Ինչու է կրակել և ինչու է սվինահարել փոքրիկ Սերյոժային Պերմյակովը. դատարանում հրապարակվեցին նրա ցուցմունքները
Գյուրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանի դահլիճում: Այսօր Գյումրիի ռուսական ռազմաբազայի տարածքում շարունակվող նիստին դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:
Դատարանի դահլիճում հնչած հարցին` Պերմյակովը հաստատում է, որ ինքն է հունվարի 12-ին մտել Ավետիսյանների բնակարան, մեղադրյալը պատասխանեց` այո: Հարցին` նա է ավազակային հարձակման համար սպանել Ավետիսյանների, պատասխանեց. «Հրաժարվում եմ պատասխանել»:
Նա նաև նշեց, որ իրեն չեն ահաբեկել, որևէ բանով կաշկանդված չէ, բայց ցուցմունք չի տա և համաձայն է, որ հրապարակվեն նախաքննական ցուցմունքները: Դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ինչպե՞ս է առողջական վիճակը, Պերմյակովը պատասխանեց` նորմալ է:
Հրապարակված առաջին հարցաքննության համաձայն` Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն ջուր խմելու, քննիչի այն հարցին, թե կասկածյալն օգտագործե՞լ է իրեն ամրակցված զենքը, մեղադրյալը պատասխանել է` այո: Երբ ջուրը խմել է ու ցանկացել գնալ` արթնացել է աղջիկը, վերցրել հեռախոսն ու սպառնացել զանգել ոստիկանություն: «Ես էլ, վախենալով, որ կզանգի, կրակեցի: Հետո ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց»,- նշված է եղել ցուցմունքում:
Քննիչի այն հարցին, թե քանի՞ մարդու ես կրակել` Պերմյակովն ասել է. «Վեցին, իսկ փոքրին սվին դանակով եմ հարվածել»:
Հարցին, թե ի՞նչ մտադրությամբ, Պերմյակովը պատասխանել է. «Ոչ մի, ուղղակի ինքնաբերաբար ստացվեց»:
Առաջին ցուցմունքի մեջ նաև նշել է, թե ինչպես է մտել Ավետիսյանների բնակարան և հետո ինչ է իր հետ տարել: Այն հարցին, թե զղջո՞ւմ է արածի համար, ասել է` այո:
Դատարանի դահլիճում հնչել են ինչպես որպես կասկածյալ հարցաքննական ցուցմունքները, այնպես էլ որպես մեղադրյալ: Նշվել է, որ Պերմյակովը Չիտայում ծառայության ընթացքում 8 անգամ լքել է զորամասը, իսկ Գյումրիում զորամասը լքելու պատճառը Չիտա վերադառնալն է եղել: Զենքը տարել է իր հետ, որ կարողանա հագուստ ու գումար վերցնել, հասնել սահման ու հատել այն: Ավետիսյանների տունն ընտրել է պատահաբար:
«Աղջկա վրա կրակելուց հետո մյուս սենյակում, որտեղ ամուսիններ էին պառկած, տղամարդը ինչ-որ բան ասաց, հավանբար` հայերեն, ես կրակեցի: Հաջորդ սենյակում ևս տղամարդ կար, փորձում էր ինչ-որ բան ասել, կրակեցի, ապա երրորդ սենյակում տեսա, որ մահճակալին պառկած կինը փորձում է զանգել հեռախոսով, հետո տեսա մանկական մահճակալի մեջ երեխայի, կրակեցի, երբ ուզեցի դուրս գալ, լսեցի մանկան ճիչ, սվին դանակով հարվածեցի»,- նշված է ցուցմունքում: Քննիչի այն հարցին, թե ինչո՞ւ կրակեցիր այդ մարդկանց, Պերմյակովը պատասխանել է. «Ինքնաբերաբար է ստացվել»: Իսկ փոքրիկին սվին դանակով է հարվածել, քանի որ ինքնաձիգը արգելափակվել է ու չի ցանկացել, որ տանն այդքանից հետո կենդանի մարդ մնա: