«Իշխանությունը երբեք նպատակ չունի կեղծիք անելու». Վիգեն Սարգսյան

«Բոլոր հարցերը քննարկվելու են, դրա համար էլ Ընտրական օրենսգիրն Ազգային ժողով է բերվել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոսելով ԸՕ-ի մասին՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Հարցին՝ Վենետիկի հանձնաժողովի հետ իշխանության ներկայացուցիչներն ի՞նչ տարակարծություն ունեն, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ ինքը դեռ չգիտի՝ իշխանության ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպե՞լ են, թե՞ ոչ:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե ընտրացուցակների հրապարակումն ընդդիմության պահանջներից մեկն է, Ձեր դիրքորոշումը կարո՞ղ է փոխվել, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ իշխանության դիրքորոշումը կարտահայտվի քննարկումների ընթացքում, իսկ իր անձնական կարծիքով՝ դա մարդու իրավունքների խախտում է. «ՀՀ Սահմանադրական դատարանն ունեցել է շատ հստակ դիրքորոշում, որը մեծապես համահունչ է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին, ոչ թե՝ Հայաստանում, այլ՝ առհասարակ ստորագրված ցուցակների վերաբերյալ»:

Հարցին՝ ՀՀ նախագահն է՞լ է Ձեր տեսակետին, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցն ինքը նախագահի հետ չի քննարկել: Այն հարցին էլ, թե ի՞նչ կարող է լինել, եթե որոշեք այդ ցուցակները հրապարակել, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ դա կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, ովքեր չեն ուզում, որ հանրայնացվի իրենց քվեարկությանը մասնակցել-չմասնակցելու խնդիրը:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե դրա փոխարեն էլ՝ անվստահության մթնոլորտ է ստեղծվում, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ անվստահության մթնոլորտի դեմ պետք է պայքարել այնպես, որ բոլորը վստահ լինեն, որ ընտրություններն անցել են ազատ, անկախ:

«Ցուցակները հրապարակված են, ռեգիստրը բոլորի համար բաց է, այն համակարգերը, որ դրվել են տարիների ընթացքում, բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդ՝ նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, դժվարանում են այդ ցուցակների հետ համապատասխան աշխատանք կատարել:

Ցուցակների հետ կապված՝ շատ կարևոր է դինամիկան նայել, մենք ունեցել ենք լուրջ խնդիր՝ ցուցակների հետ կապված, այնուհետև 2012-13 թվականների ընտրությունների ժամանակ բոլոր դիտորդներն ամրագրել են, որ ցուցակները որակապես փոփոխվել են և շատ ավելի հաջող վիճակում են գտնվում, քան երբևէ եղել է: Հաջորդ ընտրությունների ժամանակ սկսել է հայտնվել նոր ձևակերպում, որ կա ընկալում, որ ցուցակների հետ կա խնդիր: Ընկալումների դեմ դժվար է ավելի պայքարել, քան փաստերի: Եթե կան փաստեր, որ ցուցակում կան մարդիկ, որ չպետք է լինեն, որ կան կրկնվող մարդիկ, յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է գնալ, ու դա քաղաքացիական հասարակության, բոլոր քաղաքական ուժերի պատասխանատվությունն է»,- նշեց Վ. Սարգսյանը:

Դիտարկմանը, թե՝ տպավորություն է, որ իշխանությունը մեխանիզմներ է ստեղծում ինքն իր դեմ պայքարելու համար, որ կեղծիք չանի, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ իշխանությունը երբեք նպատակ չունի կեղծիք անելու, մաքուր և արդար ընտրությունները հենց իշխանության շահերից բխող երևույթ է. «Պետք է ամեն ինչ անել, որ հաջորդ ընտրությունները լինեն շատ ավելի լավը, քան նախորդը»:

Տեսանյութեր

Լրահոս