Թեյախմություն՝ չինական ավանդույթներով
Չինական Նոր տարվա տոնի առիթով Երևանում անցկացվում են հայ-չինական մշակութային օրեր՝ համեմված ավանդական երաժշտությամբ և պարերով։ Մշակութային օրերի շրջանակում նախատեսված է վեց միջոցառում, որոնցից հերթականը տեղի ունեցավ «Ակումբ» թեյարանում՝ չինական թեյախմությամբ և հայկական խոտաբույսերի թուրմերի համտեսման արարողությամբ:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռոբերտ Վարդումյանը, թեյն իրենից մշակութային մեծ արժեք է ներկայացնում. «Թեյը հաճելի ըմպելիք և առողջարարական միջոց լինելուց բացի՝ նաև հնագույն ծիսական պրոցես է այն պատճառով, որ թե՛ թեյի պատրաստման, թե՛ թեյախմության պրոցեսը մեդիտացիոն աշխատանք է: Չինական փիլիսոփայությամբ, դեռևս Սուսիի կողմից տրված հնագույն գիտելիքների համաձայն, որի հիման վրա կառուցվել է չինական մշակույթը, թեյը համարվում է մշակութային անբաժանելի մասնիկ»:
Ռոբերտ Վարդումյանը նշեց, որ թեյն անառարկելիորեն կենդանի օրգանիզմ է, և ինքը դրանում բազմիցս համոզվել է սեփական աշխատանքի և փորձի ընթացքում. «Թեյի հետ՝ որպես կենդանի օրգանիզմի, պետք է զրուցել, երբ այն պատրաստում ես: Երբ թեյ պատրաստողի միտքը հեռուներում է, ապա այն պատրաստելուց շատ արագ փչանում է և կորցնում արժեքը: Օրինակ, «Պուերե» թեյը, որ ես կարող էի թրմել 15 անգամից ավելի, երրորդ փորձից կարող է այլևս թրմելու համար պիտանի չլիներ, եթե ես այն պատրաստելուց ինչ-որ պահից կորցնում եմ թեյի հետ կապը»:
Պարզվում է՝ որակյալ թեյն ունի նաև էներգիան կլանելու հզոր ուժ: Այդ մասին թեյախմության այցելուներին ասաց մասնագետը՝ միաժամանակ խորհուրդ տալով չօգտվել մյուսի համար նախատեսված բաժակից, որովհետև այն արդեն կլանել է իր տիրոջ էներգետիկան և կարող է փոխանցվել հաջորդին: «Թեյը կլանելու հատկություն ունի, և բացի մեր էներգետիկայից՝ ընկալում է նաև մեր մարմնի յուղերը, հոտը: Սրանք փոխանցվում են թեյի բաժակի միջոցով, և հատկապես՝ եթե կավե բաժակ է, ապա դրանից հոտ քաշելու պարագայում դուք կարող եք զգալ այն օգտագործողի բույրը, մի քիչ ուշադիր լինելու դեպքում՝ դա նկատելի է, և որքան մաքուր և որակյալ է թեյը, այնքան ավելի մեծ ուժով է կլանում»,- ասաց Ռոբերտ Վարդումյանը:
Բացի իր համային և առողջարարական մեծ արժեքից, թեյը բավականին նպաստավոր ազդեցություն կարող է թողնել մարդու առողջության և օրգանիզմի վրա: «Կան նույնիսկ թեյեր, որոնք խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել այն մարդկանց, ովքեր երկարատև քիմիական թերապիաներ են անցել, որովհետև թեյը դեղերի արդյունքում օրգանիզմում կուտակված թունաքիմիկատներից ազատելու արդյունավետ միջոցներից մեկն է:
Օրինակ, «Կուդին» թեյը լյարդը մաքրող լավագույն միջոցներից մեկն է, կամ, ասենք, աղեստամոքսային համակարգի մաքրման համար խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել «Պուերե» սև թեյը: Բոլորին հայտնի է, որ Չինաստանում օնկոլոգիական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը նկատելիորեն քիչ է: Սա պայմանավորված է ինչպես՝ շատ այլ հանգամանքներով, այդ թվում նաև՝ հակաօքսիդանտներ պարունակող թեյերի պարբերաբար օգտագործմամբ, որ չինացիներին շատ հատուկ է: Ինչպես արդեն ասացի, թեյախմությունը նրանց մոտ նույնիսկ ծիսական արարողակարգ է»,- նշեց «Սանգուան» առողջարարական կենտրոնի հիմնադիր, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ, միջազգային կարգի սպորտի վարպետ Ռոբերտ Վարդումյանը:
Լուսանկարները՝ «Նոյան տապանի»