«Սուրբ աթոռի և Թուրքիայի հարաբերությունները լավն են». Հռոմի պապի մամուլի խոսնակ
Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ պատասխանելով Հռոմի պապի այցի ու ելույթի վերաբերյալ Թուրքիայից սպասվող դժգոհությունների մասին հարցին, Հռոմի պապի մամուլի խոսնակ մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին նշեց.
«Կարծում եմ, որ Սուրբ Պետրոսի տաճարի արարողությունից հետո որոշ թյուրիմացական բաներ, իհարկե, եղան, բայց ըստ իս՝ իրական հարաբերությունները՝ Սուրբ աթոռի և Թուրքիայի, լավն են: Ես չեմ կարծում, թե պատճառ կա մեծ խնդիրներ այստեղ տեսնելու: Ինչպես երեկ երեկոյան ասացի՝ պատմական հղումներն անցյալի ողբերգություններին արվում են ոչ թե բացելու վերքերն ու կոնֆլիկտները, այլ դրանք արվում են բացառապես օգնելու համար, փոխադարձ ընկալման, երկխոսության, հաշտեցման համար:
Ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես շատ լավ ձևակերպումներ ուներ իր խոսքում այս իմաստով, այսինքն՝ խաղաղութայն և հաշտեցման: Նա նույնպես օգտագործեց ներողամտություն բառը այն իմաստով, որով հենց պապն էր օգտագործել՝ խոսելով հայ ազգի հիշողության մասին: Խոսքը ապագան կառուցելու մասին է, որը հաշտեցման ապագա է, փոխադարձ խաղաղության և ներդաշնակության: Դա է նպատակը: Իսկ եթե թյուր մեկնաբանություն է արվում, արդեն պապից կամ ինձնից կախված չէ»: