Իշխանության և ընդդիմության գործարքը` ընդդեմ հասարակության

Վերջապես իշխանությունն ու ընդդիմությունը կամ դրա մի մասը` ի դեմս ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի, ստորագրեցին այդքան սպասված կոնսենսուսի մասին հայտարարությունը` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Սպասված` առաջին հերթին՝ իշխանության համար, քանի որ առանց դրա իշխանությունը չէր կարողանալու վերջնականապես ընդունել այն օրենսգիրքը, որով կարողանալու է վերարտադրվել հաջորդ ընտրություններում. Եվրոպական կառույցները հստակ հասկացրեցին, որ առանց քաղաքական ուժերի հետ լայն կոնսենսուսի՝ նոր Ընտրական օրենգիրքը չի կարող ընդունելի համարվել իրենց համար: Ընդդիմությունը, այսպիսով, «ձեռք մեկնեց» իշխանությանը և մեկնած ձեռքով իր ստորագրությունը դրեց այդ փաստաթղթի տակ:

Իշխանությունն էլ պատրաստակամություն հայտնեց ընդունել ու Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակում ներառել ընդդիմության առաջարկների հիմնական մասը: Ամեն ինչ շատ լավ է: Բոլորը գոհ են ու երջանիկ: Ե՛վ իշխանությունը, և՛ կոնսենսուսացված ընդդիմությունը, և՛ եվրոպական կառույցները:

Ընդդիմադիրները շտապեցին հայտարարել, թե այս կոնսենսուսային փաստաթղթով 75 տոկոսով ապահովվելու է առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը: 25 տոկոսն էլ, երևի, իշխանությունը խոստացել է ինքն ապահովել: Ու կապահովի: Կրկին ընդդիմության օգնությամբ: Բնականաբար` փոխհատուցման դիմաց: Պարզ է` մանդատների տեսքով: Իրականում գուցե ընդդիմությունը իրավացի է, հնարավոր է՝ անգամ իշխանությունն է անկեղծ՝ արդար ընտրություններ անցկացնելու մասին իր խոստումներում: Ու հաստատ եվրոպացիներն այս կոնսենսուսը կընդունեն՝ որպես նշանակալի քայլ առաջ, ու ընդունելով այն՝ կհանձնեն այն ֆինանսները, որոնք անհրաժեշտ են կոնսենսուսային համաձայնությամբ իրականացվելիք տեխնիկական քայլերի համար:

Այս ամբողջ պատմության մեջ կա, սակայն, մեծ բլեֆ, որին մասնակից են իշխանությունն ու ընդդիմությունը հավասարապես: Եվրոպացիների լոյալության հովանու ներքո: Իսկ բլեֆն այն է, որ ինչպես՝ իշխանությունն ու ընդդիմությունը, այնպես էլ՝ եվրոպացիները, Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսը ներկայացնում են՝ որպես վստահությանն ուղղված մեծագույն քայլ: Բլեֆը հենց վստահության մեջ է:

Հասկանալի է` բոլորը վստահություն ասելով՝ նկատի ունեն հասարակության վստահությունն ընտրությունների, Ընտրական օրենսգրքի նկատմամբ: Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունն ապրում է տոտալ անվստահության մթնոլորտում և չի վստահում ինչպես՝ իշխանությանը, այնպես էլ՝ ընդդիմությանը: ՉԻ վստահում հավասարապես: Հետևաբար՝ իշխանության հետ ընդդիմադիրների ստորագրած կոնսենսուսային փաստաթուղթն իրականում առոչինչ է: Որովհետև չի լինում այնպես, որ վստահությունից զուրկ երկու միավորներ իրար հետ փաստաթուղթ ստորագրեն, որը կբարձրացնի գոյություն չունեցող վստահությունը:

Այնպես որ, դրանով կարող են խաբել միայն եվրոպացիներին: Իսկ եվրոպացիների համար խորհրդարանում ներկայացված ուժերի մեծ մասի կողմից ստորագրված փաստաթուղթը համարվում է հասարակության վստահության արտահայտություն, քանի որ նրանք առաջնորդվում են այն սկզբունքով, որ Ազգային ժողովում ընդգրկված ուժերը ներկայացնում են հասարակությանը, քանի որ ստացել են նրանց վստահության քվեն:

Եվրոպացիները, իհարկե, գիտեն, որ Հայաստանի խորհրդարանում հայտնված ուժերը ոչ թե՝ վստահության քվե են ստացել, այլ՝ «անցողիկ քվոտա», գիտեն նաև, որ դա ստացել են ոչ թե՝ հասարակությունից, այլ՝ իշխանությունից, որը իրենց` եվրոպացիների «դիտորդական անտարբերության» ներքո ձևավորել է իրեն հարմար խորհրդարան` ձևի համար տեղ հատկացնելով նաև ընդդիմությանը: Բայց քանի որ եվրոպացիներն այն ժամանակ` ընտրություններից հետո, առանձնապես դիտորդություն չեն արել, կամ արել են, բայց չեն արձանագրել, թե ինչպես է «ձևավորվել» խորհրդարանը, նրանք այսօր չեն կարող ասել, թե ընդդիմադիրների ստորագրությամբ կոնսենսուսը հասարակության վստահության հետ կապ չունի:

Այս կոնսենսուսն իրականում ընդդիմության և իշխանության միջև համաձայնություն է այն մասին, որ իշխանությունը նաև նոր Ընտրական օրենսգրքով ձևավորելու է նոր խորհրդարանը, սակայն չի անտեսելու նաև ընդդիմությանը: Ընդ որում, Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմության կոնսենսուսը, լայն իմաստով, համաձայնություն է այն մասին, որ բուն ընտրական տեղամասերում, քվեարկության ընթացքում ընտրությունները նորմալ են անցնելու: Ինչ է տեղի ունենալու ընտրություններից առաջ կամ ընտրատեղամասից 60 մետր հեռավորության վրա (իշխանությունը համաձայնել է, որ տեսախցիկներով նկարահանվելու է նաև ընտրատեղամասի` 50 մետր հեռավորության ընդգրկմամբ տարածությունը), կոնսենսուսային փաստաթղթի շրջանակներից դուրս է:

Այս ստորագրությամբ ընդդիմությունը լեգիտիմացրել է նկարահանվող տարածքից դուրս ընտրակաշառք բաժանելու, ընտրողներին համոզելու-ճնշելու և ընտրական արդյունքների վրա ազդելու մյուս «ավանդական եղանակները» կիրառելու՝ իշխանության իրավունքը: Ընդդիմությունն արդեն այսօր ճանաչել է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս