«Մինսկի խմբի համանախագահների լծակները՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու, այնքան էլ մեծ չեն»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող հարաբերական անդորրը պայմանավորված է միայն Բաքվում կայանալիք «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարով: «Այն, որ հիմա շփման գծում հարաբերական անդորր է տիրում, պայմանավորված չէ միայն «Ֆորմուլա 1» մրցաշարով: Դա ընդհանրապես կապված է հետապրիլյան իրավիճակի հետ: Այն, ինչ եղավ ապրիլին, ուղղակի չէր կարող շարունակվել նույն կերպ: Լարվածությունը պետք է այսպես, թե այնպես թուլանար: Այդպես եղել է տասնյակ անգամներ»,- ասաց Ա. Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ «Ֆորմուլա 1» մրցաշարը ևս որոշակի ազդեցություն ունի, քանի որ հիմա ադրբեջանական ղեկավարությունը զբաղված է մրցաշարի կազմակերպչական հարցերով: «Բայց սա չի նշանակում, որ անմիջապես մրցաշարի ավարտից հետո լարվածություն կառաջանա շփման գծում: Իհարկե, շատ դժվար է ասել, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ չեն լինի, բայց չեմ կարծում, որ դա կարող է լինել անմիջապես «Ֆորմուլա 1»-ի ավարտից հետո»,- նշեց Իսկանդարյանը:

Խոսելով շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, նա նշեց, թե Ադրբեջանը, միևնույնն է, հակառակվելու է դրան, իսկ Մինսկի խմբի համանախագահների լծակները՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու այնքան էլ մեծ չեն:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության վերաբերյալ հարցին, Ա. Իսկանդարյանն ասաց, թե կարճաժամկետ հեռանկարում ղարաբաղյան կողմի՝ բանակցություններին մասնակցելու հնարավորություններ չի տեսնում: «Բանակցությունները միայն Հայաստանի ցանկությամբ չեն ընթանում: Եթե այդպես լիներ, ղարաբաղյան կողմը լիարժեք մասնակից կլիներ բանակցություններին:

Կարդացեք նաև

Բայց հայկական կողմն, իհարկե, կշարունակի մասնակցել բանակցություններին այն պարզ պատճառով, որ բանակցությունները հանդիսանում են անվտանգության և ստատուս քվոյի պահպանման, անվտանգության ապահովման քաղաքական ձևաչափ: Փորձը ցույց է տալիս, որ այն հակամարտությունները, որտեղ կա բանակցային գործընթաց, դրանք շատ ավելի լավ զարգացում են ունենում, քան նրանց, որտեղ ընդհանրապես բանակցություններ չկան: Դրանից բացի՝ բանակցությունները նաև խնդիրը միջազգայնացնելու հնարավորություն են տալիս:

Այսինքն, դա հնարավորություն է տալիս անել այնպես, որ խնդրով զբաղվեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Եթե բանակցությունները շարունակվելու են, հայկական կողմը կմասնակցի այդ գործընթացին»,- մանրամասնեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս