Microsoft-ը հրապարակել է հաջորդ տասնամյակի մասնագիտությունների ցանկը
Մեր օրերում տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում: Այս զարգացման ընթացքում առաջանում են նոր մասնագիտություններ, որոնք դուրս են թողնում շուկայից արդեն հնացած մասնագիտությունները: Microsoft Surface-ը և The Future Laboratory-ն ներկայացրել են հաջորդ տասնամյակում պահանջվող 9 մասնագիտություններ:
Վիրտուալ բնակարանի դիզայներ
Ըստ փորձագետների՝ 10 տարի հետո մենք ավելի շատ ժամանակ կանցկացնենք վիրտուալ տիրույթում: Այս ընթացքում մարդիկ վիրտուալ տիրույթում հարմարավետ ապրելու համար կստեղծեն հարմարավետ պայմաններ:
Ռոբո-էթիկայի փաստաբան
Tesla ավտոմեքենայի վթարից հետո անհրաժեշտություն առաջացավ ռոբոտների և մեքենայացված սարքավորումների համար նախատեսված փաստաբաններ ունենալ:
Թվային մշակույթի թղթակից
Հաջորդ տասնամյակում անհրաժեշտ են լինելու մասնագետներ, ովքեր կկարողանան ներկայացնել թվային և ավանդական մշակույթները: Այս մասնագետները պետք է կարողանան առանձնացնել նշյալ երկու մշակույթները: Այս մասնագիտության զարգացումը հնարավորություն կտա ավելի արագացնել տեխնոլոգիական զարգացումն ամբողջ աշխարհում:
Բիոհաքեր
Բիոհաքերությունը մասնագիտություն կամ մի ամբողջ գիտություն է մարդու մարմինն ամբողջությամբ գադջետներով պատելու մասին: Այս մասնագիտությունը դեռ նոր է և հետագայում շատ պետք է զարգանա: Նախատեսվում է, որ այն կօգտագործվի՝ ավանդական բժշկության հետ մեկտեղ:
Համացանցի համար գաղափարների և ռազմավարությունների մշակող
Սարքավորումները համացանցին միացնելու ավանդական գաղափարներն արդեն հնանում են: Հետագայում լինելու է այնպիսի մասնագետների կարիք, ովքեր ստեղծելու են համացանցն ու սարքավորումները կապելու նոր գաղափարներ և ռազմավարություններ:
Տիեզերական տուրերի կազմակերպիչ
Virgin Galactic-ի և SpaceX-ի զարգացման հետ մեկտեղ՝ անհրաժեշտություն է լինելու կազմակերպելու տիեզերական տուրեր:
Բնական միջավայրի վերականգնման մասնագետներ
Շատ է խոսվում այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը վնասում է բնական միջավայրին: Այս իսկ պատճառով հաջորդ տասնամյակում բնական միջավայրը վերականգնող մասնագետների մեծ պահանջարկ է լինելու:
Անհատականության կրկնուսույց
Սոցիալական ցանցերի շնորհիվ հաջորդ տասնամյակում մենք կարող ենք ֆիքսել մեր մտքերը, հիշողություններն ու երազանքները, որոնք հետագայում կարելի է վերհիշել: Դրա համար անհրաժեշտ է հատուկ սոցիալական կրկնուսույց, ով կօգնի կառավարել նման ինֆորմացիոն հոսքերը:
Մարդու մարմնի դիզայներ
Իմպլանտների զարգացմանը զուգահեռ՝ հետագայում մենք կկարողանանք ընտրել մեր մարմնի ձևը, ավելացնել կամ հեռացնել որոշ հատվածներ: Դրանով կզբաղվի հատուկ մասնագետը:
Սիրարփի Աղաբաբյան