Տոսկանայից՝ Հայաստան։ Երկու արվեստագետների խաղաղության առաքելությունը
Ներկայացնում ենք հայազգի արվեստագետ, քանդակագործ Վիգեն Ավետիսի մասին իտալական Toscana Oggi թերթի՝ սույն թվականի մայիսի 22-ի հրապարակումը, որը մեծ արձագանք է գտել իտալական մամուլում և հասարակական լայն շրջանակներում։ Հոդվածի ամբողջական տեքստը ներկայացնում ենք հայերեն՝ Գրիգոր Ղազարյանի թարգմանությամբ։
Հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով երկար տարիներ բնակվում է Ֆլորենցիայում, և սիենացի արվեստագետ, բանաստեղծ Մասսիմո Լիպպին վերադարձել են իրենց Խաղաղության առաքելությունից։ Նրանք մեկնել էին հանպատրաստից, առանց մարդասիրական կամ կազմակերպչական որևիցե աջակցության՝ ազատ և մեծահոգի մարդու և աշխարհում արդարության և խաղաղության համար պայքարող արվեստագետի խղճի ու պատասխանատվության թելադրանքով։ Նրանք մեկնել էին Ղարաբաղ՝ Հայաստանի այն չարչրկված շրջանը, որը սահմանակից է Ադրբեջանին։ Անհրաժեշտ էր հստակ ուղերձով հանդես գալ պատերազմող ժողովուրդների դիմաց՝ ասելով, որ Արվեստը կարող է և պետք է ստեղծի «կամուրջներ, այլ ոչ թե պատեր», որոնք բաժանում են։
Ահա այս ոգով էին նրանք գնացել ռիսկի և զոհողության, սակայն հաջողությամբ հասան իրենց բարդ նպատակին։ Իսկ նպատակը բոլոր պետությունների դիվանագիտական ատյաններին ցույց տալն էր, որ մշակույթը և արվեստը, կամ ավելի ճիշտ, անհատի հասցեական գործն ավելի մեծ օգուտ կարող են տալ, քան սուտ վրդովմունքի սին խոսքերը։ Սրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտ է պատմել ճշմարտությունը մեր այս եղբայրների մասին, ովքեր միշտ արյունալի հալածանքի են ենթարկվել։ Պետք է զգալ, որ Խաղաղությունը երկու արվեստագետների սրտի խոսքն է, ովքեր ընտանիքի հայր լինելով՝ թողնում են ամեն ինչ և մեկնում՝ ցույց տալով, որ Տիրոջ շնորհի չափով շնորհելը քաղցր ու երջանկաբեր պարտականություն է։ Իրենց տեսածի և սահմանից այն կողմ տեղի ունեցող իրողությունների մասին պատմությունը զուտ ժամանակի մեջ տեղ գտնող տեղեկատվությունից ավելի արժեքավոր է։ Երկու արվեստագետները Ստեփանակերտում էին օրեր շարունակ՝ փնտրելով Խաղաղության նշաններ, քանդակում էին խաղաղ՝ նայելով ընկերներին և հուսալով, որ խաղաղության իրենց աղոթքը տեղ կհասնի։
Վիգեն Ավետիսը, ով 2014 թ. քանդակագործության 1-ին մրցանակի՝ Ոսկե ֆիորինոյի (անտիկ Ֆլորենցիայի ոսկեդրամ, որն այժմ քաղաքապետարանի ամենաբարձր պարգևն է) դափնեկիր է, հրեշտակի դեմք է քանդակել, իսկ Մասսիմո Լիպպին՝ «Խաղաղության հրեշտակ»։ Տեղական իշխանություններն ու ժողովուրդը խորապես ցնցված են արվեստագետների զարմանալի ներկայությունից, որը պատերազմի արհավիրքների դեմ ուղղված մարտահրավեր է։ Ավետիսը և Լիպպին կարծես ուզում էին բացականչել Սիենայի Սուրբ Կատերինայի նման՝ «Խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն»: Հովհաննեսը, ում հայազգի որդին այժմ ռազմաճակատում է՝ մի երիտասարդ քանդակագործ ու նորածին զավակի հայր, ողջագուրվում է երկու արվեստագետների հետ՝ ասելով, թե «1991-94 թվականների պատերազմի ժամանակ ես էլ էի սահմանում, այնտեղ մի փայտե խաչ քանդակեցի և զգացի սրտումս, որ այն պահին, երբ ավարտեի քանդակս, պատերազմն էլ ավարտվելու էր։ Եվ այդպես էլ եղավ, իրապես հրաշք էր», և ավելացրեց՝ «վստահ եմ, որ դուք Խաղաղություն եք բերում՝ որպես Աստծո պարգև, և Ձեր այս ստեղծագործությունները թույլ կտան հուսալ, որ ամեն բան լավ է լինելու»։
Այժմ այս երկու Հրեշտակները հանդարտ ու խրոխտ պահապաններն են մի երկնային բանակի, որը գեղեցկություն ու մաքրություն է ճառագում վախից և ցավից դառնացած հոգիների վրա։
Այս hունիսին Հռոմի պապը կմեկնի Հայաստան։ Այնտեղ նրան արդեն սպասում են սրտի թրթիռով՝ որպես Խաղաղության և Եղբայրության պատվիրակի։