«Ռուս-թուրքական մերձեցումները շատ կարճաժամկետ են, բայց շատ վտանգավոր են հայ ժողովրդի համար». Ստեփան Գրիգորյան

«Թուրքիայում և Ռուսաստանում նմանատիպ ավտորիտար ռեժիմներ են, և քանի որ գտնվում են մեկուսացման մեջ, փորձում են իրար հետ լավացնել հարաբերությունները և դուրս գալ մեկուսացումից»,- 168.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց ռուս-թուրքական հարաբերությունների հանկարծակի ու արագ տեմպերով լավացումը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ նկատելով, որ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքերն աշխարհում ևս շատ նման են:

«Եվ Ռուսաստանն ունի պրոբլեմ Արևմուտքի հետ, և շատ լուրջ պրոբլեմ Արևմուտքի հետ ունի նաև Թուրքիան: Ներքին քաղաքականության մեջ Էրդողանի արածը շատ նման է Պուտինի արարքներին: Պարզ է, որ երկուսն էլ անհրաժեշտություն ունեն այդ մեկուսացումից դուրս գալու: Թուրքիայի վիճակն այնքան վատ է, որ արեց առաջին քայլը: Ռուսաստանի համար դա բավարար էր, քանի որ Ռուսաստանը պատրաստ էր դա լսել: Նշանակություն չունի՝ ներողություն խնդրե՞ց Էրդողանը, թե՞ ոչ, գլխավորը՝ ինչ-որ մեսիջ ուղարկեց, որին Ռուսաստանը պատրաստ էր»,- հավելեց նա:

Թե ինչ ազդեցություն կունենա սա տարածաշրջանի ու մասնավորապես ԼՂՀ-ի և հայ-ռուսական հարաբերությունների վրա, ըստ փորձագետի՝ կախված է նրանից, թե այդ մերձեցումը որ ոլորտներում կլինի. «Եթե դա սահմանափակվի տնտեսական, առևտրի ոլորտներում, տուրիզմի ոլորտում, որտեղ երկուսն էլ ունեին իրենց շահերը, չեմ կարծում, որ դա շատ մեծ վտանգ ներկայացնի Հայաստանի համար, կամ Ղարաբաղի հարցում: Բայց եթե այդ մերձեցումը կամաց-կամաց տարածվի (մենք տեսնում ենք, արագ է գնում այդ մերձեցումը) նաև քաղաքական հարցերի վրա, այո, դա շատ վտանգավոր կլինի: Պատմությունը ցույց է տալիս, որ ռուս-թուրքական մերձեցումները շատ կարճաժամկետ են, բայց շատ վտանգավոր են հայ ժողովրդի համար: Ղարաբաղի չլուծված հարց, Թուրքիայի միակողմանի, պրոադրբեջանական դիրքորոշում, ՌԴ-ի` բավականին բարդ քաղաքականություն Հարավային Կովկասում (Ռուսաստանը սիրաշահում է Ադրբեջանին, ուզում է, որ վերջինս դառնա ԵՏՄ անդամ, այս հարցերով գնում է կամ պատրաստ է գնալ զիջումների). այս ամենը հաշվի առնելով՝ մեզ համար լուրջ սպառնալիք է այս մերձեցումը»:

Անդրադառնալով այս իրավիճակում հայկական կողմի անելիքներին՝ Ս. Գրիգորյանն ընդգծեց, որ Հայաստանն այլ ոլորտներում պետք է իրեն ճիշտ դրսևորի, օրինակ, նրա խոսքով՝ այդպես հեշտ չհամաձայնի՝ ամեն ինչ տալ Ռուսաստանին. «Նրանք ինչ ուզում են՝ մերոնք տալիս են: Օրինակ՝ ՀՕՊ պայմանագրով մեր սուվերենությունը սահմանափակում են, ինչքան էլ որ հիմա երաշխիքներ են տալիս, թե՝ ինքներս հրաման կտանք, բոլորս հասկանում ենք՝ ով է հրամանը տալու: Մենք պետք է մեր քաղաքականության մեջ փոփոխություն կատարենք. այո, պետք է աշխատել Ռուսաստանի հետ ու ակտիվ աշխատել, բայց ինչ ունենք-չունենք՝ չտանք Ռուսաստանին»:

Տեսանյութեր

Լրահոս