ԼՂ-ից ստացվող անհանգստացնող հաղորդագրությունների ֆոնին՝ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը «նվազագույնը՝ խնամքով զսպված է». Մարկեդոնով

ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Forbes-ի իր սյունակում կարծիք է հայտնել, թե ներկայում ակնհայտ է, որ Ղարաբաղում 1994թ. մայիսի 12-ին զինադադարի մասին համաձայնագրից հետո այս լարվածությունն ամենամասշտաբայինն է:

«Եթե այն չկասեցվի մոտ ժամանակներս, ապա կարելի է ստանալ ևս մեկ հին՝ էթնոքաղաքական հակամարտության «ապասառեցում»»,- գրել է քաղաքագետը:
Վերջինիս դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղից ստացվող անհանգստացնող հաղորդագրությունների ֆոնին՝ պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը «նվազագույնը խնամքով զսպված է»:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել կողմերին՝ դադարեցնել կրակը, դիվանագիտական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բանակցություններ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերների հետ:

Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է՝ Վաշինգտոնի և Փարիզի հետ: Սակայն հավաքը նշանակվել էր միայն նոր աշխատանքային շաբաթվա սկզբին, ու չի երևում, թե Ռուսաստանը փորձել է ինչ-որ կերպ արագացնել այդ գործընթացը: Ո՞րն է նման դիրքորոշման պատճառը: Դա դադա՞ր է ինչ-որ արմատական որոշում կայացնելուց առաջ, թե՞ վճռորոշ կլինի հենց արտաքին քաղաքական գծի ընտրության զգուշությունը: Այստեղ դժվար է հեռանալ հետխորհրդային հակամարտությունների համեմատությունից»,- գրում է Մարկեդոնովը:

Նրա դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ մի ձևով չի հիշատակվել ռուսական արտաքին քաղաքականության կոնցեպցիայում, ոչ էլ պաշտոնական փաստաթղթերում: Մոսկվան չի ընդունել այնտեղ անցկացված ընտրությունները, ու այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարց օրակարգում դրված չէ:

Կարելի է ասել, որ Մոսկվան չունի էթնոքաղաքական հակամարտությունների արձագանքման բանաձև ու գործում է՝ անկախ Արևմուտքի հետ հարաբերություններից կամ «մայր պետություններից», որոնց կազմում հայտնվում են չճանաչված միություններ, սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունը հավելյալ հարցեր է առաջացնում:
Առաջին հերթին, ըստ Մարկեդոնովի, Հայաստանը ոչ միայն Անդրկովկասի երկրներից է, այլև Ռուսաստանի միակ ռազմաքաղաքական դաշնակիցն է տարածաշրջանում:

Հայաստանը երկու եվրասիական ինտեգրացիոն նախագծերի մասնակից է, իսկ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռազմաբազան: Պաշտոնական Երևանը Ռուսաստանի այն քիչ դաշնակիցներից էր, որոնք աջակցեցին Մոսկվային՝ Անկարայի հետ կոնֆլիկտի ժամանակ, այդ ֆոնին ավելի զուսպ և զգուշավոր էին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի մեկնաբանությունները:

Երկրորդ՝ Հայաստանի աշխարհաքաղաքական մրցակից Ադրբեջանը Թուրքիայի բազմամյա ռազմավարական դաշնակիցն է: Դեռևս 1993թ. ապրիլին Թուրքիայի իշխանությունները փակել էին Հայաստանի հետ ցամաքային սահմանը, իսկ դրանից հետո ձեռնարկել մի շարք ենթակառուցվածքային նախագծեր, որոնց ընդհանուր նպատակն է՝ ուժեղացնել Հայաստանի մեկուսացվածությունը:

Դրա հետ կապված, ԼՂ-ում ապրիլյան իրադարձությունների ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի համերաշխությունը դիտվում է՝ որպես օրինաչափություն:

«Եվ ավելի տարօրինակ է թվում Ռուսաստանի չափավոր դիրքորոշումը: Թվում էր, թե Թուրքիան Ադրբեջանի հետ է ու ընդդեմ Հայաստանի շահերի: Որոնք կարող են լինել մտահոգությունների պատճառները: Սակայն դրանք կան, և ավելի՝ քան ծանրակշիռ»,- կարծիք է հայտնում քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները չեն եղել թշնամական, Ռուսաստանն ու Ադրբեջանը կիսում են ընդհանուր դաղստանյան պետական սահմանի հատվածը, որը չափազանց կարևոր է նրանց ազգային անվտանգության համար: Կորցնելով Վրաստանի վրա ազդելու լծակները՝ «Մոսկվան չի կարող իրեն թույլ տալ նման շքեղություն, ինչպիսին թշնամանալն է Ադրբեջանի հետ»:

«Բացի այդ՝ Ադրբեջանի վերածումն ակնհայտ թշնամական երկրի, կավարտի Անկարա-Բաքու-Թբիլիսի հակառուսական կոնֆիգուրացիան, որը դեռ ունի ներքին տարաձայնություններ: Բացի այդ, հարկ է հիշել Մոսկվայի սպեցիֆիկ տրամաբանության մասին: Էթնոքաղաքական հակամարտությունների ժամանակ Ռուսաստանը նախընտրում է ստատուս-քվոն»,- ասում է նա:

Մարկեդոնովը կարծում է, որ, եթե անգամ ներկայիս էսկալացիայի բռնկումը հաջողվի կասեցնել, ապա չլուծված կմնան այլ հարցեր՝ փախստականների խնդիրները և շատ այլ բաներ:

Ի տարբերություն այլ հակամարտությունների՝ Ղարաբաղում Ռուսաստանի հետաքրքրությունները կոշտ չեն հակասում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի մոտեցումներին, ու դա ստիպում է ռուս դիվանագետներին զուսպ լինել:

Տեսանյութեր

Լրահոս