«Ներե՛ք մեզ, եթե կարող եք, թանկագին մայրեր». Մանվել Գրիգորյան
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից վշտակցում եմ նենգ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հերոս հայորդիների հարազատներին:
Ներե՛ք մեզ, եթե կարող եք, թանկագին մայրեր: Ներե՛ք, որ չենք կարողանում ի սպառ բացառել նման ցավալի դեպքերը: Դուք, հայ ազգի հերոս մայրեր, հպարտ եւ գլուխներդ բարձր պետք է քայլեք Հայաստանում՝ համոզված, որ ձեր զավակները չեն մահացել, այլ, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Ձեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում: Ձեր զավակները պատանիների, երիտասարդների համար օրինակ են լինելու: Հենց նրանց օրինակով ենք մենք կրթում, դաստիարակում մեր պատանեկան, երիտասարդական երկրապահական կառույցների սաներին: Ձեր զավակների հոգիներն այսօր էլ սավառնում են երկնքում եւ նույնիսկ երկնքից երաշխավորում են ձեր, մեր, ամենքիս՝ հայ ազգի անվտանգությունը:
Հավատացած եղե՛ք, ոսոխը հազարապատիկ է հատուցելու իր չարության համար, իր տգեղ արարքների համար: Այսօր էլ հայոց բանակը, ՀՀ եւ Արցախի զինված ուժերը կարողանում են համարժեք հակահարված տալ թուրք ազերուն, կարողանում են ամուր ու անառիկ պահել հայրենյաց սահմանները, բայց նենգաբարո ոսոխի համար գալու է հատուցման դաժան պահը: Մեր հերոս զավակների զոհվելու կապակցությամբ ես ցավակցում եմ ամբողջ հայ ազգին, ցավակցում եմ ՀՀ եւ Արցախի զինված ուժերին՝ շարքայինից, նահատակված հերոսների մարտընկերներից մինչեւ Արցախի ՊԲ հրամանատար եւ Արցախի նախագահ, մինչեւ ՀՀ պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահ: Նաեւ հավաստիացնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, Արցախյան ազատամարտի բոլոր վետերանների անունից, որ պատրաստ ենք ցանկացած պահի, զենքը ձեռքներիս կանգնել պատերազմական առաջնագծում:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