Հայաստանն՝ ընդդեմ Հայաստանի

«100 կյանք» նախաձեռնության` ապրիլի 24-ին տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխությունը զարմացրել է շատ-շատերին, զարմացրել է հաճելիորեն. Հայաստանում կայացավ մի իրադարձություն, որն իր որակով, կազմակերպվածությամբ, ուղերձներով դուրս էր հայկական իրականության մանրությունից, ճղճիմությունից ու տասնամյակներ կրկնված լալահառաչությունից:

«Ավրորա» մրցանակաբաշխությունն իսկապես այլ չափողականության, այլ ժամանակի ու այլ տարածության իրադարձություն էր, որը կարող էր նույնությամբ անցկացվել աշխարհի ամենազարգացած մայրաքաղաքներից որևէ մեկում: Այդ միջոցառումը, իհարկե, կազմակերպված էր շատ բարձր մակարդակով` ինչպես՝ տեխնիկական պայմանների, այնպես էլ՝ մասնակիցների ներկայացուցչականության առումով:

Սակայն մրցանակաբաշխության այդչափ հաջողվածության պատճառն առաջին հերթին՝ դրա հիմքում դրված ուղերձներն էին, գաղափարախոսությունը` առաջին անգամ աշխարհից ոչ թե՝ պահանջել, ոչ թե՝ մուրալ ու սպասել, այլ՝ աշխարհին տալ ինչ-որ բան` երախտագիտության, շնորհակալության տեսքով: Դա Հայոց ցեղասպանությունը որպես համամարդկային խնդիր ներկայացնելու, թերևս, ամենահաջողված ճանապարհներից մեկն էր, որը հնարավորություն է տալիս համազգային, համամարդկային խնդիրն իջեցնել մարդու, անհատի մակարդակի` միաժամանակ այն դարձնելով գլոբալ, համաշխարհային հիմնախնդիր:

«Ավրորա» մրցանակաբաշխությունը, սակայն, այս ամենով հանդերձ՝ արտահայտում էր նաև այն հակասականությունը, որն առկա է այսօրվա Հայաստանի ու այդ նախաձեռնության հեղինակների տեսլականի, նրանց գործի հիմքում ընկած արժեքների միջև: Որովհետև այդ մրցանակաբաշխությունն անց էր կացվում մի երկրում, որտեղ գրեթե ամեն ինչ արվում է մարդու, անհատի դեմ, որտեղ առանձին վերցրած մարդիկ, մարդկանց խմբեր զբաղված են հանրային ու պետական բարիքների անմնացորդ մսխմամբ, որտեղ անհատը, քաղաքացին պետության համար ոչ թե՝ նպատակ է, այլ՝ միջոց:

«Ավրորա» մրցանակաբաշխությունը, դրա հիմքում դրված գաղափարներն իրենց ամբողջության մեջ հակապատկերն են բոլոր այն որակների, որ կրում է Հայաստանի այսօրվա իշխանությունը, ընտրախավ կոչվածը, որի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունն օրգանական որևէ առնչություն չունի մարդասիրության, այլոց օգնելու հատկությունների, խիզախության ու կամքի հետ:

Այնպես որ, «Ավրորա» մրցանակը շատ արդիական է նաև Հայաստանի Հանրապետության համար: Դա պետք է շնորհել այն անհատներին, ովքեր կկարողանան Հայաստանը փրկել բոլոր նրանցից, ովքեր պետությունը հասցրել են այս որակներին, ավելի ճիշտ՝ անորակությանը: Դրա համար «Ավրորայի» նախաձեռնողների պատկերացրած Հայաստանը պետք է պայքարի այսօրվա Հայաստանի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս