«ԵԽ կոնվենցիան ստորագրելն ու իրականացնելը պարտադիր է ԵՄ վիզայի ազատականացման համար». Նատալյա Վուտովա

«Անձնական տվյալների պաշտպանությունը, որպես սահմանադրական իրավունք, կարիք ունի արժևորվելու: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում պետությունն իրապես պետք է ստանձնի պարտականություններ՝ լուրջ պարտավորություններ իր վրա վերցնելու՝ անձնական տվյալների պաշտպանությունն ապահովելու համար»,- այս մասին այսօր «Անձնական տվյալների պաշտպանությունը և տեղեկատվության ազատությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ մինչև 2015թ. հուլիսի 1-ը ՀՀ-ում եղած անձնական տվյալների պաշտպանությունը չէր համապատասխանում միջազգային չափանիշներին, որոնք ընդունված են այս ոլորտում և ապահովում են անձնական տվյալների պաշտպանության իրականացումը. «Այն մարտահրավերները, որոնք առկա են այսօր, պետք է կարողանան պատշաճ ապահովում և պատշաճ պաշտպանություն ստանալ պետության կողմից: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էին օրենսդրական նոր լուծումներ: 2015 թվականի հուլիսի մեկից, երբ ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենքը, մենք էական քայլ կատարեցինք ու զգալի առաջընթաց արձանագրեցինք»:

Ըստ նախարարի՝ կարևոր է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ստեղծված համապատասխան մարմնի գործառույթների շրջանակի սահմանումը. «Այդ մարմինն իրավասու է և ի զորու է կատարելու իր պարտականությունները»:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով՝ հունվարի 28-ին ողջ Եվրոպայում նշվել է անձնական տվյալների պաշտպանության օրը, քանի որ 1981 թվականի այդ օրն է ընդունվել անձնական տվյալների պաշտպանության մասին կոնվենցիան. «Կոնվենցիան ընդունվել է մոտ 35 տարի առաջ, և առայժմ սա միակ միջազգային պայմանագիրն է աշխարհում: Հայաստանը ստորագրել է կոնվեցիան 2012 թվականին և ստորագրել է լրացուցիչ արձանագրությունը: Մի քանի սկզբունքներ են նշվում, որոնք պետք է ներպետական օրենսդրության մեջ արտացոլվեն»:

Վուտովան ընդգծեց՝ ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման համար դիմելու նպատակով պետությունը պարտավոր է ոչ միայն այս կոնվենցիան ստորագրած և վավերացրած լինել, այլ նաև ցույց տալ, որ այն ներառված է ազգային օրենսդրության մեջ. «ԵԽ-ն պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի, որոնք վերաբերում են տվյալների պաշտպանության օրենսդրության գնահատմանը կամ կարողությունների զարգացմանը: Մենք վստահ ենք, որ այս նոր գործակալությունը կնպաստի ԵԽ կոնվենցիայի իրականացմանը»:

 

Տեսանյութեր

Լրահոս