«Գրականությունը դարձել է Ֆեյսբուքի մի բաժին». Վարդան Ջալոյան

Այս օրերին երկրի մշակութային կյանքում ակտիվ տեղ ու դեր է վերապահված գրքին, գրքի տարածմանը, գիրք նվիրելու վերականգնվող ավանդույթին: Սրան է միանում նաև Մայրենի լեզվի օրը, հանրապետությունում և հատկապես մայրաքաղաքում ակտիվ դրսևորումներ են ստանում գրքերի և գրականության առնչությամբ բազմատեսակ քննարկումները, քաջալերող մրցանակաբաշխությունների անցկացումը: Մի խոսքով, արվում է ամեն ինչ՝ ընթերցողի ու գրքի կապը վերականգնելու, հարաբերությունները հին ու բարի ավանդույթներին վերադարձնելու ուղղությամբ:

Այս ֆոնին 168.am-ը զրուցեց մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ՝ փորձելով մշակութաբանական կոնտեքստում հասկանալ և ներկայացնել, թե ի՞նչ դեր է վերապահված ժամանակակից գրականությանը, ովքե՞ր են ժամանակակից հայ գրականություն ստեղծողները, ովքե՞ր են դրանց սպառողները, և առհասարակ ի՞նչ ուղի է որդեգրել ժամանակակից հայ գրականությունը՝ ըստ Վարդան Ջալոյանի, ում կատարած ուսումնասիրությունները միշտ չէ, որ համակարծիք են համընդհանուր տեսակետներին և հաճախ, նույնիսկ, հակասում են դրանց:

– Վարդան, ո՞վ է այսօրվա ընթերցողը:

–  Ընթերցողը Սովետում հոմոգեն էր, հիմա նրանք շատ տարբեր են դարձել:

Կարդացեք նաև

– Իսկ ո՞վ է գրողը:

– Գրողն այսօր ընթերցողի մի տեսակ է: Գրող-ընթերցող սիստեմին փոխարինեց ընթերցող-ընթերցող սիստեմը:

– Ո՞ւր է տանում այս ուղին:

– Գրականությունը դարձել է Ֆեյսբուքի բաժին, Ֆեյսբուքի մի մաս, այն աստիճան, որ վերջերս պարզեցի՝ Թումանյանը կոնկուրս էր հայտարարել Ֆեյսբուքում: Գրականությունը շրջանառվում է կոնկրետ ցանցի մեջ: Օրինակ, պատանի՝ վատ կրթությամբ, մտահոգ աղջիկ՝ պոետեսաների ցանց, ավանգարդի ցանց, դասականների ցանց: Դրանք չեն հատվում:

– Իսկ դրանք պիտի հատվեի՞ն:

– Պարզապես գրականությունն առաջ «պուբլիչնի» էր, հիմա՝ ցանցային: Այլևս «պուբլիչնի» գրականություն չկա:

– Իսկ ի՞նչ է նշանակում՝ «պուբլիչինի» գրականություն:

– Այն, որ գրականությունը պետք է քննարկվի հանրային տիրույթներում, այլ ոչ թե՝ մասնավոր ցանցում: Եթե սկանդալ անես, կդառնա հանրային՝ բոլոր ցանցերում և մեդիայում կքննարկեն:

– Այսօրվա ստեղծվող գրականությունը կամաց -կամաց չի՞ դառնում սկանդալային՝ բովանդակության իմաստով:

– Բովանդակությունն էլ, ձևն էլ ձևավորում է ցանցը, ոչ թե անհատը:

– Իսկ գրողին ի՞նչ է մնում անել, այսինքն՝ ո՞րն է դառնում այսօրվա գրողի ֆունկցիան:

– Առանձին անհատականություններ կան, որոնց մնում է կողմնորոշել ժամանակակից գրականությանը:

– Վարդան, հիմա գրականության մեջ նոր «իզմ»-եր ստեղծվո՞ւմ են:

– Չէ, որովհետև ցանցն ավելի կարևոր է, քան ժանրը կամ ոճը:

– Իսկ ցանցն ի՞նչ թեմաների է նախապատվություն տալիս:

– Ամեն ցանցը՝ իրենը: Օրինակ՝ պոստմոդեռնիզմ, մյուսը՝ ավանգարդ, ֆեմինիզմ, ֆանտաստիկա, կոշտ ռեալիզմ: Կամ էլ սիրո խոստովանություն…

– Որակի առումով գրականությունը զիջումների չի՞ գնացել:

– Չէի ասի, ավելի շուտ ֆունկցիան է փոխվել:

– Գիտե՞ս, որ հայ ժամանակակից գրականության հարցերով արդեն գրական գործակալներն են սկսել զբաղվել:

– Դա սպասարկում է խմբին, սոցիալական նշանակություն չունի:

– Դու տեղյա՞կ ես, թե ինչ սկզբունքով են գրական գործակալներն այստեղ ընտրում, թե որ գրողի հետ աշխատեն:

– Ըստ պահանջարկի…

– Դու կարդո՞ւմ ես ժամանակակից հայ հեղինակներին, օրինակ՝ Պաչյանին, Թեքգյոզյանին, Անտաշյանին, Արփի Ոսկանյանին:

– Չէ, վերջինը Վահրամին՝ «Սերը Մոսկվայում» (նկատի ունի Վահրամ Մարտիրոսյանին.- Ն.Մ.):

– Հավանե՞լ ես Վահրամ Մարտիրոսյանի վերջին վեպը:

– Հա, լավն էր: Պոստմոդեռն: Դու ուրիշ պոստմոդեռն գիտե՞ս:

– Հայաստանո՞ւմ:

– Հա:

– Չէ:

– Բա ինչո՞ւ չկա, կարո՞ղ ես ասել՝ լավ դեդեկտիվ գրող, կիբերպանկ:

– Որովհետև այսօր ստեղծվող գրականությունը դարձել է նեղ գենդերական շահեր սպասարկող ոլորտ, իմ կարծիքով, այսինքն՝ գերխնդիրն այլ է:

–  Որովհետև այսօրվա գրականությունը հանգել է գրողի կենցաղին. այսքանը:

Տեսանյութեր

Լրահոս