Բաժիններ՝

«Ամեն օր մեր ձեռներեց ընկերներից մեկը լքում է Հայաստանը՝ դատարկ թողնելով շուկայում իր տաղավարը»

«Կասեցում» շարժման ներկայացուցիչ Սամսոն Գրիգորյանը Հարկային նոր օրենսգրքի կետերի մեծ մասն աբսուրդ է համարում: Նրա խոսքով՝ կարդում ես ու չես հասկանում՝ ինչ է գրված, քանի որ մի նախադասության մեջ տասը հղում կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց իրենց մտահոգող մի քանի կետերը.

«Հարկային նոր օրենսգրքի խնդիրներից առաջինն այն է, որ մենք՝ պայքարելով, հասել էինք նրան, որ ԱԱՀ-ի շեմը բարձրացվեց 115 մլն-ի, իսկ նոր Հարկային օրենսգրքով նորից ուզում են իջեցնել 40 մլն տարեկան շրջանառության, ինչը մենք համարում ենք կործանարար ՓՄՁ-ի համար, որովհետև ավելացված արժեք հասկացությունը մանր բիզնեսի համար չի կարող լինել հարմար աշխատանքի միջոց: Երկրորդ մեծ խնդիրն այն է, որ, երբ ստուգման ընթացքում հայտնաբերվում է խախտում, դա ճիշտ լինի թե սխալ՝ կապ չունի, նշանակվում է տուգանք, և ձեռներեցը պարտավոր է մուծել տուգանքը, եթե նույնիսկ հայցով դիմել է դատարան: Այսինքն՝ դատական հայցը չի սառեցնում տուգանքի մուծումը: Բացի այդ, շատ մեծ հնարավորություններ են տրված ստուգող մարմիններին, տեսուչներին, ՊԵԿ-ի աշխատակիցներին, իսկ այդպիսի մեծ շռայլություն չի կարելի անել: Մենք ամեն օր, առանց այդ էլ, շփվում ենք ստուգող մարմինների հետ, և գիտենք, որ ՊԵԿ-ի աշխատակիցներն ամեն առավոտ հավաքվում են՝ տուգանքների բազմապիսի հնարքներ մտածելու և մեր նկատմամբ կիրառելու համար»:

Նրա խոսքով՝ ապրանք ներմուծելիս այնքան թղթեր են պահանջում, որ ձեռներեցն այդ թղթերը ձեռք բերելու ընթացքում բազմաթիվ կորուստներ է ունենում. «Օրինակ՝ մաքսատան աշխատակիցը տեղյակ չէ, թե ներմուծվող առարկան ինչի համար է օգտագործվում: Օրինակ` հասարակ բջջային հեռախոսների լիցքավորման համար անհրաժեշտ սարքերը ներկրելիս՝ մեզ պարտադրում են ՊՆ-ից ներկայացնել փաստաթուղթ, որը կապացուցի, որ դրանք ռազմական նշանակություն չունեն: 5 օր կորցնում ենք այդտեղ: Կարելի է, չէ՞, մի անգամ ունենալ, և վերջ: Նույնը կատարվում է համակարգիչների ստեղնաշարերի դեպքում, որի համար պետք է գնաս ԱԱԾ և բերես կրիպտոգրաֆիայի որակավորման թուղթը: Սա սպանում է բիզնեսը, մեզ թողնում առևտրականի մակարդակի վրա՝ թույլ չտալով դառնալ արտադրող»:

Ս. Գրիգորյանի խոսքով՝ օրինական դաշտում աշխատելը կանգնեցնում է նմանատիպ խնդիրների առաջ, իսկ անօրինական ճանապարհով աշխատողները 1-2 օրվա ընթացքում ապրանքը բերում ու վաճառում են, իսկ իրենք դեռ սպասում են իրենց ապրանքին. «Եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ապա պետք է մաքսիմալ ամեն ինչ հեշտացնենք, որպեսզի մարդը ճիշտ ուղով աշխատի: Իսկ եթե մենք ստեղծում ենք արհեստական դժվարություններ, պարզ է, որ մարդը պետք է փնտրի դրանք հաղթահարելու միջոցներ, այսինքն՝ տա կաշառք, գտնի այդ հարցը լուծող միջնորդներ»:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ նույն լիցքավորիչը երրորդ երկրից գնում են մոտ 70 դրամով, իսկ այստեղ դա հաշվում են մոտ 3 դոլար, ու դրա վրա է հաշվարկվում մաքսազերծումը. «Մաքսային արժեքը չեն վերցնում ապրանքագինը, այլ՝ Մաքսային կոմիտեի որոշած գինը: Մաքսային կոմիտեն գին է որոշում մեր երկրի կայքերից վերցրած հատավաճառի գներով: Այսինքն՝ արտադրողի գին համարվում է վերջնական հատավաճառի գինը, ինչի պատճառով Հայաստանում ունենում ենք շատ բարձր գներ, տնտեսվարողների արտահոսք»:

Նա ընդգծեց, որ խեղճուկրակ Ռուսաստանը տնտեսվարողների համար ավելի գրավիչ է, քան Հայաստանը, ինչը, ըստ նրա՝ պատճառ է դառնում, որ ամեն օր իրենց ձեռներեց ընկերներից մեկը լքում է Հայաստանը՝ դատարկ թողնելով շուկայում իր տաղավարը. «Մենք չենք ասում՝ մեզ հարկերից ազատեք, մենք ասում ենք՝ խելամիտ հարկեր սահմանեք: Ակնհայտ է, որ Հայաստանը գնում է տնտեսական հետընթացի: Եվ ինչպե՞ս կարող է չգնալ, երբ, օրինակ` ՊԵԿ-ն իրեն դատարանի իրավասություններ է վերապահում՝ առանց դատարանի որոշման տուգանք գանձում, ունեցվածքի վրա արգելանք դնում, և այլն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս