«Ռուսաստանը երբևիցե չի կարող Հայաստանին այնպիսի բաներ պարտադրել, որոնք Հայաստանի դիրքերը կթուլացնեն». Լյուդմիլա Սարգսյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՎՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է՝ շատ բան չի փոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա տեսակետ հայտնեց, որ Մոսկվայում տեղի ունեցած նախագահների հանդիպումը սպասված էր, և այդ հանդիպումը որևէ բեկում չի կարող մտցնել ղարաբաղաադրբեջանական հարցում:

Լ. Սարգսյանի համոզմամբ՝ Պուտին-Սարգսյան հանդիպման ընթացքում որոշակի շեշտադրումներ կային, որոնք հույս են ներշնչում, որ ռուսական կողմը գիտացում է, որ այսօր որևէ պարտադրանք Հայաստանի նկատմամբ՝ տարածքների զիջման վերաբերյալ, չի կարող լինել: Նրա խոսքով՝ Վ. Պուտինի հայտարարությունում հստակ երևում էր, որ հաղթողներ և պարտվողներ պետք է չլինեն:

«Մենք շատ լավ գիտենք, թե Ռուսաստանն ինչ շահեր ունի Ադրբեջանի հետ կապված: Միանշանակ նա փորձում է սիրաշահել Ադրբեջանին և բերել Եվրասիական տնտեսական միություն: Այստեղ պետք չէ դավադրություններ փնտրել, ռուսական կողմին մեղադրանքներ ներկայացնել: Ռուսաստանը գերտերություն է, միշտ ունեցել է իր առաջնային շահերը, որոնք փորձում է Հայաստանի հետ զուգահեռ բանակցությունների ընթացքում սպասարկել: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը երբևիցե չի կարող Հայաստանին այնպիսի բաներ պարտադրել, որոնք Հայաստանի դիրքերը կթուլացնեն, որովհետև թույլ Հայաստան Ռուսաստանին պետք չէ, որովհետև տարածաշրջանում նրա միակ դաշնակիցը Հայաստանն է»,- նշեց Լ. Սարգսյանը:

Լ. Սարգսյանը չի հավատում, որ տարածքները հանձնելու մասին խոսակցություններն այս փուլում կարող են կյանքի կոչվել. «Ես նաև չեմ հավատում, որ Հայաստանում կարող է լինել մի իշխանություն, որը բանակցությունների արդյունքում կարող է միակողմանի զիջումներ անել, կամ, եթե հնարավոր է, պահել այդ յոթ շրջանները, չի փորձի պահել: Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, եթե բանակցում ես, արդյունքում՝ ինչ-որ փոխզիջման տարբերակով պետք է կարողանաս համաձայնության գալ, իսկ եթե դադարեցնում ես համաձայնությունը, ապա միանշանակ պետք է պատրաստվես պատերազմի: Հարց է առաջանում՝ այսօր մենք պատրա՞ստ ենք պատերազմի»:

Կարդացեք նաև

Ըստ բանախոսի՝ եթե Ռուսաստանն անտեսի Հայաստանի շահերը, ապա համանախագահող երեք երկրներից երկուսը հայկական դիրքերը կպաշտպանեն: Լ. Սարգսյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը կոշտության առումով պետք է մոտենա Ադրբեջանի դիրքորոշմանը:

Նա վստահ է՝ ժամանակն է, որ ադրբեջանական կողմը հասկանա, որ մեզ հետ նման կերպ խոսելու ոչ մի բարոյական իրավունք չունի. «Առավել ևս՝ հաղթող կողմին հնարավոր չէ պարտադրել միակողմանի զիջումներ: Եթե պետք է լինեն զիջումներ որպես պատերազմին այլընտրանք, ապա շատ համաչափ զիջումներ պետք է լինեն՝ ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ադրբեջանցիները պատերազմի տարիներին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս