«Հայաստանի քաղաքական էլիտայի համար հիանալի հնարավորություն է ստեղծվել». ուկրաինացի փորձագետ
«Հայաստանի իշխանական էլիտայի և ղեկավարության համար ստեղծված իրավիճակը հիանալի հնարավորություն է՝ փորձարկել Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող համագործակցության և մեխանիզմների արդյունավետությունը, խոսքը հատկապես ՀԱՊԿ-ին է վերաբերում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկը՝ պատասխանելով հարցին, թե հայ-ռուսական հարաբերությունների հավասարակշռման ի՞նչ լծակներ է տեսնում:
Նա նաև նշեց, որ, եթե հայ-ռուսական իրավապայմանագրային բազային համապատասխան մեխանիզմները չաշխատեն, ապա ՀՀ իշխանությունները համապատասխան հետևություններ կանեն այդ հարաբերությունների վերաբերյալ, քանի որ Ռուսաստանի հետ համագործակցության համար տուժում է ՀՀ ինքնիշխանությունը և որոշակի ազատությունները, իսկ դրա փոխարեն՝ Հայաստանը ոչինչ չի ստանում:
Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է ՀՀ իշխանությունների՝ Ռուսաստանին ուղղված քննադատությունները փոխեն ՌԴ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, պատասխանել է.
«Ռուսաստանի քաղաքականության վրա ազդելը դժվար է նույնիսկ խոշոր խաղացողների համար: Այնպես որ, ձեր հարցի այդ մասին չեմ կարող դրական պատասխան տալ»: Սերգի Գերասիմչուկը նաև նշեց, որ հրաժարվելով Ռուսաստանի առաջարկած պրոյեկտներից՝ պետք չէ Արևմուտքից ակնթարթային աջակցություն և արձագանք ակնկալել, քանի որ արևմտյան կառույցները շարունակում են դանդաղ գործել ու արձագանքել մարտահրավերներին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: