Ռուսաստանի տնտեսությունն ավելի փոքր է, քան Կալիֆոռնիայինը
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգն իր ՀՆԱ-ի ծավալով առաջ է անցել ու դարձել աշխարհի 6-րդ տնտեսությունը ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից հետո, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի ՀՆԱ-ի տարեկան ծավալը կազմել է 2,5 տրլն դոլար՝ իր հետևում թողնելով Ֆրանսիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի և մյուս զարգացող երկրների տնտեսությունները:
«Այդ հիանալի արդյունքը ձեռք է բերվել շնորհիվ տնտեսության աճի տեմպերի և դոլարի՝ մյուս համաշխարհային արժույթների նկատմամբ փոխարժեքի աճի»,- նահանգի ֆինանսական ցուցանիշները մեկնաբանել է Կալիֆոռնիայի ֆինանսների դեպարտամենտի տնտեսագետ Իռենա Ասմունդսոնը:
2015թ. Կալիֆոռնիայի տնտեսությունն աճել է 4,1%-ով՝ ԱՄՆ-ի տնտեսության 2,1%-անոց աճի համեմատ: Ֆրանսիայի տնտեսությունը, օրինակ, անցած տարի աճել է 1,1%-ով:
Մինչ այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարեց, թե ԱՄՆ-ն աշխարհում «միակ գերտերությունն է»:
«Ամերիկան մեծ տերություն է։ Այսօր, հավանաբար, միակ գերտերությունը։ Մենք դա ընդունում ենք»,- հայտարարել է Պուտինը:
Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ Մոսկվան ցանկանում է և պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ, սակայն Վաշինգտոնին նախազգուշացրել է՝ չմիջամտել Ռուսաստանի ներքին գործերին:
«Աշխարհին անհրաժեշտ է այնպիսի հզոր երկիր, ինչպիսին ԱՄՆ-ն է: Մեզ էլ է անհրաժեշտ, սակայն մեզ հարկավոր չէ, որ նրանք մշտապես միջամտեն մեր գործերին, մատնանշեն, թե ինչպես ապրենք, խանգարեն Եվրոպային՝ մեզ հետ հարաբերություններ կառուցել»,- ասել էր Պուտինը:
Տնտեսական օբյեկտիվ ցուցանիշների առումով, սակայն, Ռուսաստանն այսօր զգալի զիջում է ոչ միայն Արևմուտքին, այլև ԱՄՆ-ի 50 նահանգներից մեկին: