Պահանջում են անհապաղ ազատել Շահեն Հարությունյանին ոստիկանական առևանգումից
2016թ հունիսի 25-ին Գյումրի քաղաքում Հռոմի Պապի այցելության օրը, ՀՀ ոստիկանությունը բառացիորեն առևանգել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին։
Շահենը գնացել էր Գյումրի մասնակցելու Հռոմի Պապին դիմավորելու և հնարավորության դեպքում նրան հանձնելու Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների մասին Հայտարարության տեքստը՝ նպատակ ունենալով նրա ուշադրությունը գրավել ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների խնդրին։
Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանները, գերազանցելով իրենց լիազորությունները, խախտելով օրենքի բոլոր նորմերը, բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա և հանել նրան Գյումրի քաղաքից դուրս՝ տեղափոխելով Երևան։
ՀՀ ոստիկանությունը, իրեն դնելով օրենքից դուրս, հանդես է եկել որպես կազմակերպված բանդիտական խմբավորում, որը օրը ցերեկով առևանգում է ՀՀ քաղաքացուն՝ թույլ չտալով նրան իրականացնել իր կարծիքի արտահայտման ազատության իրավունքը։
Հերթական անգամ ՀՀ ոստիկանությունը, խախտելով և սահմանափակելով մարդու իրավունքը, հանդես է գալիս որպես խուլիգանական նպատակներ հետապնդող և անձի նկատմամբ ծանր հանցագործություն կատարող կառույց։
Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ԱԱԾ-ից և ՀՀ ՀՔԾ-ից անհապաղ․
– միջոցներ կիրառել՝ ազատելու Շահեն Հարությունյանին ոստիկանական առևանգումից,
– հարուցել քրեական գործ ՀՀ ոստիկանապետ Վ․Գասպարյանի և այդ հանցագործությունը կատարած այլ պաշտոնատար անձանց նկատմամբ
– և ապահովել Շահեն Հարությունյանի կարծիքի արտահայտման ազատության իրավունքի վերականգնումն ու իրացումը իր նախընտրած եղանակով։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
25 հունիսի 2016թ․