Բաժիններ՝

Միջազգային ճանաչում վայելող իրանահայ Սևրուգյանների բարձրարժեք աշխատանքներն ի պահ են հանձնվել Մատենադարանին

Այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ միջազգային ճանաչում վայելող իրանահայ պալատական լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի և նրա որդու՝ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի աշխատանքների ցուցադրությունը:

2014թ. սեպտեմբերի 9-ին Մատենադարանը համաձայնագիր էր կնքել Գերմանիայում բնակվող Սևրուգյանների ժառանգորդ Էմանուել Սևրուգինի հետ: Ըստ համաձայնագրի՝ երկու արվեստագետների շուրջ 100 աշխատանք նվիրաբերվում էր Մատենադարանին: Այսօր ցուցահանդեսին նախորդող հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին Սևրուգինների ժառանգորդ Էմանուել Սևրուգյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու մտավորականության ներկայացուցիչներ, Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, ասվում էր. «Մատենադարանը հարստացել է բացառիկ արժեք ներկայացնող արվեստի բարձրարժեք գործերով: Այս ամենի հիմքում ընկած են մարդիկ, որոնց նվիրական ցանկությունն է եղել՝ այս աշխատանքներն ի պահ հանձնել Մատենադարան:

Մեծ խորհուրդ ունի այն իրողությունը, որ Մաշտոցյան մատենադարանում՝ հայ ձեռագրական ժառանգության խոշորագույն կենտրոնում են պահպանվում պարսկական և արաբատառ ձեռագրերի հարուստ հավաքածուներ, և ավելի քան վստահ ենք, որ Սևրուգյանների արվեստի գործերի մուտքն այստեղ ոչ միայն հարստացնելու է մեր մշակութային գանձարանը, այլև դրանով նոր էջ է բացվելու համամարդկային մշակույթի և և քաղաքակրթությունների փոխներթափանցումների ուսումնասիրությունների տիրույթում»:

cucahandes

Կարդացեք նաև

Հանդիպմանը ներկա Սևրուգյանների ժառանգը՝ լուսանկարիչ Անթուան Խան Սևրուգինի թոռն ու նրա որդու՝ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի տղան՝ Էմանուել Սևրուգյանը, իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնց օժանդակությամբ բարձրարժեք արվեստի գործերը հանգրվանել են Մատենադարանում. «Ինձ համար ամենամեծ բավարարությունն այն է, որ, ի վերջո, իմ նախնիների ստեղծած արվեստի գործերը կպահպանվեն հենց Հայաստանում և հատկապես՝ Մատենադարանում, չնայած աշխարհի ամեն անկյուններից ամենատարբեր մշակութային թանգարաններ, ֆոնդեր ու ներկայացուցիչներ, և, մանավանդ՝ Պարսկաստանում, ինձ առաջարկում էին իրենց հանձնել այս ժառանգությունը: 2005թ., երբ ես առաջին անգամ Հայաստանում էի և փորձում էի հասկանալ, թե ո՞ր թանգարանին ավելի նպատակահարմար կլինի հանձնել այս աշխատանքները, ինձ ասացին, որ այդ առումով ամենահեղինակավոր կառույցը Մատենադարանն է, և ինձ համար մեծ պատիվ է, որ կարողացանք դեպի Մատենադարան շեղել մեր ձգտումները»:

cucahandes2

Ցուցադրության բացման ընթացքում տեղի ունեցավ նաև Էմանուել Սևրուգյանին Մեսրոպ Մաշտոցի անվան հուշամեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհակալագրով պարգևատրվեց նաև Էռնեստ Լյուդվիգ Դրայզը, ում անմիջական օգնությամբ Հայաստան են տեղափոխվել բարձրարժեք արվեստի գործերը:

Հանդիպման ընթացքում շնորհակալական խոսք ուղղվեց նաև ծրագրի ակունքներում կանգնած Իվեթ Թաջարյանին, ում անմիջական մասնակցությամբ իրականացավ Սևրուգյանների ժառանգի նախաձեռնությունը:

cucahandes1

Իր հիանալի դիմանկարի շնորհիվ՝ Անթուան Խան Սևրուգինը դարձել էր Նասեր էլ Դին շահի պալատի բարձրաստիճան լուսանկարիչը: Նասեր էլ Դին շահի կողմից նա արժանացել է «ԽԱՆ» տիտղոսին և թագավորական «Ծիր ի խուրշիդ» (առյուծի և արևի) ադամանդակուռ շքանշանին:

Անդրե (դերվիշ) Սևրուգյանը ստեղծագործել է 20-րդ դարում և պատկանում է նկարիչների այն սերնդին, որը փորձում էր նորարարություն բերել պարսկական կերպարվեստ: Նրա նկարների թեմաները հիմնականում վերցված են միջնադարյան հռչակավոր պարսիկ բանաստեղծների՝ Ֆիրդուսու, Խայամի, Հաֆեզի, Բաբա Թահերի, ինչպես նաև հայ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, որոնց ձեռագրերից շատերը պահպանվում են Մատենադարանում:

Ցուցադրության ընթացքում այցելուներին ներկայացվեցին նաև «Անթուան Սևրուգին» և «Անդրե Սևրուգյան» ալբոմ-գրքույկները, որտեղ զետեղված են լուսանկարչի և գեղանկարչի աշխատանքները:

Միջազգային ճանաչում ունեցող զույգ արվեստագետների գործերը, որոնք ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում ու թանգարաններում, առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս