Բաժիններ՝

«Աղջիկս ասաց՝ մամ հաղորդագրություն ունես․ Հայկն էր․․․ «խփին»

Ստեփանակերտի «Ախթամար» հյուրանոցում օթեւանել են Թալիշից եւ Մատաղիսից տեղահանված բնակիչները։

Հյուրանոցի սենյակներից մեկում զոհված Հայկ Թորոյանի անկյունն է․ Ալվինա Ավանեսյանը, ով ժամանակավոր բնակվում է այստեղ, Հայկի հետ ծառայել է 9 տարի եւ այսօր դժվար է պատկերացնում, որ զորամասում նրա բարի դեմքը չի տեսնի։

Ալվինայի հուշերում Հայկը ճշտապահ է, պարտաճանաչ ու կոկիկ։ «Մինչեւ անգամ վերջին պահին, երբ պիտի տղաներին զենք հասցնեին, հանեց օծանելիքը, ցանեց։ «Ասացի՝ «Հայկ հո հարսանիք չես գնում, որ օծվում ես», ինքն էլ թե՝ «ո՞վ գիտի, գուցե գերի եմ ընկնում, չասեն էս ինչ չմո աֆիցեր է»։ Ինքը կարծես զգում էր, որ մի բան էն չի լինելու»,- լացակումած պատմում է Ալվինան։

Ծանր գիշերվանից հետո Հայկ Թորոյանը զենք պետք է հասցներ տղաներին։ Ալվինան ենթադրում է, որ շտապում էին եւ որոշել էին կարճ ճանապարհով գնալ, սակայն այդյունքում ծուղակն ընկան։ «Վարորդը տեղում էր մահացել, իսկ Հայկը պայքարել է մինչեւ վերջ։ Փամփշտատուփը դատարկ էր, բարձրացել էր, որ լիցքավորի, հենց այդ պահին էլ հակառակորդը հասել է»,- Ալվինան պատմում է դեպքը ինչպես լսել է զորամասում։

Սիրելի մայորին այլեւս չտեսնելու ցավը կեղեքում է նրան․ հոգատար ու բարի էր Հայկը, կիրթ, խելացի ու նպատակասլաց։

«Նոր էր տունը վերանորոգել, բերեց նկարները ցույց տվեց ու ասաց, որ միայն ամուսնանալն է մնացել, բայց դե դրա համար դեռ ժամանակ չկա»,- հիշում է Ալվինան ու ավելացնում․ «Որ ասում էին էս զույգը բաժանվեց, մտածում էր որ բնական է, ո՞վ է ասել, որ համացանցով ծանոթացածները պետք է երկար ապրեն միասին, պիտի կողքինիդ լավ ճանաչես, բայց ինքը չհասցրեց․․․»։

Մատաղիսի նույն զորամասում ծառայած Հակոբ Ավանեսյանի հուշերում Հայկ Թորոյանը ծառայության նվիրյալ է, զենքերի գիտակ․

«Մի օր զենքի պահեստ էինք գնացել, առաջին անգամ էի էնտեղ, ու հետաքրքրությունս եռում էր, սկսեցի հարցնել զենքերից։ Տեսավ, որ հետաքրքրված եմ ու մեծ ոգեւորությամբ սկսեց պատմել՝ ինչով ինչպես կրակել, ինչպես օգտագործել, էնքան էլ հետաքրքիր էր ներկայացնում»։ Հակոբը առաջին այցից զարմացած ու հիացած էր եւ փորձել էր տպավորություններով կիսվել, ասելով, որ բավարար պաշար ունենք, Թորոյանը պատասխանել էր․ «Կարեւորը եղածը տեղին օգտագործեն ու ժամանակին»։

Քչախոս մայորին կարելի էր հանդիպել, երբ զինվորները պիտի դիրք բարձրանային։ Նույն զորամասում ծառայած Վլադիմիր Դոլուխանյանը պատմում է․

«Կմոտենար գնդի շարահրապարակում շարված մեր գումարտակի տղաներին ու մեկ առ մեկ տեղում կփորձեր խորհուրդներ տալ ու լուծել զինվորներին կցված զենքերի եւ զինամթերքի հետ կապված խնդիրները: Իր գործին մոտենում էր շատ մեծ պատասխանատվությամբ, ինչը բոլորի մոտ չես նկատի»։

Զորամասում բոլորը Հայկին սիրով են հիշում, փորձում կոկիկ պահել նրա աշխատասենյակը, սեղանը, ինչպես ինքն էր պահում։ Ալվինային այսօր մի բան է տանջում՝ ինչո՞ւ ժամանակին չկարդաց Հայկի ուղարկած վերջին հաղորդագրությունը, եւ ինչո՞ւ հենց իրեն է գրել։ «Եկանք Ստեփանակերտ, հեռախոսս անջատվել էր, լիցքավորման դրի, աղջիկս ասաց՝ մամ հաղորդագրություն ունես․ Հայկն էր․․․ «խփին»՝ միայն մի բառ»,- լացելով պատմում է Ալվինան։

Մարիամ Սարգսյան

karabakh-open.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս