«Այս պահին ոլորտը կախվածության մեջ է մեկ խոշոր ընկերությունից». ՀԲ Հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ
Համաշխարհային բանկի կողմից պատրաստված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան» զեկույցը հիմնականում ուսումնասիրում է, թե որքանով է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը կայուն ինչպես՝ սոցիալական, այնպես էլ՝ բնապահպանական և տնտեսական տեսանկյունից: Այս մասին այսօր զեկույցի շնորհանդեսին ասաց Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կրիստն Հունդը:
«Տնտեսական տեսանկյունից, բնականաբար, սա շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար, որովհետև այն օտարերկրյա հասույթի, եկամուտների հիմնական աղբյուրն է: Այն կարևոր է նաև աշխատատեղերի ստեղծման առումով, բայց, իհարկե, կան նաև մեծ մարտահրավերներ: Եվ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ այս պահին ոլորտը կախվածության մեջ է մեկ խոշոր ընկերությունից: Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է, որն էլ խիստ տատանողական է դարձնում ոլորտը համաշխարհային շուկաներում գների տատանումների նկատմամբ»,- ասաց նա՝ նշելով, որ այս պահի դրությամբ, բացի իր նշած ընկերությունից, մի քանի փոքր ընկերություններ կան, որոնք կարողանում են շահույթով աշխատել ոլորտում: «Միևնույն ժամանակ՝ նոր ուսումնասիրությունները շատ քիչ ծավալով են իրականացվում այս պահին»,- ասաց նա:
«Կարծում եմ՝ բոլորն էլ տեղյակ են, որ կան հնուց մնացած, լքված մի քանի հանքավայրեր, որոնք պատշաճ կերպով չեն կոնսերվացվել, չեն փակվել, որոնք էլ դառնում են բնապահպանական խնդիրների առաջացման աղբյուր՝ աղտոտելով շրջական միջավայրը»,- ասաց Համաշխարհային բանկի հանքարդյունաբերության հարցերով գլխավոր մասնագետ Կրիստն Հունդը՝ նշելով, որ կան պոչամբարներ, որոնք կառուցված չեն միջազգային լավագույն ստանդարտներին համապատասխան. դա է պատճառը, որ առաջարկում են շտկել իրավիճակը: