Բաժիններ՝

ՄԻԵԴ հերթական վճիռը՝ Հայաստանի դեմ. որքա՞ն գումար կվճարի կառավարությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մարտի 31-ին՝ երեկ, հրապարակել է «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: Դիմումատուն պնդել է, որ 2001թ. հունիսին կայացված վերջնական դատական ակտը բեկանելը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը և իր ունեցվածքը խաղաղ տնօրինելու իրավունքը: Դատարանն արձանագրել է արդար դատաքննության, սեփականության պաշտպանության իրավունքների խախտումներ:

Դատարանը դիմումատուին և Կառավարությանն առաջարկել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում ներկայացնել գրավոր դիտարկումներ վնասների չափի մասին:

Դիմումատուն ծնվել է 1969թ. Երևանում: 1991թ. դիմումատուն առանց թույլտվության Երևանում շինություն է կառուցել: Նա պնդել է, որ այդ հատվածը որևէ մեկի կողմից չի օգտագործվել, ինքը մաքրել է այն, կառուցել շինությունն ու օգտագործել իր նպատակների համար: 2001թ. դիմումատուն դատական գործընթաց է սկսել՝ շինության նկատմամբ իր սեփականության իրավունքը և տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու համար: 2001թ. հունիսին Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է ճանաչել շինության նկատմամբ նրա սեփականության իրավունքը և տարածքը թողնել նրա օգտագործմանը:

Այս որոշման դեմ սահմանված ժամկետում բողոք չի բերվել, և այն մտել է օրինական ուժի մեջ: 2003թ. ճանաչվել է դիմումատուի սեփականության իրավունքը տարածքի նկատմամբ: Դիմումատուն պարբերաբար հարկեր է վճարել տարածքների համար:
2008թ. նոյեմբերին երրորդ անձը Երևանի քաղաքապետարան գրություն է ուղարկել այն մասին, որ 2008թ. հունիսին կայացած աճուրդի ընթացքում գնել է տարածք: Երբ դիմել է անշարժ գույքի գրանցման տարածքային կենտրոն, տեղեկացել է, որ այն կիսով չափ համընկնում է հարևան տարածքի հետ: Նա պահանջել է չեղյալ համարել կայացած աճուրդը, համընկնող տարածքի համար վճարված գումարը ետ վերադարձնել և մնացած տարածքի համար կնքել նոր պայմանագիր: 2009թ. փետրվարին Անշարժ գույքի գրանցման տարածքային կենտրոնը նամակ է հասցեագրել Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ դիմումատուի սեփականության գրանցումը կատարվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա:

2009թ. Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել 2001թ. որոշման դեմ՝ խնդրելով բեկանել այն և մերժել դիմումատուի պահանջը՝ նշելով, որ տարածքը պատկանել է պետությանը, և այնպես չէ, որ սեփականատեր չի ունեցել: Արդյունքում՝ դատարանի որոշումը վնաս է հասցրել պետության նյութական շահերին: Գլխավոր դատախազությունն իր բողոքում նաև նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է եղել՝ որպես կողմեր ներգրավվել անշարժ գույքի գրանցման տարածքային կենտրոնին և Երևանի քաղաքապետարանին, սակայն, նրանց բացակայությամբ խախտելով նրանց իրավունքները՝ վճիռ կայացնելով, դատարանը խախտել է ընթացակարգային օրենսդրությունը: Վերաքննիչ դատարանից Գլխավոր դատախազությունը խնդրել է վերականգնել բաց թողնված ժամանակը՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանը տեղյակ չի եղել 2001թ. հունիսի 8-ի որոշումից, այդ պատճառով զրկված է եղել բողոք բերելու հնարավորությունից, 2009թ. մայիսին բողոք ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանը: Դիմումատուն պատասխան է ներկայացրել՝ ներկայացնելով իր առարկությունները:

2009թ. հուլիսին վերաքննիչ դատարանը որոշել է բավարարել բողոքները, բեկանել 2001թ. Շենգավիթ վարչական շրջանի դատարանի կողմից կայացված որոշումը և մերժել դիմումատուի պահանջները: Դիմումատուն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել, սակայն վճռաբեկ դատարանն այն վերադարձրել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս