Օբաման կոչ է արել Էրդողանին զորքը դուրս բերել Իրաքից
Միացյալ Նահանգներն ակնկալում է Թուրքիայից դուրս բերել Իրաքից զորքն ու հարգել այդ երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո, տեղեկացնում է TASS-ը:
Երկու երկրների նախագահները քննարկել են Թուրքիայի ու Իրաքի միջև կոնֆլիկտը, որը ծագել է Թուրքիայի կողմից իր զինծառայողներին Իրաքի հյուսիս ուղարկելուց հետո:
«ԱՄՆ նախագահը կոչ է արել նախագահ Էրդողանին հավելյալ քայլեր ձեռնարկել Իրաքի հետ լարվածության թուլացման նպատակով, այդ թվում՝ շարունակել դուրս բերել զորքը Իրաքից»,- հայտնել են Սպիտակ տան մամլո ծառայությունից:
Օբաման նաև «ընդգծել է Թուրքիայի կողմից Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»:
Երկու պետությունների առաջնորդները պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ ու միակարծիք են, որ Միացյալ Նահանգները, Թուրքիան ու Իրաքը պետք է ձեռնարկեն համատեղ ջանքեր, որպեսզի նվազեցնեն լարվածությունը ու կոորդինացնեն ռազմական գործողությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Օբաման ու Էրդողանը քննարկել են նաև Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ թվում՝ «չափավոր ընդդիմության ամրապնդման ջանքերը», Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցերը:
Հիշեցնենք, որ դեկտոմբերի 4-ին Թուրքիան իր զինծառայողներին ու ռազմական տեխնիկա էր ուղարկել Իրաքի հյուսիս, որտեղ վերջիններս իբր պետք է «մարզեին քուրդ աշխարհազորայիններին ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար»:
Իրաքը Թուրքիայի այդ քայլը որակել է որպես «թշնամական ակտ» ու պահանջել է անհապաղ դուրս բերել զորքն իր տարածքից: