Բաժիններ՝

«Վաղուց պետք է մի կողմ թողնել ազգայնամոլ ռոմանտիկ պաթոսը». Գայանե Մածունյան

Լիբանանում գործող Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Հայ երիտասարդաց ընկերակցության» (ՀԵԸ) «Արին» պարախմբի ղեկավար և պարուսույց Գայանե Մածունյանի հետ մեր զրույցի ընթացքում խոսեցինք ոչ միայն պարախմբի հաջողությունների մասին, այլև սփյուռքում ծնված և մեծացած երիտասարդների՝ Հայաստանի մասին պատկերացումների: «Վաղուց պետք է մի կողմ թողնել ազգայնամոլ ռոմանտիկ պաթոսը և այս երկրին վերաբերվել՝ որպես սովորական երկրի: Այդ կերպ առավել անկեղծ կլինենք մեր հայրենիքի հանդեպ»,- նշում է Գայանեն:

– Ինչպիսի՞ ֆինանսական հիմքերի վրա են սփյուռքում գործում մշակութային խմբերը:

– Սփյուռքի համայնքները գործում են կուսակցությունների և իրենց պատկանող միությունների հիման վրա: Ամեն միություն՝ կրթական, մշակութային կամ մարզական, ունի տարբեր խմբակներ: ՀԲԸՄ-ն՝ ի թիվս այլ մշակութային և մարզական խմբերի, ունի նաև պարախումբ, որի ղեկավարությունը ես ստանձնեցի 2007-ից: Այդ տարի «Արին» պարախումբն ուներ միայն 45 անդամ:

6Այսօր արդեն խումբն ունի 180 պարող՝ 6-25 տարեկան տարիքային տարբերությամբ: Սփյուռքում պարախմբերը ղեկավարվել են Հայաստանից հրավիրված մասնագետների կողմից: Նրանց ժամանակի խիստ սղության և կազմակերպչական դժվարություններից ելնելով՝ պարացանկերը շատ փոփոխություններ են կրել` հայրենիքի դասական խմբերի և բեմադրիչների գործերից:

1

– Դա վաղո՞ւց է այդպես:

– Սփյուռքում տարածված երևույթ է Հայաստանից մասնագետ բերելը: Նա երկու տարի աշխատում է, հեռանում, հետո մեկ ուրիշին են հրավիրում: Սակայն արդյունքում տուժում են երեխաները, որոնք ստիպված են ամեն անգամ ծանոթանալ նոր պարուսույցի հետ՝ ընտելանալ նրա աշխատաոճին: Իմ խորին համոզմամբ՝ պարուսույցը պետք է ժամանակ ունենա՝ ճանաչելու իր պարախմբի անդամներին, նրանցից յուրաքանչյուրի պարային հնարավորություններին, որպեսզի ըստ այդմ կարողանա բեմադրություն կառուցել: «Արինի» անդամների հետ արդեն 9-րդ համերգն ենք միասին բեմադրել և մենք մի ընտանիքի պես ենք: Ես օգտվում եմ նրանց հնարավորություններից՝ ավելացնելով իմ հնարավորությունները, գիտելիքները, և ստանում ենք ընդհանուր արդյունք: Եվ մենք ամեն բեմադրությամբ միասին աստիճաններ ենք բարձրանում:

2

– Պարախմբի «Արին» անունն ինչպե՞ս է ընտրվել:

– Նախկինում խումբը կոչվում էր պարզապէս ՀԲԸՄ-ի «Հայ երիտասարդաց ընկերակցության» պարախումբ: Սակայն 4 տարի առաջ մեր խմբի անդամ աղջիկներից մեկը, որի անունն Արին Չերչյան էր՝ մահացավ ավտովթարի պատճառով: Այդ դեպքից հետո Բարեգործական միության տնօրինությունը որոշեց խումբն անվանել «Արին»՝ վառ պահելու համար երիտասարդ աղջկա հիշատակը:

3

– Անցյալ տարի հսկայական աշխատանք էիք տարել և բեմադրել բավականին մասշտաբային պարային ներկայացում՝ «Սասնա ծռերը»: Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ էպոսին: Որքանո՞վ է այն արդիական այսօր՝ հատկապես սփյուռքում:

– Երբ սկսեցի աշխատել խմբի հետ, սովորական պարեր էինք բեմադրում: Պարախումբը ելույթ էր ունենում, հանդիսատեսը ծափահարում էր, բոլորը գոհ էին ու հոժար… Սակայն դա հետաքրքիր էր միայն այնքանով, որ մարդիկ սովոր էին տեսնել տարազով պարող պարախումբ, և վերջ: Ես զգում էի, որ սփյուռքում մեծացած 14-16 տարեկան պարողն իր ինքնության, մշակույթի հետ առնչվող բազում հարցեր ունի: Մտածեցի, որ կարելի է պարզապես տարազով բեմ բարձրանալու և ձեռքերի և ոտքերի ակրոբատիկ շարժումներ անելու փոխարեն՝ ամեն տարի թեմաներ ընտրել և մեր հաշվետու համերգները բեմադրել այդ թեմայի շուրջ:

4

Առաջին փորձը եղավ «Հավերժի ճամփորդ» (2011) պար-բեմադրությունը, որի սցենարի հեղինակը ես էի: Այն պատմում էր հավերժի ճափորդ հայի մասին, ով ծանոթանում է տարբեր ազգերի մշակույթների հետ:

