«Մեր միջազգային հեղինակությունը մեզ ավելի է հետաքրքրում, քան, թե քանի տեղ կունենանք մենք ԱԺ-ում». Վահրամ Բաղդասարյան

Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներն Ազգային ժողովում կսկսվեն հաջորդ շաբաթ կայանալիք հերթական քառօրյա նիստերից հետո, ապա մարտի 22-ին կամ 23-ին մեծ լսումներ կանցկացվեն: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մտադիր են լսումների ու քննարկումների արդյունքում բոլոր կնճռոտ հարցերի պատասխանները տալ:

«Պետք է կարողանանք ունենալ այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ լինի անխոցելի: Մեր նպատակը դա է: Կառավարությունն ուղարկել է մեզ տարբերակ, որը վերջնական չէ և չի կարող լինել վերջնական, և այս քննարկումների արդյունքում մենք պետք է կարողանանք ավելի դյուրին, մատչելի և հասկանալի դարձնել հանրության համար: Բոլոր առաջարկները պետք է դարձնենք քննարկման առարկա: Փաստաթղթի վերջնական տեսքը մայիսին կլինի ու կներկայացվի լիագումար նիստին»,- ասաց Վ.Բաղդասարյանը: Նա նշեց, որ բոլոր առաջարկները կլսեն, բայց կընդունեն դրանցից «իրատեսականները»:

Ըստ Վ.Բաղդասարյանի՝ ամենաիդեալական ԸՕ-ի դեպքում էլ, կան քաղաքական գործիչներ, որ բողոքելու պատրվակներ կգտնեն, կան որոշ քաղաքական գործիչներ, որ ընդհանրապես չեն ցանկանում դրականը տեսնել: Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակությունը, մյուս գործընկերներն ընդունում են, որ նախագծում կան շատ դրական փոփոխություններ:

Հարցին` ինչո՞ւ նախագծում չի ներառվել ընդդիմության ոչ մի առաջարկ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, թե քննարկումները նոր են սկսվում, և բոլոր առաջարկներն ԱԺ-ում քննարկման ենթակա են: Նա հայտարարեց, թե ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը նույնպես քննարկման առարկա է. «Այդ վեճը կա նաև միջազգային կառույցների միջև, գաղտնիության հետ կապված, և այլն, դրան համապատասխան գործիքներ է առաջարկվում, որ դրանք կարծես թե բացառում են կրկնաքվեարկությունները: Եթե այդ գործիքները բացառում են, խնդիրը կարելի է համարել լուծված, բայց եթե մարդիկ չեն ուզում նկատել դրա դրականը, բնականաբար, դրանք պետք է չնկատեն: Կարելի է հակազդող գործիքներ գտնել, և այս քննարկումները դրա համար են, որ գանք ընդհանուր հայտարարի»:

Կարդացեք նաև

«Մարդիկ արդեն գիտեն՝ ինչի են ունակ, ինչ ռեսուրս ունեն, և պետք է արդեն 1 տարի առաջ պատրվակներ փնտրեն, որ ասեն՝ ընտրությունները կեղծել են»,- հավելեց Վ.Բաղդասարյանը:

Ի պատասխան դիտարկմանը, որ քվեարկությունն է գաղտնի, ոչ թե՝ ընտրողների ցուցակը, ինչի մասին նշել է նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը, Վ.Բաղդասարյանը վրդովվեց, թե կարող է մի քանի այլ կազմակերպության անուն թվել, որոնք հակառակ կարծիքի են, ու պնդեց, որ հարցը քննարկելու են, լսումներից հետո կամփոփեն ու կանդրադառնան այդ խնդիրներին. «Ոչինչ կատեգորիկ չէ, քննարկման համար բավական ժամանակ կա: Չի նշանակում, որ ընդդիմադիրների առաջարկները բոլորը հալած յուղի տեղ պետք է ընդունենք, կամ չի նշանակում, որ, եթե Հանրապետականն է առաջարկել, ինչ-որ տողատակեր պետք է գտնեն այդ առաջարկությունների տակ: Մենք հայտարարել ենք, որ մեզ համար ամենաառաջնայինը մեր միջազգային հեղինակությունն է, և մենք պետք է կարողանանք 2017 թ-ին այնպիսի ընտրություններ անցկացնենք, որ մեր միջազգային հեղինակությունը բարձրանա, և կարողանանք հնարավորինս մաքուր և իդեալական ընտրություններ կազմակերպել: Մեր միջազգային հեղինակությունը մեզ ավելի է հետաքրքրում, քան, թե քանի տեղ կունենանք մենք Ազգային ժողովում»:

Ռեյտինգային համակարգի վերաբերյալ քննադատությունների հետ կապված՝ Վ.Բաղդասարյանը խորհուրդ տվեց պատմական էքսկուրս կատարել, հիշեցրեց, որ 2 տարի առաջ ընդդիմադիրներն իրենք էին առաջարկում ռեյտինգային քվեարկություն անցկացնել: Նա նշեց, որ քննարկելի է նաև 13 ընտրատեղամասի հարցը, որ գուցե դա էլ է շատ: Վայոց Ձորն ու Սյունիքը՝ որպես ընտրատարածքներ, իրար միացնելը ՀՀԿ-ականը հիմնավորեց նրանով, որ Վայոց Ձորը փոքր է և պետք է միանա որևէ այլ ընտրատարածքի, որը կարող է Սյունիքը չլինել, Արմավիրը կամ այլ շրջան լինել. «Մենք գնացել ենք գլոբալացման, կան կողմնակիցներ, որ էլ ավելի մեծացնենք ընտրատեղամասերը»:

Վ.Բաղդասարյանը նշեց, որ սեփական ընտրացուցակներին դեռ չեն անդրադարձել ու չեն քննարկել:

Անցողիկ շեմը բարձրացնելու և գրավի գումարը 5 մլն դրամից մինչև 10 մլն ավելացնելը, ըստ նրա, նպատակ չունի զտել խորհրդարան անցնող քաղաքական ուժերին, ու դա ևս քննարկելի է և կարող է փոփոխվել: Վ.Բաղդասարյանի կարծիքով՝ դա մարդ-կուսակցությունների դեմ է, որ, երբ որևէ ուժ գնում է ընտրության, պետք է գնահատի իր ուժերը. «Ի՞նչ է, կենսագրությո՞ւն են գրում իրենց համար, որ թոռներին ասեն՝ մասնակցել են ԱԺ ընտրությունների, կամ նախագահի թեկնածուները, որ այդքան նախագահի թեկնածուներ էին դնում ու այսօր նամակ են գրում, ստորագրում են՝ նախկին նախագահի թեկնածու: Դրա՞ համար են թեկնածություն առաջադրում: Ես դրան միանշանակ դեմ եմ: Հարկավոր է՝ մարդիկ իրենց ուժերը նախապես գնահատեն, և գնան ընտրությունների այն քաղաքական ուժերը, որոնք ինչ-որ հնարավորություններ ունեն»:

Անկախ պատգամավորների մուտքը խորհրդարան փակելը Վ.Բաղդասարյանը պայմանավորեց քաղաքական խորհրդարան ստեղծելու նպատակով և խորհուրդ տվեց մարդկանց, ովքեր չեն ցանկանում որևէ քաղաքական ուժի հետ շփվել, միավորվեն և հանդես գան միասնական թիմով, օրինակ՝ «անկախ պատգամավորների կուսակցություն» անվանումով: Նրա խոսքով՝ ԸՕ նախագիծը հնարավորություն է տալիս, որ կուսակցությունների ցուցակներում մինչև 30% լինեն անկուսակցականներ: Ի պատասխան հարցին, թե կա՞ որևէ կետ նախագծում, որ անձամբ Վ.Բաղդասարյանի համար անընդունելի է, խմբակցության ղեկավարը նշեց միայն բարդություններն անցումային դրույթներում, որ ավելի մատչելի պետք է դարձնել, քանի որ մի քանի անգամ ուշադիր կարդալու դեպքում նոր հասկանալի է դառնում օրենսգիրքը, մինչդեռ քաղաքացիների համար այն պետք է մատչելի լինի:

Տեսանյութեր

Լրահոս