Նախիջևանի ԱԱՆ նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարի ազատազրկման
Նախիջեւանի ինքնավար հանրապետության ծանր հանցագործությունների գծով ռազմական դատարանը ինքնավարության ազգային անվտանգության նախկին նախարար Վելի Ասքերովին դատապարտել է 14 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, դատարանը նրան մեղավոր է ճանաչել յուրացումների, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի գաղտնալսման մեջ:
Վելի Ասքերովի փաստաբան Վուգար Խասաեւը գործակալությանն անհամաձայնություն է հայտնել դատավճռի առնչությամբ:
«Դա անարդարացի, ապօրինի եւ անաստված դատավճիռ է», -ասել է նա` նշելով, որ վճիռը բողոքարկվելու է:
Վելի Ալեսքերովը 15 տարի գլխավոր է Նախիջեւանի ԱԱՆ-ը: Նա 2015 թվականի դեկտեմբերին անսպասելիորեն պաշտոնանկ է արվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովի` նախագահ Իլհամ Ալիեւի կողմից անակնկալ պաշտոնանկությունից անմիջապես հետո: Ասքերովի նկատմամբ անմիջապես քրեական գործ է հարուցվել խոշոր չափերի յուրացումների, չարաշահումների եւ լիազորությունները գերազանցելու մեղադրանքներով: Դատավարությունն անցկացվել է փակ ռեժիմում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ստորագրել է 2015 թվականի հոկտեմբերի 17-ի: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱՆ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի ե ւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:
Մինչ այժմ զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱԱՆ 9 բարձրաստիճան, այդ թվում` 4 գեներալ եւ 100-ից ավելի միջին մակարդակի աշխատակիցներ, ձերբակալվել ԱԱՆ 50-ից ավելի աշխատակիցներ:
«Ազադլըգ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Էլդար Մահմուդովն օրերս սպառնացել է հրապարակել իշխանությունների վերաբերյալ իր մոտ եղած 2800 ինտիմ տեսանյութերով կոմպրոմատները, եթե վերջիններս չչեղարկեն իր խնամի, ներկայում բանտարկված Ադրբեջանի կենտրոնական բանկի նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիեւի կնոջ` Զամիրա Հաջիեւայի ձերբակալության մասին որոշումը:
Թերթը գրում է, որ Էլդար Մահմուդովի ձեռքում իշխանությունների վերաբերյալ 2800 ինտիմ տեսանյութեր լինելու մասին լուրը հրապարակել է ԱԱՆ նախկին աշխատակից Արաստուն Օրուջլուն:
«Պատկերացրեք, որ մեծամասնությունը 50-ից բարձր տարիքի 2800 չինովնիկ եւ այդքան էլ սիրուհի տարիներ շարունակ զբաղվել են երկրի պետբյուջեի թալանով. տուն, ավտոմեքենա, շքեղ կյանք…Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է: Բնական է, որ այդ միջոցը ձեռք բերելու համար չինովնիկը թալանել է ե’ւ պետությանը, ե’ւ շարքային քաղաքացուն: Ադրբեջանում կայծակնային արագությամբ կարիերա կառուցած մեծ թվով գրավիչ տիկնանց բանակ է ստեղծվել: Չէ որ պահը գալու ժամանակ նրանք եւս կխոսեն…», -գրում է թերթը:
Ադրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ազգային անվտանգության պաշտոնանկ նախարար Էլդար Մահմուդովի մինչ օրս ձերբակալված չլինելը կապված է հենց այդ ինտիմ տեսանյութերի հետ, քանի որ իշխանությունները վստահ են, որ նրա ձերբակալության դեպքում իրենց խայտառակող այդ տեսանյութերը կհայտնվեն սոցցանցերում: