«Բրոդսկու հետ արվեստից էինք խոսում, մեծ արվեստից, իսկական արվեստի մասին». Արտո Չաքմաքչյան
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մարտիրոսյանն իր նոթերում պատմում է ազգությամբ հրեա, ռուս բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու հայաստանյան մեկշաբաթյա այցի մասին:
Հայտնի գրողը Հայաստան է ժամանել 1972թ. մարտին, որից անմիջապես երկու ամիս անց լքել է Սովետական Միության տարածքը և մշտական բնակության մեկնել Նյու Յորք: Հայաստանում Բրոդսկին հյուրընկալվել է Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մարտիրոսյանին, ում նոթերից ուշագրավ մանրամասներ են հասել մեզ: Հայտնի է, որ հայաստանյան այցի ընթացքում Իոսիֆ Բրոդսկին, ի թիվս մի շարք հանդիպումների, ցանկություն է հայտնել լինել ժամանակի այլախոհ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի արվեստանոցում: Հանդիպումը կայացել է: Հանդիպման կազմակերպիչ և միջնորդ Սերգեյ Մարտիրոսյանը հիշում է՝ հանդիպումից առաջ Իոսիֆ Բրոդսկին կեսկատակ զգուշացրել է.
– Հիշեք ընկերներ, ինձ չի հաջողվում լինել երկերեսանի, հենց այդ պատճառով էլ նկարիչների հետ ունեցած իմ գրեթե բոլոր հանդիպումներն ավարտվել են ծեծ ու ջարդով:
– Մի անհանգստացեք,- պատասխանել է նրան Սերգեյ Մարտիրոսյանը,- թեև Արտոն մեր ընկերն է, այնուամենայնիվ, ծեծ ու ջարդի պարագայում մենք ձեր կողմը կբռնենք, թեև նաև վստահ եմ, որ դուք նրան շատ եք հավանելու:
Գիշերային ուշ մի ժամի, քաջ իմանալով Չաքմաքչյանի հյուրընկալ բնավորության և ուշ ժամերին աշխատելու սովորության մասին, զանգահարեցինք իրեն: Եվ մենք չէինք սխալվում, Արտոն աշխատում էր: Իմանալով՝ ինչ նպատակով ենք զանգահարել՝ սիրով համաձայնեց իր արվեստանոցում հանդիպել Բրոդսկու հետ: Հանդիպումը տևեց մի քանի ժամ:
Ավարտին Բրոդսկին այնքան տպավորված էր, որ բացականչեց՝ հրաշալի երիտասարդ էր, ինձ դուր եկավ իր մոտ: Սերգեյ Մարտիրոսյանն իր հուշերում գրում է, որ երկարատև հանդիպման ընթացքում Իոսիֆ Բրոդսկին շրջել է քանդակագործի արվեստանոցում՝ հատ-հատ կանգ առնելով և ուսումնասիրելով հեղինակի բոլոր աշխատանքները: Այնուամենայնիվ, հանդիպումը բացառություն եղավ Բրոդսկու համար, այն ավարտվեց առանց ծեծ ու ջարդի, և նույնիսկ՝ ընդհակառակը…
Երկու մեծանուն արվեստագետների 1972թ. հիշարժան հանդիպման մասին մանրամասներ ստանալու նպատակով օրերս 168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Կանադայում բնակվող քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հետ: Մեծանուն քանդակագործի համար մեր զանգն անսպասելի էր: Պարզվում է՝ այս օրերին վատառողջ է և ստացիոնար բուժման կուրս է ստանում: Արտո Չաքմաքչյանի հետ մեր զրույցը կարճ տվեց: Քանդակագործը խոսում էր դանդաղ, հուզված, բայց գոհունակ՝ հայրենիքից ստացած զանգի առիթով:
Վարպետի հետ մեր զրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման.
– Ինչպե՞ս եք Ձեզ զգում, Վարպետ, ինչպե՞ս է Ձեր առողջությունը:
– Առողջությունս, վախենում եմ ասել, լավ է:
– Հիշում եմ՝ մեր վերջին հանդիպմանը, որ անցյալ տարվա ամռանն էր, միայն ոտքի ցավից էիք դժգոհում:
– Այո, բայց հիմա բժիշկները գտան, որ արյունիս մեջ ճերմակ գնդիկները հարձակվել են կարմիրների վրա, և արյունս սկսել է վնասվել: Եվ, որպեսզի այդ բանը վերացնեն՝ հիմա բժիշկներն ինձ ձեռք են մեկնել: Փորձում եմ ավելի լավ լինել:
– Մենք Ձեզ արդեն կարոտել ենք:
– Ես էլ Ձեզ եմ կարոտել, անկեղծ, որովհետև Հայաստանում և´ հոգևոր բուժում կա, և´ ֆիզիկական բուժում: Ես ֆիզիկական բուժումը կապում եմ հոգևորի հետ, և դա է հիմա ինձ ուժ տվողը:
– Դուք էլ մեզ եք ուժ տալիս՝ Ձեր այստեղ ներկա գտնվելով և առողջությամբ:
– Շատ շնորհակալ եմ, որ …
– Մենք էլ Ձեզ ենք շնորհակալ,Վարպետ: Զանգահարել ենք, որպեսզի Ձեզանից լսենք խորհրդային տարիներին Ձեր և գրող Իոսիֆ Բրոդսկու հանդիպման մասին, եթե հիշում եք:
– Ա՜խ Բրոդսկին… այո՜, ինչպե՞ս չեմ հիշում: Եկավ իմ արվեստանոց, հանդիպեցինք, երկար զրույց ունեցանք:
– Ինչի՞ մասին էիք զրուցում, կհիշե՞ք:
– Արվեստի մասին էինք զրուցում…
– Նա հավանե՞ց Ձեր աշխատանքները:
– Հավանեց, այո՜, ի ուրախություն ինձ, չնայած այդ տարիներին Հայաստանում իմ աշխատանքները գրեթե ոչ ոքի դուր չէին գալիս, չէին ընդունում ո´չ ինձ, ո´չ իմ աշխատանքները:
– Իսկ մանրամասներ չե՞ք հիշում այդ հանդիպումից:
– Արդեն ոչ, բալիկս, մոռացվել են մանրամասները, արվեստից էինք խոսում, մեծ արվեստից, իսկական արվեստի մասին: Այն ժամանակ Ալիխանյան եղբայրների միջոցով ես Հայաստանում մի քանի այդպիսի հայտնի և արժանահավատ մարդկանց հետ հանդիպելու առիթներ ունեցա, ինչի համար երջանիկ էի: Բայց մանրամասներն արդեն չեմ հիշում:
Մեծանուն քանդակագործի հետ մեր զրույցն այսքանով ավարտվեց: Թեև պատմությունը գուցե դեռ վերհանի այդ հանդիպման մանրամասները, եթե գտնվեն մարդիկ, ովքեր կցանկանան բարձրաձայնել այդօրինակ հանդիպումների մանրամասնությունները:
Լուսանկարում ( ձախից` աջ)` Իոսիֆ Բրոդսկի, Նելլի, Սերգեյ Մարտիրոսյան, Մարինա, Արտեմի Ալիխանյան