«Մեր միության անդամները նստած լացում են». Րաֆֆի Մխչյան
Անհասկանալի է, թե Վիճակագրական ծառայությունը որտեղից է վերցրել այդ թվերը, և ինչպես է ստացվել, որ այս տարվա հունվար-մայիսին արտահանման ծավալները 20% աճել են: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը՝ խոսելով ԱՎԾ հրապարակած տվյալների մասին:
Ըստ նրա՝ ծիրանի արտահանումը սկսվել է վերջին 2 շաբաթում և չէր կարող ազդել այդ ցուցանիշի վրա: Թե այդ դեպքում ինչի՞ հաշվին կարող էր աճ արձանագրվել, Ր.Մխչյանը դժվարացավ ասել. «Նրանք այնպիսի թվեր են ասում, որ այսօրվա դրությամբ ոչ մեկն այդպիսի թիվ չի պատկերացնում: Ես նման տվյալների չեմ տիրապետում: Մեր միության անդամները նստած լացում են: Ոչ մի բան չեն կարողանում անել: Ահավոր վիճակ է, բոլորը ծայրահեղ վիճակում են, բոլորի տնտեսությունները սնանկացման եզրին են: Ի՞նչ ասեմ սրանից ավելի»:
Ր. Մխչյանը նշեց, որ Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունը մնում է ԵԱՏՄ-ն, որը նույն Ռուսաստանի Դաշնությունն է. «Այսօր մենք ուրիշ ուղղություն չունենք, ուրիշ այլընտրանքներ չենք գտել, որ կարողանանք արտահանել: Այսօրվա վիճակը շատ ցավալի է: Այս օրերին բանակցում եմ Ռուսաստանի Դաշնությունից մեր գործընկերների հետ, որոնք ինձանից սուրճ են վերցրել անցած տարի, որի մեկ փաթեթի մեջ 260 ռուբլի տարբերություն է տալիս անցած տարվա և այս տարվա փոխարժեքի մեջ: Եվ այս տարի այդ մարդը չի կարողանում գնել ինձանից: Խնդիրները շատ են, առաջին հերթին՝ փոխարժեքը, երկրորդը՝ մեզ համար մեծ շուկաներում գնողունակությունն է նվազել, այսինքն՝ այսօր Ռուսաստանում էլ նույն մեր հայրենակիցները, եթե ստանում էին ամսական 100 հազար ռուբլի, կարողանում էին այդ գումարով ապրել և հարազատներին ուղարկել, այսօր չեն կարողանում, այդ նույն գումարով չեն կարողանում ապրել ու հարազատներին փող ուղարկել: Սա ընդհանուր իրավիճակ է, միայն մեզնից կախված չէ: Այսօր նույն Ռուսաստանում ահավոր ծանր է իրավիճակը: Որտե՞ղ ենք արտահանում, 20% աճը որտեղի՞ց են նորից հորինել, ես, ճիշտն ասած, չգիտեմ»:
Հայաստանի կառավարության կողմից հայտարարություններն արտահանման աջակցման վերաբերյալ, ըստ միության նախագահի, միայն հայտարարությունների տեսքով են մնացել, որևէ գործնական քայլ չի արվել. «Իրենց ոչ մի հայտարարություն ճշմարտություն չունի ոչ միայն՝ արտահանման, այլև՝ ոչ մի հարցում: Իրենք քանի ամիս է՝ խոստանում են օլիգարխիկ կարգավիճակները վերացնել, հավասարություն ստեղծել: Ո՞ւր է: Դուք մի բան տեսե՞լ եք: Ես չեմ տեսել: Դա անգրագիտության և անբանիմացության արդյունք է: Երբ մարդ չի տիրապետում իրավիճակին, ինքն ուղղակի հայտարարություններ է անում ու չի կարող ոչինչ փոխել, պարզապես հայտարարություններ է անում»:
Թե ո՞րն է ելքը, Ր.Մխչյանը նշեց, որ չի ուզում քաղաքական հայտարարություններով հանդես գալ, քանի որ ինքը տնտեսության մարդ է, բայց երկրում պետք են արմատական փոփոխություններ: