ՀՕՊ-ի կնքման և 200 մլն դոլար վարկի դիմաց տրամադրվող ռազմամթերքի Հայաստան հասնելու ժամկետները համընկնո՞ւմ են

«Մենք ձևավորում նք կովկասյան տարածաշրջանում միավորված հակաօդային պաշտպանության համակարգ. սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չունի հակաօդային պաշտպանության համակարգ, և մենք կորցնում ենք մեր համակարգի ինքնուրույնությունը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ խոսելով Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգի մասին:

Նրա խոսքով՝ դա ընդամենը նպաստելու է, որ մենք առավել ամրապնդենք և ավելի բարձրացնենք մեր պաշտպանունակությունը. «Սա պետք է դիտարկել՝ որպես մեր պաշտպանական համակարգի լրացուցիչ միավոր: Սա փոխշահավետ համաձայնագիր է՝ երկու պետությունների շահերին համապատասխան: ՀՀ-ի զինված ուժերն են իրականացնելու անմիջական ղեկավարությունը, և գործողությունների իրականացման իմաստով ևս կա համապատասխան կարգավորում համաձայնագրում, որը բխում է մեր երկրի շահերից»:

Հարցին՝ եթե պատերազմ լինի, տարածքի վերահսկողության իրականացումը Ռուսաստանի՞ հետ պետք է քննարկվի, Կ. Նահապետյանը պատասխանեց, որ այնտեղ հստակ մեխանիզմներ կան դրված, և ՀՀ Զինված ուժերն ունեն անմիջականորեն ղեկավարման լիազորություններ:

Ի պատասխան հարցի էլ, թե եթե ՀԱՊԿ-ից մեր սպասելիքները չարդարացան, ի՞նչ երաշխիքներ կան, որ ՀՕՊ-ից կարելի է որևէ ակնկալիք ունենալ, Կ. Նահապետյանը հորդորեց չհամեմատել. «Սա երկու պետությունների միջև համաձայնություն է՝ Հայաստանի և Ռուսաստանի, և եկեք սահմանազատենք. մի բան է՝ ՀԱՊԿ-ի շրջանում գործողությունները, բոլորովին այլ բան է՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցությունը: Երկու կողմերը ստանձնում են որոշակի պարտավորություններ և լիազորություններ»:

Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չէր բացառել, որ ՀՕՊ միասնական համակարգին միանալուց հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն դոլար վարկի դիմաց տրամադրվող ռազմամթերքը: Այս առնչությամբ Կ. Նահապետյանն ասաց, որ չէր ցանկանա մեկնաբանել ՀՀԿ ղեկավարի հայտարարությունը:

«Հայ-ռուսական վարկային համաձայնագրի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ: Մեկը մյուսի հետ կապել ճիշտ չէ, բոլոր դեպքերում, դեկտեմբեր ամսին ենք ստորագրել հայ-ռուսական այս համաձայնագիրը: Այլ բան է, որ ժամկետների առումով գուցե համընկնում է, բայց երկու գործընթացները պետք չէ կապել իրար հետ»,- նշեց Կ. Նահապետյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ նկատի ունեք՝ զենքի հասնելու հետ կապված կա՞ն հստակ ժամկետներ, երբ ասում եք, որ ժամկետների համընկնում է եղել, Կ. Նահապետյանն այսպես պատասխանեց. «Այդ հարցն ուղղեք Պաշտպանության նախարարության ղեկավարությանը. անկախ նրանից, որ մենք տիրապետում ենք, բայց կան տվյալներ, որ մենք ուղղակի չենք կարող հրապարակել»:

Տեսանյութեր

Լրահոս