Ռուսները ժամանակ են խնդրել հայկական կողմի հետ հայտարարություն ընդունելու համար

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվեց ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստը: Մեկ ամբողջ օր տևած բուռն քննարկումներն ավարտվեցին անարդյունք` նրանք որևէ հայտարարություն չընդունեցին: ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այդ փաստը բացատրեց նրանով, որ ռուսական կողմը խնդրել է ժամանակ` ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախապատրաստած հայտարարության տեքստի լրամշակման համար, ինչին իրենք համաձայնել են:

Նա վստահեցրեց, թե հայտարարությունը կարճ ժամանակում կստորագրվի: Ըստ Կ.Նահապետյանի` հայտարարությունը լինելու է Հարավային Կովկասում ավելի կայուն անվտանգություն ապահովելու ուղղությամբ գործնական քայլեր անելու մասին:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը համատեղ հայտարարության ուշացումը պատճառաբանեց նրանով, որ այս նիստը ծրագրվել էր դեռ կես տարի առաջ, երբ ապրիլյան դեպքերի մասին չէին էլ կարող ենթադրել: Ըստ նրա՝ նման հայտարարությունը պետք է նախապես համաձայնեցվի ՌԴ խորհրդարանի 3 կոմիտեների կողմից:

«Այսօր չկար հնարավորություն որևէ որոշում կայացնելու: Այս նիստը տապալում չի կարելի համարել: Առաջացած խնդիրները չեն անտեսվել, մենք քննարկել ենք ապրիլյան իրադարձությունները, շատ արժեքավոր գնահատականներ ենք ստացել, որը կարևոր է որոշումներ կայացնելու համար, որ այս իրադարձություններն այլևս չկրկնվեն»,- վստահեցրեց Ա. Չեկալինը` ցավակցություններ հայտնելով ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներին:

Տեսանյութեր

Լրահոս