«Դուք որևէ արդարացում չունեք». Լևոն Զուրաբյանը՝ Գագիկ Մինասյանին
«Ես խնդրում եմ՝ ձեններդ կտրեք»,- այսօր Ազգային ժողովի նիստն այսպես սկսեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ դիմելով պատգամավորներին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին.
«Դուք իշխող կուսակցության ներկայացուցիչն եք, կարծում եմ՝ Ձեզ պետք է հետաքրքրաշարժ լիներ այն հարցը, թե ինչո՞ւ են պլանավորում 2 միլիարդ և 4 հարյուր միլիոն դոլար նվիրատվություն անել ոչ կառավարական կազմակերպությունների համար, հետո այդ գումարը բարձրացնում 9 միլիարդ 136 միլիոն դրամի: Եթե լինում է կառավարության կողմից ֆինանսավորում ոչ կառավարական կազմակերպությունների համար, ապա դրանք դառնում են արդեն կառավարական, այդ ի՞նչ կարիքներ կան, ինչո՞վ էր պայմանավորված այդ անհրաժեշտությունը՝ ոչ կառավարական այդքան կազմակերպություններին ֆինանսավորելու, նաև կուզեինք իմանալ՝ ի՞նչ վարկային միջոցների հաշվին են եղել»:
Ի պատասխան՝ Գ. Մինասյանն ասաց, որ Լ. Զուրաբյանի հարցերն այնպիսի ոլորտներին են վերաբերում, որ իրենք հանգամանալից քննարկել են իրենց հանձնաժողովի քննարկումների ընթացքում. «Շատ ճիշտ կլիներ, որ այդ հարցերն այն ժամանակ ուղղեիք ու կկարողանայիք ավելի հանգամանալից ու սպառիչ պատասխաններ ստանալ, հիմա անպատրաստ չեմ կարող պատասխանել»: Գ. Մինասյանը Լ. Զուրաբյանին հորդորեց նիստից հետո այդ հարցերով դիմել հանձնաժողովին, որը հանգամանալից պատասխաններ կտա:
«Դուք հրաժարվեցիք պատասխանել իմ հարցերին, մեր իրավունքն է որևէ հարց բարձրացնել լիագումար նիստում, եթե որևէ հարց չի հնչել Ձեր հանձնաժողովի ժամանակ, ապա դա չի նշանակում, որ Դուք իրավունք ունեք այդ հարցին հիմա չպատասխանել, միգուցե մենք նպատակահարմար ենք գտնում այդ հարցին անդրադառնալ լիագումար նիստում, ուստի որևէ արդարացում դուք չունեք»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը:
Ի պատասխան՝ Գ. Մինասյանն էլ ասաց, որ չի կարծում, թե Լ. Զուրաբյանը պետք է իրեն ասի՝ ինչ իրավունք ունի, ինչ չունի: Նա նշեց, որ ինքն ասաց այն ճանապարհը, որով Լ. Զուրաբյանը կարող է ստանալ իր հարցերի պատասխանները:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ այդ հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկանք է պատրաստել, ու Ա. Ջանջուղազյանին խնդրեց այդ տեղեկանքը փոխանցել Լ. Զուրաբյանին: