«Էրդողանը ստիպված կլինի նահանջել». ռուս թուրքագետը` Պուտինի ուղերձի մասին
«ՆԱՏՕ-ն կզսպի Թուրքիային»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին, անդրադառնալով Դաշնային ժողովին ուղղած Պուտինի ամենամյա ուղերձին, որտեղ ՌԴ նախագահը խոսել է ահաբեկչական սպառնալիքի, ինչպես նաև ողջ աշխարհի ուժերով դրան հակազդելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև մեղադրել Թուրքիային ահաբեկչությանը հովանավորելու մեջ:
Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել է, որ ռուս զինծառայողները, ովքեր մասնակցում են Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարին, «կռվում են հանուն Ռուսաստանի»: Նա հայտարարել է, որ սկսելով ռազմական օպերացիա Սիրիայում՝ ՌԴ-ն ձգտել է կանգնեցնել ահաբեկիչներին իր սահմաններից հեռու:Նրա խոսքով՝ Մերձավոր արևելքի երկրները՝ Լիբիան ու Սիրիան, վերածվել են քաոսի ու անարխիայի գոտու: Պուտինն ասել է. «մենք գիտենք, թե ով է ցանկացել տապալել այդ ռեժիմները», «ով է եփել այդ ճաշը», իսկ հետո «լվացել ձեռքերը»:
Նա ասել է, որ Թուրքիան, որի մեղքով Սիրիայում սպանվեցին ռուս զինվորականները, «լցնում է իր գրպանները»՝ ահաբեկիչներից գնելով անօրինական նավթ՝ հենց այդ գումարով են ահաբեկիչները ահաբեկչություններ կազմակերպում: «Մենք չենք մոռանա ահաբեկիչներին ցուցաբերված օգնության մասին: Դավաճանությունը միշտ համարել ենք ամենաամոթալի ու խայտառակ գործը»,- հայտարարել է նա՝ նշելով, թե Ալլահը որոշել է պատժել թուրքական էլիտային՝ նրան զրկելով «խելամտությունից ու բանականությունից»:«Նրանք դեռ կզղջան իրենց արածի համար»,- հայտարարել է Պուտինը:
Նադեին Ռաևսկին ասաց, որ Պուտինի այդ դիտարկումն ամենևին էլ չի նշանակում, թե լինելու է ռազմական պատասխան Թուրքիային: Ըստ նրա` Ռուսաստանը վստահ է իր ուժերի վրա և ցանկացած պահի կարող է Թուրքիային արժանի հակահարված հասցնել: Սակայն, ըստ նրա, Ռուսաստանը չի ցանկանում հրահրել նոր լարվածություններ Թուրքիայի չտրամաբանող ղեկավարության դեմ: Ռուս թուրքագետի խոսքով, Պուտինի ուղերձի վերոնշյալ հատվածը նշանակում է, որ Ռուսաստանը Սիրիայում չափազանց ուշադիր է լինելու, զգույշ, թույլ չի տալու սադրանքներ, սակայն եթե դրանք անխուսափելի լինեն, Թուրքիան կստանա լուրջ պատասխան:
«Այդ և ոչ միայն այդ նպատակով Ռուսաստանը Սիրիայում ունի անհրաժեշտ տեխնիկան, բացի դրանից ունի այդ տեխնիկայի անվտանգությունն ապահովող զինտեխնիկա, որը տեղափոխվեց Սիրիա վերջերս: Կարծում եմ` սա Ռուսաստանի համար լավագույն երաշխիքն է: Ակնհայտ է, որ լարվածություն պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ Թուրքիային, սակայն Թուրքիան չի կարողանում ներել Ռուսաստանին իր շահերը նվաստացնելու համար»,- մեկնաբանեց թուրքագետը: Նրա համոզմամբ, լարվածություն չի լինի նաև այն պատճառով, որ Թուրքիայի հավակնությունները չունեն Արևմուտքի աջակցությունը:
Հաշվի առնելով ՌԴ-ԱՐևմուտք տարաձայնությունները, նաև լարվածությունը ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում ՆԱՏՕ-ն ևս չի ողջունում Թուրքիայի չհամաձայնեցված քայլերը: Ու կարծում եմ, էրդողանը դա շատ լավ հասկացավ վերջերս, ուստի առաջիկայում ստիպված կլինի փոխել իր քաղաքականությունը, նահանջել, թեև նա դա կփորձի անել աննկատ, քանի որ չի կարող հրապարակային ընդունել իր պարտությունը և սխալը»,- ասաց թուրքագետը: