«Սանկտ Պետերբուրգում որևէ համաձայնություն ձեռք բերվել չէր կարող»

Ղարաբաղյան հակամարտության լուծման փուլային եղանակի ու շրջանների վերադարձի մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը զուտ ներքին լսարանի համար է, և պետք չէ դրան լուրջ վերաբերվել։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։

«Մամեդովը հայտնի է բավականին ոչ ադեկվատ հայտարարություններով, իր շուրթերով հնչեցնում են բաներ, որոնք սպասարկում են իրենց պրոպագանդան։ Դա զուտ ներքին օգտագործման հայտարարություն է։ Նա, մեծ հաշվով, խոսում է մադրիդյան և կազանյան փաստաթղթերի տարրերից։ Բոլորս գիտենք, որ դրա շուրջ են բանակցությունները, բայց վստահ եմ, որ այս հանդիպման ժամանակ նման հարցեր չեն քննարկվել, ավելի շատ բանակցությունների վերսկսման հնարավորություններն ու ուղիներն են քննարկվել։ Այնպես որ, որևէ համաձայնություն ձեռք բերվել չէր կարող»,- ասաց Ա.Արզումանյանը։

Ըստ նրա՝ Սանկտ Պետերբուրգում բանակցություն՝ որպես այդպիսին, չի ընթացել, որի արդյունքում կողմերը կարող էին որևէ բան համաձայնեցնել, այլ քննարկվել են բանակցությունների վերսկսման հնարավորությունը և այն քայլերը, որոնք պետք է արվեն, որպեսզի բանակցությունները վերսկսվեն։ Ա.Արզումանյանն ընդգծեց, որ այս պահին կա պատերազմական վիճակ, որից դուրս գալու հնարավորություններ են որոնվում.

«Թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում քննարկումներն ընթանում են ընդամենն այդ բանակցությունների վերսկսման հնարավորության մասին։ Եվ չեմ կարծում, որ այդ մակարդակով պետք է մտնեն, փաստաթղթային դետալներ քննարկեն։ Իսկ Մամեդովը, շարունակելով ադրբեջանական այս պրոպագանդիստական արշավը, որ պատերազմում հաղթել են, հողեր են ազատագրել, հիմա էլ ասում են, թե՝ գնացինք Սանկտ Պետերբուրգ, այնտեղ էլ պահանջեցիք, որ տարածքներից դուրս գան, և համաձայնության եկանք։ Դրա համար չեմ կարծում, որ պետք է լուրջ վերաբերվել դրան»։

Ա.Արզումանյանի կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կարելի է համարել ընդհանուր գործընթացի լրացուցիչ խողովակ. «Մեր մտավախությունը մինչ հանդիպումն այն էր, որ փորձ է արվում այլընտրանք ստեղծել Մինսկի գործընթացին, բայց զարգացումները ցույց են տալիս, որ, ի վերջո, այս ամենը սպասարկելու է ընդհանուր Մինսկի գործընթացը։

Կարծում եմ՝ նոր հանդիպումեր կլինեն՝ և՛ ամերիկացիների, և՛ ֆրանսիացիների կողմից կազմակերպված, բոլորը պետք է ցույց տան, որ գործ է արվում։ Ռուսաստանը պարզապես ևս մեկ անգամ փորձեց ցույց տալ, որ ինքն այս տարածաշրջանում կարևորագույն դերակատարություն ունի, և կան հարցերի շրջանակներ, որոնք ինքը կարող է նաև ինքնուրույն լուծել և դրանով իսկ իր կարևորությունը վերահաստատել»։

Անդրադառնալով Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո տարածված պաշտոնական հայտարարության մեջ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին որևէ անդրադարձի բացակայությանը՝ Ա.Արզումանյանը դա հայտարարության թերություն անվանեց և վստահություն հայտնեց, որ Սանկտ Պետերբուրգում այդ մասին խոսվել է. «Նշվել էր միայն մոնիտորինգ իրականացնող խմբի ընդլայնման մասին, ինչն ինքնին դրական լինելով՝ որևէ խնդիր չի լուծում, որովհետև անկախ նրանից՝ 6 դիտո՞րդ է, թե՞ 116, իրենք էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Այլ հարց է, որ Լավրովի և մյուսների մեկնաբանություններում ասվում էր, որ քննարկվել են նաև հետաքննման մեխանիզմների ներդրման հնարավորությունները։ Վստահ եմ, որ մյուս համանախագահողները դեռևս շարունակում են այդ ուղղությամբ աշխատել»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս