Քաղաքաշինության հետևանքով դեգրադացվում է մայրաքաղաքի էկոհամակարգը
Սխալ կազմակերպված քաղաքաշինությունը նպաստում է մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի վատթարացմանը և աղետների ռիսկերի աճին: ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի 4-րդ նիստի ընթացքում նման կարծիք է հայտնել «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ, < b>բնապահպան Կարինե Դանիելյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Դանիելյանն ասաց, որ իրավիճակը փոքր-ինչ մեղմացել է, քանի որ Երևանի Քաղաքաշինության խորհրդի կազմում ներգրավվել են էկոլոգիական ՀԿ-ներ: Այնուամենայնիվ, նախկինում արված սխալների հետևանքով քաղաքը մտել է էկոլոգիական աղետի գոտի: «Անկախության տարիներին կատարյալ հակաէկոլոգիական քաղաքաշինություն է իրականացվել հատկապես Երևանի կենտրոնում. ոչնչացվել է պատմամշակութային ժառանգությունը, աճել են բոլոր էկոլոգիական ռիսկերը»,- ասում է Դանիելյանը: Բարձրահարկ շենքերը կառուցելիս հաշվի չեն առնվել ենթուկառուցվածները. դա շարունակվում է նաև այսօր: Արդյունքում՝ աճում են տրանսպորտային խնդիրները, խցանումները, սեյմսիկ և այլ էկոլոգիական ռիսկերը. կանաչ տարածքներն օղակաձև ֆունկցիան չեն կարողանում կատարել, քամիները չեն կարողանում մաքրել օդային ավազանը, իսկ եթե արդյունաբերությունը սկսի գործել, քաղաքում անհնար կլինի շնչել:
Բնապահպանը նշեց, որ համաձայն հետազոտությունների՝ Երևանում արտանետումները խիստ նվազել են, սակայն օդային ավազանի ինքնամաքրման ֆունկցիաները ևս կրճատվել են: «Առկա ֆոտոքիմիական թունամշուշը տիպիկ է նման քաղաքների համար, սակայն քաղաքաշինությունն այդ խնդիրը խորացրել է: Ի վերջո, մարդիկ չունեն մաքուր հանգստի գոտիներ, որտեղ կարող են ժամանակ անցկացնել»,- նշեց Դանիելյանը:
Նա նաև ընդգծեց, որ Երևանի Քաղաքաշինության խորհրդում բացակայում է ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը: «Քաղաքապետարանն ասում է, որ հրավեր ուղարկում է, սակայն ոչ ոք չի գալիս, իսկ նախարարությունն ասում է, որ հրավեր չի ստանում»,- մանրամասնեց Դանիելյանը, ավելացնելով, որ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրահանգել է շտապ զբաղվել այդ հարցով:
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Կարինե Դանիելյանն իր զեկույցում բարձրացրել է այն հարցը, թե որքանով է Երևանում իրականացվող քաղաքաշինությունը նպաստում մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը` մասնավորապես կլիմայի փոփոխության պայմաններում: Բանախոսը շեշտել է, որ հետխորհրդային տարիներին Երևանի կանաչ տարածքներն էականորեն կրճատվել են և խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել:
Հասարակական խորհրդի անդամների կողմից ձևավորված օրակարգում ընդգրկվել էին Բնապահպանական պետական տեսչության գործունեության, Երևան քաղաքի էկոլոգիական վիճակի, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայմանը վերաբերող հարցեր: