ու պարենային ծառայության պետը դատապարտվել են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պետն ու զորամասի պարենային ծառայության պահեստի պետը մեղավոր են ճանաչվել և դատապարտվել։

ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պահեստի պետ Ն. Փարսադանյանի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք` 300.000 դրամի չափով։ ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պետ Կ. Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակվել զինվորական ծառայության մեջ սահմանափակում` 1 տարի ժամկետով` դրամական բավարարման գումարից 5 տոկոս պահումով:

Ն. Փարսադանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պահեստի պետ, նույն զորամասի պահեստից կատարել է իրեն վստահված, այդ զորամասի հաշվեկշռում գտնվող սննդամթերքի զգալի չափերով յուրացման փորձ, այն է` զորամասի պարենային պահեստից յուրացնելու նպատակով վերցրել է երկու արկղ խոզի միս և ստվարաթղթե երկու արկղերի մեջ իր կողմից լցված տարբեր տեսակի սննդամթերք` ընդհանուր 127.100 դրամ արժողությամբ, ամբողջը թաքցրել է զորամասին պատկանող ավտոմեքենայի թափքում` դատարկ պարկերի տակ, որոնք էլ հայտնաբերվել են բանջարեղենի մթերման բազա երթ կատարելու ընթացքում, ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից մեքենայի ստուգմամբ, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Կ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի պարենային ծառայության պետի պաշտոնը և ժամանակավորապես ստանձնած լինելով տվյալ ծառայության բանջարեղենի պահեստի պետի պարտականությունները, այսինքն` հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է` առանց սահմանված կարգով կշռելու՝ բանջարեղենի պահեստից ճաշարանում օգտագործման համար կատարել է նորմաներից ավելի բանջարեղենի հատկացումներ, որի արդյունքում պետությանը պատճառել է էական` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող` 382.288 դրամի գույքային վնաս։

Կարդացեք նաև

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալները միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում լիովին:

Դատարանն ամբաստանյալների պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել, իսկ պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտարկել կատարած հանցագործությունների համար իրենց լիովին մեղավոր ճանաչելն ու անկեղծորեն զղջալը, Ն. Փարսադանյանինը` պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը, հանցագործությամբ պատճառված գույքային վնասն ամբողջությամբ կամովին հատուցելը և առաջին անգամ հանցանք կատարելը, Կ. Հարությունյանինը` հանցագործությամբ պատճառված գույքային վնասը մասնակի (280.000 ՀՀ դրամ) կամովին հատուցելը:
Դատարանը նշել է, որ Ն. Փարսադանյանը բնութագրվում է դրականորեն, իսկ Կ. Հարությունյանը` բավարար, Ն. Փարսադանյանն ընտանիքի միակ կերակրողն է, նախկինում դատապարտված և արատավորված չի եղել, իսկ Կ. Հարությունյանը պարգևատրվել է «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս