ԱՄՆ-ի ապտակը՝ Ադրբեջանի՞ն, թե՞ նվերը՝ Հայաստանին
Մարտի 28-ից մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն ԱՄՆ, որտեղ նա մասնակցում է միջուկային անվտանգության գագաթաժողովին և հանդիպումներ է ունենում հայ համայնքի, հայկական կառույցների և եկեղեցիների ներկայացուցիչների հետ։ Այս այցը հատկանշական է նրանով, որ տեղի է ունենում ԼՂ հակամարտության գոտում Նահանգների նախաձեռնողական քաղաքականության շրջանում, երբ ԱՄՆ-ը տարբեր մակարդակներում կոչ է անում կողմերին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ ներդնել, ջանքեր է գործադրում Ալիև-Սարգսյան հանդիպումը կազմակերպելու համար, որը, ըստ փորձագիտական հանրության, տապալվեց Ադրբեջանի մեղքով։
Այս ամենին զուգահեռ՝ ամերիկյան Հավայի նահանգի օրենսդիր ժողովն օրերս ընդունեց բանաձև, որով ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ 167 բանաձևում, որը վերնագրված է «Հարգելով և ճանաչելով ԼՂՀ-ն», ասվում է, որ Հավայի նահանգի 28-րդ օրենսդիր ժողովի Ներկայացուցիչների պալատը 2016 թվականի հերթական նիստում «ճանաչում է ԼՂ Հանրապետությունը և խրախուսում միջազգային հանրությանը՝ ճանաչելու Ղարաբաղը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»։ Հավային դարձել է Արցախի անկախությունը ճանաչած ամերիկյան 7-րդ նահանգը՝ Կալիֆոռնիայից, Լուիզիանայից, Ռոդ Այլենդից, Մասաչուսեթսից, Մենից ու Ջորջիայից հետո։ Թեև ԱՄՆ նահանգները լիովին անկախ են Վաշինգտոնի իշխանությունների որոշումներից, դժվար է չմտածել, որ Սարգսյանի այցը Վաշինգտոն և Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն իրար հետ կապված չեն ու ուղերձ չեն ՀՀ իշխանություններին։
«168 Ժամի» հետ զրույցում քաղաքագետ Գևորգ Մելիքյանը նշեց, որ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կապ ունի Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի հետ։ Նրա կարծիքով՝ Հայ Դատը փորձում է շնորհակալություն հայտնել Սարգսյանին այն բանի համար, որ ՀՀ իշխանությունները կոալիցիայում տեսել են դաշնակցականներին, նրանց նախարարական պորտֆելներ տվել։
«Այսինքն՝ վստահաբար Հայ Դատը մեծ աշխատանք է տարել, և յոթ նահանգների դեպքում, որոնք ճանաչել են ԼՂՀ անկախությունը, Հայ Դատի ներդրումը մեծ է։ Այստեղ կարևոր է նաև այլ դիտանկյունից նայել այս հարցին, թե որքանով են նման ճանաչումները քաղաքականապես կարևոր և ինչ ազդեցություն, արժեք ունեն։ Յոթ նահանգներ ճանաչել են, և ավելի շատ է այն նահանգների քանակը, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Որքանո՞վ է սա անդրադառնում ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, ոչ մի կերպով։
Կարծում եմ, որ ՀՀ-ն պետք է դադարի ոգևորվել նման տեղական բնույթի քաղաքականությամբ, համայնքները որոշակի աշխատանք են տանում տեղերում, և հասկանալի է, որ, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում տարբեր քաղաքներում կարող են լինել Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, խաչքարերի բացումներ և այլն, իհարկե, Ֆրանսիան ճանաչել է Ցեղասպանությունը, սա մեծ հարցի փոքր մասն է, որքանով են ճանաչումները նպաստում գլոբալ քաղաքականության առաջմղմանը։ ՀՀ-ն մի կողմից՝ բանակցային գործընթացի մեջ է ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ, բայց մյուս կողմից՝ ներսում աշխատանք է տարվում անկախության ճանաչման համար։
Այսինքն՝ նորից հարց է առաջանում, թե ի՞նչ է Հայաստանը ցանկանում ԼՂ հակամարտության հարցում։ Եթե նույնիսկ 50 նահանգ ճանաչի ԼՂՀ անկախությունը, դա չի ունենա նշանակություն»,- ասաց Մելիքյանը։
Վերջինիս համոզմամբ, այս հարցում զրոյական է ԱՄՆ իշխանության ազդեցության գործոնը։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում տեղական ինքնակառավարման մարմիններն անկախ են, իսկ արտաքին քաղաքականությունը կարող է վարել միայն կենտրոնական իշխանությունը և, մասնավորապես, ԱՄՆ նախագահը։
«Իսկ ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխություն մենք չենք կարող ակնկալել այս պահին, որովհետև ընտրություններ են, մինչև հունվար պետք է սպասել։ ԱՄՆ-ի համար այսօր առաջնահերթություններ են միջազգային ահաբեկչությունը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը և, հատկապես, Ռուսաստանի հետ հարաբերությունները։ ԼՂ կարգավորումը տեղում Հայաստանի ու Ադրբեջանի խնդիրն է, պետք է սա հասկանանք»։
Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հավայի նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն ԱՄՆ քաղաքականության հետևանքն է։
«Երբ ադրբեջանցիները փորձում են իրենց պահվածքով դեմ գնալ կարգավորման գործընթացին՝ փորձելով այն բերել ադրբեջանամետ լուծման դաշտ, ապա ԱՄՆ-ի հերթական նահանգը սառը ջուր է լցնում Ադրբեջանի գլխին, եթե դա բավարար չի լինում, ապա հաջորդն է նույնն անում։ Սա Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոց է»,- ասաց Մեհրաբյանը։ Նրա կարծիքով ևս՝ այս ճանաչումներն իրավաբանական ուժ չունեն։ Բայց նրա համոզմամբ՝ լուրջ քաղաքական լծակ են։
«Նույնը Հայոց ցեղասպանության հարցում է տեղի ունենում։ Նահանգների մեծ մասն ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ֆեդերալ մակարդակով որոշում չկա, բայց նահանգային մակարդակում սա Թուրքիայի նկատմամբ լրջագույն ճնշում է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Նա այն կարծիքին է, որ Հավայի նահանգի որոշումը Վաշինգտոնում նախատեսվող Ալիև-Սարգսյան հանդիպումը և հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերահսկողական մեխանիզմի ներդրման առաջարկները մերժելու Ադրբեջանի քայլերի պատասխանն էր։
«Ինձ համար այս հարցում զարմանալի է թե՛ ԼՂՀ հասարակության, թե՛ իշխանության պասիվ, անհասկանալի դիրքորոշումը։ Տպավորություն է, որ իրենց սրտով չէ հատկապես, երբ զուռնա-դհոլով դուրս են գալիս փողոցներ Ղրիմի անկախությունը տոնելու, ինչը մեծագույն վնաս հասցրեց ՀՀ շահերին։ Ես ուրախություն չեմ տեսնում ԼՂ-ում, կարծեք թե Մոզամբիկի անկախության մասին է խոսքը, և ոչ թե՝ Ղարաբաղի։
Հորիզոնական հարաբերությունների հարթությունում ԱՄՆ-ում շատ է համակրանքը հայ ժողովրդի նկատմամբ, դա, ի վերջո, հայ համայնքի արժանիքն է, այս ամենը քաղաքական կապիտալ է, որը պետք է օգտագործվի, բայց արդյո՞ք օգտագործվում է, իհա՛րկե ոչ, որովհետև սուվերենությունը կամովին Ռուսաստանին զիջող պետությանը չեն հարգում, այն էլ՝ այն ժամանակ, երբ Արևմուտքն այսօր դիմակայության մեջ է Ռուսաստանի հետ ոչ իր մեղքով»,- ասաց Մեհրաբյանը։