Երկրորդ տարի (2012թ.) ընտրել էի «Ոսկե ձայնապնակը»՝ ամբողջությամբ հիմնված էր երգերի, այլ ոչ՝ երաժշտության վրա, հաջորդ ներկայացման համար (2013թ.) Հայաստանից հրավիրեցինք Գագիկ Գինոսյանին: Նա 2 ամիս մնաց Բեյրութում և աշխատեց մեր երեխաների հետ: Այդ տարի Արամ Խաչատրյանի 110-ամյակն էր: Եվ մենք ներկայացրեցինք «Լեռներու կանչը» անունով մի պարային ներկայացում, որ պատմում էր Խաչատրյանի կյանքի պատմությունը՝ իր երաժշտությամբ: Դրանից հետո մտածում էի, թե ի՞նչ կարելի է անել, որ գերազանցի նախորդ բեմադրությանը: Տանը նստած նայում էի իմ գրքերին և աչքովս ընկավ «Սասունցի Դավիթ» էպոսը: Այն կարդալով՝ հասկանում էի, որ էպոսն ահագին հետաքրքիր անցումներ ունի բեմադրման համար:

5

 – Ասում են՝ բոլոր ազգերի էպոսները նման են իրար: Համամի՞տ եք:

– Կարդացել եմ ոչ միայն էպոսը, այլև մեր «Սասունցի Դավիթ» էպոսին վերաբերող զանազան մեկնաբանություններ: Մենք պարախմբի հետ ամիսներով հոգեբանական վերլուծություն էինք անցկացնում, թե որ հերոսն ինչպես պետք է ներկայացվի: Բոլոր ազգերի էպոսներում խոսվում են ունիվերսալ ճշմարտությունների մասին: Բոլոր էպոսներում հանդիպում ենք միանման հերոսների, որոնք նույն արկածների և փորձությունների միջով են անցնում և, ի վերջո, բոլորն էլ ձգտում են ճշմարտության: Մեր էպոսի հիմնական կետը որդիների և հայրերի պայքարն է:

– Ի՞նչ տվեց այն սփյուռքում ապրող երիտասարդին:

– Շատ կարևոր գիտակցում, որ սփյուռքում ապրող հային չեն բնորոշում միայն 1915թ.-ի տխուր դեպքերը՝ ջարդերը: Հանկարծ նա հասկանում է, որ ինքը կարող է ուժեղ լինել, հերոս լինել: Նա դադարում է մտածել, որ թերի է, որ պակասություն կա իր մեջ՝ այլ կերպ չէր հայտնվի սփյուռքում: Պետք չէ կենտրոնանալ միայն մեր ազգի և հայրենիքի անցյալի և ներկայի դժբախտությունների և դժվարությունների վրա, այլև պետք է հիշել քաջության և հերոսության դրսևորումներն ու դրանցից ոգեշնչվելով՝ քայլել առաջ:

9

– Դուք՝ ուսանելով Հայաստանում, հնարավորություն եք ունեցել ծանոթանալու Հայաստանի ոչ միայն՝ «տուրիստական հմայքին», այլև՝ իրական Հայաստանի լավ ու վատ կողմերին: Գիտենք նաև, որ, երբ սփյուռքից հյուրեր ենք ունենում, շտապում ենք ցուցադրել նրան «տուրիստական Հայաստանը»: Ժամանակակից Հայաստանում տաճարներից՝ անցյալից բացի, կա՞ն այլ արժեքներ՝ ցուցադրության արժանի:

– Շենքերն ու քարերը մի կողմ թողնելով, իրական Հայաստանի մասին պատկերացում կազմելու համար պետք է շփվել հայաստանցիների հետ: Ես՝ որպես մեկը, ով տարիներ առաջ հայտնվել էր Հայաստանում, ստիպված էի դիմագրավել որոշ դժվարությունների: Իսկ նա, ով գալիս է Հայաստան՝ իբրև զբոսաշրջիկ, հրաժարվում է առաջին իսկ դժվարության դեմ առնելուց: Կարծում եմ՝ առաջին ձևական ծանոթությունն անգամ վատ սկիզբ չէ: Ոչնչից լավ է:

7

– Սփյուռքում մեծացած երիտասարդը կկարողանա՞ ապրել Հայաստանում:

– Սփյուռքը միանշանակ տարածք չէ: Միջին Արևելքում երկար տարիներ ապրած հայն ու Եվրոպայում կամ Ամերիկայում ապրող հայը տարբեր են իրարից: Նրանց կյանքի պայմաններն են շատ բազմազան: Այնպես որ, ամբողջ սփյուռքը մի դիտանկյունից նայելը ճիշտ չէ: Պայման չէ, որ Հայաստան եկող ամեն մարդ՝ հայրենասիրությունից ելնելով, գա այստեղ: Լավ կլինի՝ ստեղծվեն տարբերակներ, որ երիտասարդները, օրինակ՝ կարիերայի աճի համար գան Հայաստան: Վաղուց պետք է մի կողմ թողնել ազգայնամոլ ռոմանտիկ պաթոսը և այս երկրին վերաբերվել՝ որպես սովորական երկրի: Այդ կերպ առավել անկեղծ կլինենք մեր հայրենիքի հանդեպ:8

– Հայաստանցին ունի խնդիր՝ ամենուր ասելով, թե այսինչ երևույթը կամ արարքը չի սազում հային: Կարծես հայը գերբնական, աստվածային կերպար է, այլ ոչ սովորական մարդ: Իսկ սփյուռքում կա՞ նմանօրինակ «հայամեծարում»:

– Սփյուռքահայն առավել շատ ունի այդ խնդիրը: Մինչ Հայաստան ոտք դնելը սփյուռքահայի համար Հայաստանն Աստվածաշնչից դուրս եկած երկիր է:
Մենք մեր երկիրը պետք է ընդունենք ոչ միայն՝ անցյալի արժեքների համար, այլև՝ այնպիսին, ինչպիսին որ այն կա այսօր՝ իրականում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս