Ապագայի կանխատեսումը՝ ըստ Թոմաս Էդիսոնի
Թոմաս Էդիսոնն ամերիկացի հայտնի գիտնական է: Նա պատմության խոշորագույն գյուտարարներից է և արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում՝ էլեկտրական լամպը, ձայնագրիչը: Նա է կառուցել պատմության առաջին ջերմաէլեկտրակայանը:
Decatur Review ամսագիրը գրել էր Էդիսոնի կանխատեսումների մասին, որոնք նա արել էր 1910 թվականին:
Ըստ Էդիսոնի՝ հագուստն ապագայում այնքան է էժանանալու, որ յուրաքանչյուր կին հանգիստ կարողանալու է հետևել նորաձևության տենդենցներին: Իսկ նորաձև կերպարները շատ են լինելու:
«Այժմ արդեն ստեղծում են արհեստական մետաքս, որն ավելի փայլուն է, քան բնական մետաքսը:
Շատերն առաջարկում են կապ հաստատել այլ աշխարհների հետ: Կարծում եմ՝ պետք է զգույշ լինենք, ու մինչ մյուս աշխարհների հետ կապ հաստատելը՝ մի քանի բան իմանանք մեր աշխարհի մասին: Նրանք կարող են մեզ ստիպել ամաչել ինքներս մեզնից:
Ապագայում առաջնային կլինի ոչ թե՝ ինդիվիդուալ, այլ՝ միասնական աշխատանքը: Մտածողությունը, վերջապես, կդառնա ավելի հասարակական և ազատ: Ապագայում գործարաններում չի լինի ձեռքով աշխատանք: Մարդիկ միայն կհսկեն, որ տեխնիկան ճիշտ աշխատի: Մարդը կսկսի ավելի քիչ ծախսել ֆիզիկական ուժը, բայց ուղեղն ավելի մեծ օգուտներ կբերի:
Շատ կարևոր կլինի ռադիումի օգտագործումը: Մի վագոն ռադիումը կունենա ավելի մեծ էներգիա, քան մի քանի միլիոն տոննա ածուխը, որը Միացյալ Նահանգներում հավաքվում է մեկ տարում: Կգա ժամանակ, երբ մարդիկ կգտնեն ռադիումի հսկայական պաշարներ և կսկսեն մտածել, թե ինչպես այն օգտագործեն՝ առանց մարդկությանը վնասներ հասցնելու»,- կանխատեսել է նա:
Սիրարփի Աղաբաբյան