Բաժիններ՝

«Ես փորձում եմ ամեն ինչ անել, որ մարդիկ կրկին հավատան հրաշքներին»

Ավազե նկարչությունը բավականին տարածված, բայց դեռևս նոր ուղղություն է նկարչության մեջ: Արվեստի այս տեսակը սկիզբ է առել 1970-ական թվականներից: Հիմա այն ժամանակակից նկարչության կարևորագույն ճյուղերից է: Հայաստանում, ցավոք, ավազե նկարչությունն այդքան էլ տարածված չէ: Սակայն երիտասարդ նկարիչ Արմեն Մխոյանը փորձում է ամեն կերպ լրացնել այդ բացը: Արմենի հետ զրուցել ենք ավազե նկարչության և մի շարք այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

Արմե՛ն, գիտեմ, որ Ձեր նախասիրությունների շրջանակը բավականին լայն է: Այնուամենայնիվ, զրույցը սկսենք ավազե նկարչությունից: Ի՞նչ է այն, ինչպե՞ս է առաջացել նկարչության այդ տեսակը:

– Ավազով նկարչությունն արվեստի նոր ուղղություն է, որտեղ պատկերները ստացվում են ապակու վրա՝ դրա ներքևում տեղադրված լույսի շնորհիվ։ Առաջին անգամ այն կիրառվել է կանադացի ռեժիսոր-անիմատոր Քերոլայն Լիֆի կողմից՝ իր դիպլոմային աշխատանքում, երբ նա որպես նորություն՝ որոշեց սցենարը ներկայացնել ապակու վրա ավազով պատկերների ստացման եղանակով, որն էլ այդ ժամանակահատվածում առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ։ Մի քանի տարի անց արդեն նա ներկայացրեց «Փողոցը» անվանումը կրող անիմացիոն մուլտֆիլմը, որն ամբողջովին ավազով էր ստացված, և այդ աշխատանքն արդեն մեծ հաջողություններ բերեց նրան՝ սկիզբ դնելով նոր արվեստի տեսակին։ Տարիներ անց մի շարք երկրներում ավազով նկարչությունը սկսեց օգտագործվել՝ որպես անիմացիոն ժանրի արվեստի տեսակ, երբ նկարիչը ելույթային տարբերակով ավազով ներկայացնում էր որևէ պատմություն։ Հաջորդ նշանակության կիրառումն արդեն հոգեբանական բնույթ է կրում։ Ընդհանրապես նկարչության այս տեսակն առանձնանում է մյուսներից նրանով, որ այստեղ վերջնարդյունքի պահպանողականություն չկա: Այսինքն՝ նկարում ես և միանգամից կարող ես այն մաքրել, իսկ դա, օրինակ, հնարավորություն է տալիս երեխաների շրջանում զերծ մնալ անհաջող արդյունքի դեպքում նկարչության հանդեպ հիասթափություն ապրելուց։

Armen (2) Armen (4)

– Ավազե նկարչությունը բավականին տարածված է ամբողջ աշխարհում: Հայաստանում, սակայն, այն շատ քչերին է հայտնի, ի՞նչ եք կարծում, ո՞րն է պատճառը:

Չէի ասի՝ ամբողջ աշխարհում բավականին տարածում ունի, քանի որ մի շարք երկրներում այն տարածված է ոչ ավելի, քան Հայաստանում, բայց այնուամենայնիվ, նշեմ մի քանի պատճառներ։ Նախ՝ շատերը դեռևս չեն կարողանում համապատասխան հեռանկարներ տեսնել դրանում, դեռևս համապատասխան պահանջարկ չի հասցրել ձևավորվել, իսկ պահանջարկի ձևավորումը ժամանակ և մեծ ջանքեր է պահանջում: Մյուս գործոնն այն է, որ կա մրցակցության խնդիր, կան այս ոլորտի շատ քիչ ներկայացուցիչներ, որը համապատասխան մոտիվացիայի և զարգացման չի մղում: Մյուս՝ ավելի լուրջ խնդիրն այն է, որ չկան համապատասխան ուսուցողական ձեռնարկներ կամ գրքեր, որոնցով հնարավոր կլինի սովորել, և բոլոր զբաղվողները ստիպված ինքնուրույն բացահայտումների են գնում։ Ինքս, մոտ 3 տարի է արդեն, ուսումնասիրում և զբաղվում եմ ավազով նկարչությամբ, և այս ընթացքում իմ պրակտիկ գիտելիքները կուտակելով՝ մշակել եմ համապատասխան ուսումնական ծրագիր: Հիմա ունեմ աշակերտներ, որոնց հետ անցկացնում եմ դասընթացները։ Ցանկությունս մեծ է՝ այս ոլորտը հնարավորինս տարածել մեզ մոտ և նպաստել նոր մասնագետների կայացմանը։ Հետագայում նպատակ ունեմ այն արդիականացնելու ուսումնական հաստատություններում, երբ համապատասխան մակարդակի արդյունքներ կսկսեմ ցուցաբերել ու ծրագրային տեսքով կներկայացնեմ համապատասխան կառույցներում։

Armen (3)

– Մի փոքր խոսենք Ձեր մյուս նախասիրություններից, որոնք ոչ պակաս հետաքրքիր են, քան ավազե նկարչությունը: Գիտեմ, որ զբաղվում եք նաև աճպարարությամբ: Ի՞նչը Ձեզ ստիպեց հետաքրքրվել դրանով:

Երբ 10 տարեկան էի, հեռուստատեսությամբ մի հաղորդաշար սկսեց եթեր գնալ, որը կոչվում էր «Մեծ պատրանքներ»։ Ամեն շաբաթ եթեր գնացող այդ հաղորդաշարը ձայնագրում էի տեսասկավառակների վրա և սկսում երկար նայել, մինչև սկսում էի ինչ-որ գաղտնի էլեմենտներ բացահայտել։ Արդեն 15 տարուց ավելի զբաղվում և ուսումնասիրում եմ աճպարարությունը ու ամեն անգամ հասկանում եմ, որ չկա սահման, որտեղ կարող ես ասել, որ ամեն ինչ յուրացրել ես։ Շատ կարևոր է՝ սկզբնական շրջանում շատ մեծ ցանկությունը զբաղվելու, քանի որ սկզբնական պարապմունքներն ուղեկցվում են, օրինակ, անընդհատ խաղաթղթերը ձեռքից թափվելով և մի շարք այլ դժվարություններով, որոնք տանում են հիասթափության։ Դրանք հաղթահարելով՝ տեղափոխվում ես այլ հարթություն։

Armen (5)

Իսկ կենցաղում երբևէ օգտվե՞լ եք աճպարարական հնարքներից:

– Կենցաղում սովորաբար պետք է գալիս երեխաների հետ առնչվելիս։ Ավելի շատ այն օգտագործում եմ իրավիճակին հետաքրքիր ու անսպասելի ելք հաղորդելու համար։ Սիրում եմ երեխաների դեմքին պսպղացող ու զարմացած աչքեր տեսնել։ Չկա ավելի հաճելի զգացողություն, քան նրանց աչքերում տեսնել հրաշքի հետ առնչված արտահայտություն։ Հրաշքներ գոյություն ունեն, եթե հավատում ես։ Մարդկության ամենամեծ խնդիրներից է այն, որ նրանք դադարել են հավատալ։ Ես փորձում եմ ամեն ինչ անել, որ մարդիկ կրկին հավատան հրաշքներին։

Սովորաբար աճպարարներին հաճախ են դիմում՝ գաղտնիքներ բացահայտելու խնդրանքով: Բացահայտո՞ւմ եք Ձեր գաղտնիքները:

– Սովորաբար նման խնդրանքներն ուղեկցվում են հետևյալ արտահայտությամբ․«Ոչ մեկին չենք ասի գաղտնիքը ու քո գործին էլ չենք խփի», կոպիտ ասած։ Սակայն ես ստիպված ամեն անգամ բացատրում եմ, որ ես միայն ուրախ կլինեմ, եթե գտնվեն մարդիկ, որոնք կցանկանան իսկապես լուրջ զբաղվել աճպարարությամբ և կունենան այն մոտեցումները, որոնք ես ունեմ։

Armen (8)

Բայց գաղտնիքն իմանալով՝ հնարքներին չես տիրապետում, դա երկար և լուրջ աշխատանք է պահանջում, երկար պարապմունքներ։ Իսկ նման մարդիկ պարզապես ուզում են բացահայտել գաղտնիքը՝ շատ ժամանակ, իրենց մոտեցմամբ՝ խաբված չլինելու համար, դա գալիս է նրանից, որ կա հանդիսատեսի մի քանի տեսակ։ Մարդկանց մի մասն աճպարարությանը վերաբերվում է՝ որպես հետաքրքիր ու հաճելի երևույթի։ Նրանք առանձնապես չեն հետաքրքրվում գաղտնիքներով։ Սիրում ու հաճույքով եմ ցուցադրում հնարքներ այդպիսի հանդիսատեսին։ Բայց կան մարդիկ, որոնք մտածում են, թե դու խաբում ես իրենց, և խաբված չլինելու համար՝ փորձում են ամեն կերպ բացահայտումներ անել։

– Խոսեցինք և՛ ավազե նկարչությունից, և՛ աճպարարությունից: Եթե փորձենք համեմատել, դրանցից ո՞րն է ավելի առաջնային Ձեզ համար:

Armen (1)

Նման հարցեր շատ են տալիս ինձ, ու ոչ միայն՝ այս երկու ժանրերի պարագայում։ Բայց ես ոչ թե կհամեմատեմ աճպարարությունն ու նկարչությունը, այլ համեմատական կանցկացնեմ այս հարցի և մեկ այլ հարցի մեջ։ Բութ մա՞տն եք ավելի շատ սիրում, թե՞ ցուցամատը։ Բնականաբար, ամեն մեկն իր ֆունկցիան ունի, և առաջնային լինելու մասին խոսք չկա։ Դրանցից ամեն մեկն առանձնահատուկ դեր ունի իմ կյանքում, ամեն մեկը համապատասխան ֆունկցիա ունի իմ ներաշխարհի զարգացման, ինքնաբացահայտման գործում։ Ցանկացած բան, որն ինձ սկսում է հետաքրքրել, ուղղվում է դեպի ներս՝ հանգեցնելով նոր բացահայտումների։ Կյանքն առհասարակ ամբողջական խորհրդավորություն է, և ամեն մեկս մի խորհրդավոր մասնիկն ենք այդ կյանքի։ Ապրենք այդ կյանքը հաճելի բացահայտումներ անելով՝ ինքներս մեզ ուղղված:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս