«Հակառակորդի վարքագիծը պայմանավորված էր մի շարք գործոններով». ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյան

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը երեկ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն էր: Լրագրող Սաթիկ Սեյրանյանի և ԼՂՀ վարչապետի զրույցը 168.am-ը ներկայացնում է ամբողջությամբ:

Սաթիկ Սեյրանյան- ՀՀ-ում տարբեր կերպ ընկալվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գերմանիայում արված այն հայտարարությունը, որ մենք Ղարաբաղում կռվում էինք 80-ականների զենքով: Ձեզ համար դա ի՞նչ էր նշանակում, ի՞նչ իմաստ էր պարունակում:

Արայիկ Հարությունյան – Իմ կարծիքով՝ այդ հայտարարությամբ նախագահը փորձել է ներկայացնել արցախցիների ոգին, մեր հայկական բանակի ոգին, որովհետև առաջին հերթին՝ մենք կարողացանք դիմակայել և հետագայում հաղթարշավ սկսել հենց այդ ոգու շնորհիվ: Քանի որ ես մասնակցել եմ Արցախի 90-ականների պատերազմին և գիտեմ՝ ինչպիսի հարաբերակցություն ենք ունեցել զենքի, զինամթերքի (մեկը՝ տասի, մեկը՝ հիսունի հարաբերակցություն էր տիրում), ապա այսօր կասեմ՝ ինչ-որ տեղ արդեն հավասար է: Իհարկե, նրանք ունեն վերջերս ձեռք բերված իսրայելական անօդաչու սարքերը, ռուսական ռմբահարող սարքեր և այլն (չնայած ռուսական զենքով մենք այդքան էլ չենք զիջում): Ընդհանուր առմամբ, նշեմ, որ հայկական բանակը չի զիջում ո՛չ սպառազինությամբ, ո՛չ քանակով: Եթե նախկին պատերազմին մենք մեկ արկ կրակելու համար թույլտվություն էինք ստանում, որովհետև ունեինք խնդիրներ, կամ հարյուրին մեկ էինք պատասխանում՝ քանակի և որակի առումով, ապա այս օրերին մենք ոչ թե՝ մեկին մեկ, այլ ավելին էինք պատասխանում, ինչը հնարավորություն տվեց կարճ ժամանակահատվածում խառնել նրանց խաղաքարտերը: Ընդհանուր առմամբ, հարձակվողն ունենում է առավելություն, և առաջին օրերին կամ ամիսներին մեծ հաջողություններ է գրանցում, բայց ապրիլի 2-ին ընդամենը մի քանի ժամ նա կարողացավ ունենալ առավելություն, իսկ ժամեր անց հակառակը տեղի ունեցավ, և այս առումով վստահեցնում եմ, որ մենք չենք զիջում, հակառակը՝ ինչ-որ տեղ ունենք նաև առավելություն:

Ս.Ս.- Ձեր հայտարարությանն եմ ուզում անդրադառնանք, երբ ասել էիք՝ «Փոխզիջման պատրաստ ենք, բայց հող տալուն՝ ոչ»: Դա ի՞նչ է նշանակում:

Արայիկ Հարությունյան- Փոխզիջում ասելով՝ նախ հասկանում ենք, որ դիմացինը ընդունակ է լսելու, և ինքը ևս պատրաստ է փոխզիջման: Բայց ունենք հակառակորդ, որի՝ փոխզիջման պատրաստ լինելը չենք զգում: Ընդամենը կարող եմ ասել, որ ոչ մի կերպ մենք չենք տեսնում, որ բանակցությունների սեղանի շուրջ առաջիկայում ինչ-որ հաջողություն ենք ունենալու, մանավանդ՝ մեր հակառակորդի կողմից: Իսկ եթե լինեն բանակցություններ, իհարկե, մենք փոխզիջումների պատրաստ ենք՝ առանց փակագծեր բացելու, առանց հողի չափ սահմանելու, դա բանակցությունների թեմա է:

Ս. Ս.- Ապրիլյան քառօրյա պատերազմը, բացի ռազմաքաղաքական հետևանքներից, ունեցավ նաև տնտեսական, սոցիալական լուրջ հետևանքներ: Ուզում եմ Ձեր մեկնաբանությունը լսել՝ ինչո՞ւ հատկապես այդ ուղղություններով եղան հակառակորդի հարձակումները, որքան հայտնի է՝ ԼՂՀ կառավարությունը բազմաթիվ ծրագրեր էր իրականացնում հենց այդ հատվածներում:

Արայիկ Հարությունյան- Նախ՝ չեմ ուզում նման հայտարարություն անել, որ հակառակորդը հենց դա է հաշվի առել՝ տնտեսական քաղաքականությունը, և ավելի խորը հաշվարկներ ունի՝ հյուսիս-հարավ ուղղությունների մասով: Իսկ արդեն ապրիլի 3-4-ին զգում էինք նաև կենտրոնական ուղղություններում նրանց շարժը: Սա երևի ավելի շատ մարտավարության արդյունք էր: Բայց, այո, և՛ հյուսիսում, և՛ հարավում մեծ ներդրումային նախագծեր էինք սկսել: Ամենամեծ ներդրումներն իրականացվել էին հենց հյուսիսային հատվածում, որովհետև այդ գյուղերի նշանակությունն ու ռազմավարությունը հաշվի առնելով՝ այդտեղ ենք իրականացրել, և համոզված եմ, որ մեր ունեցած վնասներն այդքան մեծ ազդեցություն չեն ունեցել ԼՂՀ տնտեսության վրա: Մեր բոլոր նախագծերում պրոբլեմներ ունեցանք, բայց դա ժամանակավոր է: Այսօր որևէ խնդիր մենք չունենք:

Ս. Ս.- Ընդհանուր առմամբ, այս քառօրյա պատերազմի հետևանքով եղած նյութական վնասները հաշվարկվե՞լ են:

Արայիկ Հարությունյան- Ուղղակի և անուղղակի վնասներ կան: Ուղղակի վնասները կարելի է այսօր չափել, բայց անուղղակին դժվար է, որովհետև, եթե այսօր ունենք կամավորականների մի մեծ բանակ, որոնք զբաղված չեն գյուղատնտեսական աշխատանքներով, գարնանացանով, սածիլ չեն տնկում, և այլն, ապա կորուստները շատ մեծ են լինելու: Բայց ազդեցությունը մեր երկրի տնտեսության հետագա աճի վրա այդքան մեծ չի լինելու, որովհետև մենք Արցախում ունեցել ենք հանդիպում ՀՀ նախագահի, վարչապետի հետ, և այն օժանդակությունը, որը նախատեսվում է Արցախի համար, թույլ է տալու կարճ ժամանակահատվածում վերացնել վնասը և վերականգնել տնտեսությունը: Հայաստանի իշխանությունների աջակցությունն Արցախին՝ տարբեր ոլորտներում, այսօր բազմապատկվել է, և օրերի կամ ամիսների ընթացքում տեսնելու ենք Արցախի նույն դինամիկ աճող տնտեսությունը:

Ս. Ս.- Մինչ տնտեսության առանձին ճյուղերին անդրադառնալը, կցանկանայի՝ խոսեիք բնակեցման ծրագրերի մասին. այս օրերին իրենց բնակավայրերից մարդիկ են տարհանվել, բնակավայրերի ավերածությունները մեծ թիվ են կազմում, այդ իմաստով՝ ի՞նչ է արվելու, որքա՞ն են վնասները:

Արայիկ Հարությունյան- Եթե զգանք, որ հետագա ակտիվ մարտական գործողություններ չեն լինի, շատ շուտ վերականգնելու ենք առաջին հերթին՝ Մատաղիսը, Մարտակերտում կարծես թե ամբողջությամբ, բացի մի քանի տներից, վերականգնված է: Արդեն վերականգնված է Մատաղիսի մի մասը: Բնակչությունը պատրաստ է վերադառնալ, մենք պետք է ռիսկերը հաշվարկենք, մանավանդ, որ Թալիշում ունենք խնդիրներ: Մենք որոշում դեռ չենք կայացրել, կան տարբեր առաջարկներ՝ կոնկրետ թալիշցիներին ժամանակավոր տեղավորել այլ բնակավայրերում, հետո, երաշխիք ունենալու դեպքում՝ նրանց առաջարկել արդեն տեղափոխվել իրենց բնակավայրեր: Ես համոզված եմ, որ թալիշցիների մեծ մասը ցանկություն ունի ապրել հենց Թալիշում, մի մասը՝ Ղարաբաղի այլ բնակավայրերում:

Ս.Ս.- Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ծրագիրն էր արվում, որը հիմնականում ֆինանսական միջոցների պատճառով դադարեցվեց: Հիմա, երբ հետհայացք ենք նետում ՝ որքանո՞վ էր դա արդյունավետ՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով, և արդյո՞ք հիմա անհրաժեշտ չէ նմանատիպ ծրագրերի վերագործարկումը:

Արայիկ Հարությունյան- Նախ՝ մենք դա չենք անվանել՝ վերաբնակեցում. 2007-ից մենք հայտարարել ենք՝ զարգացման ծրագիր Շահումյանի և Քաշաթաղի շրջանի, որովհետև, եթե վերաբնակեցում ես իրականացնում՝ առանց տնտեսական համապատասխան հիմնավորման և ծրագրերի, հետագայում հակառակ պրոցեսն է լինում, և ժողովուրդը սկսում է նորից տեղափոխվել: Ինչ-որ ժամանակահատվածում կոնկրետ Քաշաթաղում ունեինք մոտ 14 հազար բնակիչ, հետո բնակիչների մեծ մասը տեղափոխվեց, որովհետև չկային համապատասխան և՛ ենթակառուցվածքները, և՛ եկամտի աղբյուրը՝ գոյատևելու, դրա համար մենք նշեցինք՝ զարգացման նախագիծ, և սկսեցինք լուրջ ուշադրություն դարձնել վարկավորման ակտիվ քաղաքականությանը, տեխնիկային, գյուղատնտեսական աշխատանքներին, և սկսեց աճը: Չանվանելով դա վերաբնակեցում, մենք կոնկրետ հասանք մեր նպատակին՝ ժողովրդագրական աճին: Քաշաթաղի հարավից ժամեր հետո քաշաթաղցիները գտնվում էին Արցախի հյուսիս-արևելյան մասում, այսինքն՝ հարավ-արևմուտքից ժամեր հետո կամավորականների խումբը հասել էր հյուսիս-արևելք: Եվ կոնկրետ քաշաթաղցիներն այսօր լիիրավ մեր քաղաքացիներն են և ոչ պակաս են պայքարել այս օրերին, քան ծնունդով արցախցիները: Նրանք, լինելով տեղափոխված, վերաբնակեցված, պատվով կատարել են իրենց քաղաքացիական պարտքը:

Ս. Ս.- Հայաստանում այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ կառավարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, որպեսզի օրենսդրորեն աջակցի զոհվածների ընտանիքներին, վիրավորներին, և այլն: Այս առումով ինչ-որ քայլեր ԼՂՀ-ում արվո՞ւմ են, թե՞ դեռ դրա ժամանակը չէ, որովհետև լարվածությունը չի անցել:

Արայիկ Հարությունյան- Այդ նույն ընտանիքները սոցիալական այն խավն են, որոնք օգտվում են տարբեր արտոնություններից՝ նպաստներ, թոշակներ, և այլն: Այսինքն՝ կա պետության կողմից ծրագիր: Իհարկե, չեմ ասում՝ դա բավարար է, բայց մենք պարտավոր ենք այս օրերից հետո ևս մեծ ուշադրություն դարձնել: Բայց նաև կարող եմ նշել, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ արդեն իսկ հասցրել են այդ ընտանիքներին օժանդակել, մանավանդ՝ զոհվածների ընտանիքներին, և համոզված եմ, որ մենք հնարավորություն ենք ունենալու նաև հաշմանդամություն ստացած վիրավորներին աջակցություն ցուցաբերելու: Միայն կարող եմ ասել, որ հարցը լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

Ս.Ս.- Խոսենք այս օրերին ստեղծված օպերատիվ շտաբի մասին, որի ղեկավարն եք Դուք. փաստորեն, արդեն մոտ 8 մլն դոլարի չափ գումար է հավաքվել: Ինչպե՞ս եք պատրաստվում ծախսել այդ գումարները, ո՞ր ուղղություններով, և այս պահի դրությամբ ինչի՞ կարիք ունի ԼՂՀ-ն:

Արայիկ Հարությունյան- Նախ՝ ֆինանսական օգնության չափն արդեն անցել է 10 միլիոն դոլարը, բայց գումարներն ավելին են, որովհետև պարենային-ոչ պարենային մասնակցությունը հասնում է միլիարդների, և մենք առաջիկայում կփորձենք հրապարակել դրանք: Շատերն են այլ երկրներից զանգահարում և ասում, որ կարող են՝ այսքան գումար ուղարկել: Նման դեպքերում մենք ասում ենք, որ միանգամից մեքենա կամ այլ սարքավորում ուղարկեն, քանի որ այնտեղ ավելի էժան է: Ինչ վերաբերում է կոնկրետ ուղղություններին, ապա մեր պաշտպանության նախարարի հետ արդեն սկսել ենք իրականացնել աշխատանքներ՝ առաջին հերթին՝ ՊԲ-ի մարտունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ: Հաճախ, իհարկե, հասկանալի պատճառներով, չենք բացում փակագծերը: Իհարկե, այստեղ թափանցիկության խնդիրն է լինելու: Մի կողմից՝ մենք ցանկանում ենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ, մեր հայրենակիցներն ունենան հանրային վերահսկողություն, բայց մյուս կողմից էլ՝ մենք չեն կարող հրապարակել՝ ինչ ենք առել, ինչ գնով և որտեղից: Դրա համար ունենք մշակած մեխանիզմ, որն ապահովելու է գումարների նպատակային օգտագործումը: Եթե լինեք առաջնագծում կամ մեր ստորաբաժանումներում, անզեն աչքով կտեսնեք այդ փոփոխությունները:

Ս. Ս.- Միջազգային տնտեսական վերլուծական կենտրոններն Ալիևի այս քայլերը բացատրում են միջազգային շուկայում նավթի գների անկմամբ, տնտեսական վիճակով: Որպես երկրի վարչապետ, տնտեսության ղեկավար, կուզեի՝ զուգահեռներ անցկացնեք՝ որքանո՞վ էր դա կապված տնտեսական վիճակի և նավթային գների անկումների հետ:

Արայիկ Հարությունյան- Իհա՛րկե, կան տնտեսական հիմնավորումներ՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այսօր սկսել պատերազմը: Ի՞նչ են ցույց տալիս տնտեսական վերլուծությունները. նախ՝ անկում է սկսվել նրանց նավթի արտադրության ծավալներում, մի քանի տարի է՝ այդ անկումը երևում է, առաջիկայում անկման տեմպերն ավելի մեծ են լինելու: Խոսքս արտադրության մասին է: Երկրորդը՝ գների անկում, որը ֆինանսական խնդիրներ է առաջացնում, առաջիկա տարիներին չի երևում նավթի գների բարձրացում: Երրորդը՝ Ադրբեջանն ունի այլ մեծ խնդիր՝ ունի գազի պաշարներ, բայց իրացման խնդիր ունի, իսկ իրացման համար տարբեր ճանապարհներ են փնտրում, ծրագրեր են փորձում: Նա շրջապատված է հիմնականում այնպիսի երկրներով, որոնք ունեն գազ: Չհաշվենք՝ Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան, մնացած բոլոր հարևան երկրներն ունեն գազ, և հակառակը՝ գազ մատակարարող երկրներ են: Հետևաբար՝ գազի վաճառքի համար պահանջվում են շատ մեծ գումարներ՝ տասնյակ միլիարդներ, որովհետև չի կարողանալու իրացնել: Դրա համար, եթե նա այսօր չօգտագործի իր հնարավորությունը, ապագայում ֆինանսական մեծ հնարավորություններ էլ չի ունենալու, մանավանդ, որ վերջին տարիներին շատ մեծ գումարներ է ուղղել զենքի, ժամանակակից զինատեսակների ձեռքբերմանը, և հնարավորությունների բացակայության պատճառով՝ փորձեց ցույց տալ իր ուժը, բայց չստացվեց:

Ս. Ս.- Այսինքն՝ այս ագրեսիայով Ադրբեջանը փորձում էր ոչ միայն՝ իր ներքին, այլև՝ արտաքին խնդիրները լուծել, և ազդակներն ուղղված էին ոչ միայն Հայաստանին:

Արայիկ Հարությունյան– Գիտեք, մի շարք հիմնավորումներ կան՝ օֆշորային սկանդալ (Պանամայի օֆշորային սկանդալը), ներքաղաքական իրավիճակ, նավթի գների անկման հետ կապված՝ արտաքին պահուստների կրճատում, սոցիալական խնդիրներ: Նշեցի, որ մյուս կողմից՝ տարիներ շարունակ ձեռք են բերել մեծ քանակությամբ զինտեխնիկա, որը պետք է օգտագործել: Դրանք բոլորը հիմնավորումներ են կամ հաշվարկներ, դրա համար չպետք է մտածենք և տեսնենք՝ երբ կամ ինչպիսի վարքագիծ է ընդունել հակառակորդը: Միշտ պետք է պատրաստ լինենք:

Ս.Ս.- Ձեր կարծիքով՝ նոր ռազմական գործողությունների կդիմի՞ հակառակորդը:

Արայիկ Հարությունյան- Իհարկե, ունենք անկանխատեսելի հակառակորդ, բայց բոլոր հաշվարկները ցույց են տալիս՝ ո՛չ: Որովհետև ուժի առավելություն այս օրերին նա չի տեսել, հակառակը՝ հասկացել է, որ, եթե շարունակվի պատերազմը, ապա կունենա կորուստներ ոչ միայն՝ մարդկային, տեխնիկական, ֆինանսական, այլև՝ տարածքային: Նա այդքանը գիտի, նա համոզված է դրանում, և ես միշտ կոչ եմ անում մեր հայրենակիցներին՝ լինել ավելի զուսպ: Իրականում, մենք ունենք մարտունակ բանակ. ինչ խոսք, թերություններ ամեն տեղ կան, բայց այն, որ մեր բանակը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը՝ փաստ է, և համոզված եմ, որ դրա արդյունքում է այս օրերի հանգիստ առաջնագիծը: Բայց այն, որ ռազմական գործողությունների մեր հակառակորդը չի դիմելու, հուշում է մեր բանակի մարտունակությունը և այդ օրերի հակահարվածը, որը տրվել է մեր կողմից:

Ս. Ս.- Ի՞նչ դաս ենք մենք քաղել այս քառօրյա պատերազմից, որն ավելի ծանր ընդունեցինք, քան 90-ականներինը:

Արայիկ Հարությունյան- Դասեր ենք քաղել, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել բանակին, պետք է միշտ կանգնել բանակի կողքին, ցանկացած պարագայում: Դասեր ենք քաղել, որ պետք է լինել միասնական, ավելի հայրենասեր: Բայց նաև մենք ունեցանք խնդիրներ, որի համար ես ափսոսում եմ. այո, մենք պետք է մեր բացերի մասին խոսենք, բայց ոչ թե՝ չարախնդությամբ, ոչ թե՝ մատնացույց անելով՝ ասել՝ տեսե՛ք: Վարկաբեկող հայտարարությունները մեզ հարիր չեն, մենք ավելի շատ հակառակորդի ջրաղացին ենք ջուր լցնում: Եթե կան սխալներ, ապա պետք է օգնենք՝ ուղղել դրանք, միասին աշխատենք, միասին փորձենք մեր բանակը և տնտեսությունը զարգացնել: Չարախնդությունը կարելի է այսօր համեմատել դավաճանության հետ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս